ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՐԱՍԵԿԱ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 մարտի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի ապրիլի 21-ին Բաք- վում ստորագրված՝ «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջեւ ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության համատեղ ֆինանսավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի ապրիլի 21-ին՝ Բաքվում։ Դրա նպատակն է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության գործունեության համատեղ ֆինանսավորման կարգավորումը։

2. Համաձայնագրի համար իրավական հիմք է հանդիսանում Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագիրը, որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1999թ. դեկտեմբերի 28-ին՝ Եվրոպայի, Սեւ ծովի, Կովկասի, Կասպից ծովի եւ Ասիայի տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների եւ առեւտրի զարգացման նպատակով։

Բազմակողմ համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն Միջկառավարական հանձնաժողովի (ՄՀ) կողմից հիմնվում է Մշտական քարտուղարություն (ՄՔ), որի ֆինանսավորման համակարգը, ըստ նույն հոդվածի 3-րդ կետի, հաստատվում է Կողմերի կառավարությունների կողմից։

3. Ըստ համաձայնագրի՝ Կողմերը պարտավորվում են ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ գործունեությունը ֆինանսավորելու նպատակով վճարել անդամավճարներ՝ հավասար բաժնեմասերով։ Կողմերի անդամավճարները որոշվելու են՝ ելնելով գալիք ֆինանսական տարվա համար նախատեսված ծախսերից եւ գալիք ֆինանսական տարում ակնկալվող եկամուտներից (մուտքերից), ինչպես նաեւ նախորդ ֆինանսական տարվա միջոցների մնացորդից (հաշվեկշռից) եւ այլ մուտքերից։

Կողմերի անդամավճարների հաշվին կապահովվեն նաեւ տարեկան բյուջեի ֆինանսական միջոցները, որոնք կներառեն բանկային տոկոսներից, տարադրամային փոխարժեքից առաջացած եկամուտները, կազմակերպություններից եւ նվիրատուներից ստացված դրամաշնորհները՝ եկամտային մասով, եւ Մշտական քարտուղարության ղեկավարության եւ աշխատակիցների վարձատրությունը, գրասենյակային ծախսերը եւ այլ ծախսեր՝ ծախսային մասով։

Բյուջեի նախագիծը մշակվում է Մշտական քարտուղարության կողմից եւ այն, կից բացատրագրի հետ մեկտեղ, ուղարկվում է Կողմերին՝ ՏՐԱՍԵԿԱ ՄՀ հերթական նիստի բացումից ոչ ուշ, քան 3 ամիս առաջ։

Բյուջեի նախագծի վերաբերյալ Կողմերի դիտողությունները ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ են ուղարկվում Մշտական քարտուղարության ազգային քարտուղարների կողմից։

Բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով աուդիտորական խումբը որոշվում է ՏՐԱՍԵԿԱ ՄՀ-ի կողմից։ Աուդիտորական խմբի կազմում ընդգրկվում են ֆինանսների գծով 3 փորձագետներ՝ տարբեր Կողմերից, որոնցից ոչ մեկը նախագահող չի հանդիսանում։

4. Մշտական քարտուղարության նստավայրը տեղակայված է Բաքու քաղաքում։ Կողմերը հաջորդ ֆինանսական տարվա իրենց անդամավճարները փոխանցում են մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, բայց ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ տարվա մարտի 31-ը, այլապես Միջկառավարական հանձնաժողովը համապատասխան որոշումներ է կայացնում։

5. Համաձայնագրի անբաժանելի մաս է հանդիսանում Փոփոխությունների եւ լրացումների մասին արձանագրությունը, որի ուժի մեջ մտնելու կարգն իրականացվում է նույն ձեւով, որով ուժի մեջ է մտնում սույն ֆինանսավորման մասին համաձայնագիրը։

ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հիմնական համաձայնագրի գործողության ժամկետով։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի ապրիլի 21-ին Բաքվում ստորագրված՝ «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջեւ ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության համատեղ ֆինանսավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 մարտի 2006 թվականի
ՍԴՈ - 623

print page Տպել էջը