ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4144 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 14 մարտի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ղարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2006 թվականի հունվարի 27-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4144 AM զարգացման վարկի համաձայնագրում (Աղքատության հաղթահարման աջակցության երկրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2006 թ. հունվարի 27-ին՝ Երեւանում։

Համաձայնագրի նպատակն աճի խթանման եւ աղքատության կայուն կրճատում ձեռք բերելու համար նախատեսված գործողությունների, նպատակների ու քաղաքականության ծրագրին օժանդակելն է, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 14.100.000 (տասնչորս միլիոն հարյուր հազար) հատուկ փոխառության իրավունքների վարկ։

2. Զարգացման միջազգային ընկերակցության կողմից (ԶՄԸ) 1985թ. հունվարի 1-ին ընդունված (2004թ. մայիսի 1-ին փոփոխված) Զարգացման վարկի համաձայնագրերում կիրառվող ընդհանուր պայմանները եւ քննության առարկա համաձայնագրում շարադրված փոփոխությունները կիրառվում են միաժամանակ եւ կազմում վերջինիս բաղկացուցիչ մասը։

Համաձայնագրի մաս են կազմում երկու հավելվածները։

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.

- սահմանված ժամկետներում վարկի չառհանված հիմնական գումարի դիմաց, ինչպես նաեւ վարկի հիմնական գումարից պարբերաբար հանված եւ չմարված գումարներից ԶՄԸ-ին վճարել պարտավորության եւ սպասարկման վճարներ,

- յուրաքանչյուր տարի սկսած 2016 թվականից մինչեւ 2045 թվականը կիսամյակային (մայիսի 1-ին եւ նոյեմբերի 1-ին) մուծումներով մարել վարկի հիմնական գումարը,

- ԶՄԸ-ի հետ կարծիքներ փոխանակել, ինչպես նաեւ նրան ներկայացնել հաշվետվություն՝ Ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված առաջընթացի մասին,

- ԶՄԸ-ի հիմնավորված պահանջի դեպքում նրան տրամադրել վարկային միջոցներին առնչվող տեղեկություններ,

- ԶՄԸ-ի հետ կարծիքներ փոխանակել Ծրագրի խնդիրներն էապես փոխելու ազդեցություն ունեցող միջոցառումների շուրջ։

4. Ինչպես «Աղքատության կրճատման աջակցության վարկ» 3999 AM զարգացման առաջին վարկային համաձայնագրով, այնպես էլ սույն համաձայնագրով տրամադրվող վարկային միջոցներն ուղղվում են պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը եւ չեն կարող օգտագործվել հավելված 1-ով նախատեսված՝ բացառված ծախսերի համար։

5. Համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրության 34 եւ 48 հոդվածների պահանջներից եւ ուղղված են քաղաքացիների կենսապայմանների բարելավմանն ու նպաստում են պետության տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում իրականացվող խնդիրների լուծմանը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի հունվարի 27-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4144 AM զարգացման վարկի համաձայնագրում (Աղքատության հաղթահարման աջակցության երկրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

14 մարտի 2006 թվականի
ՍԴՈ - 624

print page Տպել էջը