1951 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ 1979 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ)՝ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 3 մարտի 2006թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1951 թվականի նոյեմբերին ստորագրված (վերանայված 1979 թվականի նոյեմբերին եւ 1997 թվականի նոյեմբերին)՝ Բույսերի միջազգային պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1951 թվականի նոյեմբերին եւ նպատակն է ապահովել բույսերի եւ բուսական արտադրանքի վնասատուների տարածումը եւ ներթափանցումը կանխարգելող ընդհանուր եւ արդյունավետ միջոցառումների իրագործումը եւ դրանց նկատմամբ հսկողության իրականացումը։
2. Կոնվենցիայով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, առանց խախտելու այլ միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները, պատասխանատվություն է ստանձնում իր տարածքում սույն կոնվենցիայով նախատեսված պահանջների կատարման համար։
3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.
- ընդունել կոնվենցիայում նշված օրենսդրական, տեխնիկական եւ վարչական միջոցառումները,
- հնարավորությունների առավելագույն սահմաններում ձեռնարկել միջոցներ՝
ա) բույսերի պաշտպանության ազգային պաշտոնական կազմակերպություն հիմնելու համար,
բ) իր տարածքում հսկվող վնասատուների եւ նրանց կանխարգելման եւ վերահսկման վերաբերյալ տեղեկատվության տարածման համար,
գ) բույսերի պաշտպանության բնագավառում հետազոտությունների եւ ուսումնասիրությունների համար,
դ) ֆիտոսանիտարական կանոնակարգերի մշակման համար,
- համագործակցել մյուս Պայմանավորվող կողմերի հետ համապատասխան տարածքներում բույսերի պաշտպանության տարածաշրջանային կազմակերպություններ ստեղծելու համար եւ այլն։
4. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը համաձայնել են ստեղծել ֆիտոսանիտարական միջոցառումների Հանձնաժողով՝ Միավորված ազգերի կազմակերպության՝ պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության շրջանակներում։
5. Կոնվենցիայով սահմանված են դրա մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի կարգավորման մեխանիզմները։
6. Կոնվենցիան (վերանայված) ուժի մեջ է մտել 2005 թ. հոկտեմբերի 2-ին։ 2006թ. փետրվարի 7-ի դրությամբ կոնվենցիան վավերացրել կամ դրան միացել է 140 պետություն։
7. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 10, 33.2., 48 հոդվածների դրույթներին, քանի որ կոչված են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան ապահովելու մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, նրա առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի իրացումը եւ բխում են «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով եւ այլ միջազգային իրավական փաստաթղթերով այդ բնագավառներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններից։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1951 թվականի նոյեմբերին ստորագրված (վերանայված 1979 թվականի նոյեմբերին եւ 1997 թվականի նոյեմբերին)՝ Բույսերի միջազգային պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
3 մարտի 2006 թվականի
ՍԴՈ - 621