2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՏՈԿԻՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 31 մարտի 2006թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հունիսի 8-ին Տոկիոյում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2005թ. հունիսի 8-ին Տոկիոյում՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (այսուհետ՝ ՃՄՀԳ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.
- երաշխավորել, որ ՀՀ քաղաքացիների կողմից ձեռք բերված տեխնիկական ունակությունները եւ գիտելիքները, ինչպես նաեւ տեխնիկական համագործակցության արդյունքում Ճապոնական կողմի տրամադրած սարքավորումները, մեքենաները եւ նյութերը չեն օգտագործվի ռազմական նպատակներով,
- ՃՄՀԳ-ի մշտական ներկայացուցչին, գրասենյակի անձնակազմին, ՃՄՀԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետություն ուղարկված փորձագետներին, ավագ կամավորներին կամ առաքելությունների անդամներին եւ նրանց ընտանիքների անդամներին ազատել բոլոր տեսակի հարկերից, տուրքերից եւ այլ պարտադիր վճարներից,
- ՃՄՀԳ-ի մշտական ներկայացուցչին, գրասենյակի անձնակազմին, ՃՄՀԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետություն ուղարկված փորձագետներին, ավագ կամավորներին կամ առաքելությունների անդամներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրամադրել այն արտոնությունները, որոնք ոչ պակաս բարենպաստ են, քան նրանք, որոնք տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում համանման առաքելություն իրականացնող ցանկացած երրորդ երկրի կամ որեւէ միջազգային կազմակերպության աշխատակիցներին, նրանց ապահովել համապատասխան կենցաղային հարմարություններով եւ բժշկական խնամքով, թույլ տալ մուտք գործել, մեկնել եւ ժամանակավոր բնակվել Հայաստանի Հանրապետությունում իրենց նշանակման ընթացքում, դյուրացնել նրանց գրանցման գործընթացը, իրենց պարտականությունների կատարման համար տրամադրել անձը հաստատող քարտեր,
- ՃՄՀԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետություն ուղարկված փորձագետներին, ավագ կամավորներին կամ առաքելություններին սեփական միջոցներով ապահովել տեղական աշխատակազմով (ներառյալ թարգմանիչները) եւ հայ գործընկերներով, պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ գրասենյակով եւ այլ հարմարություններով, ներառյալ կապի ծառայությունները՝ հոգալով դրանց շահագործման հետ կապված ծախսերը, Հայաստանի Հանրապետությունում հոգալ նրանց ճանապարհածախսը եւ պաշտոնական գրագրության հետ կապված ծախսերը,
- ապահովել ՃՄՀԳ-ի մշտական ներկայացուցչի, գրասենյակի անձնակազմի, փորձագետների, ավագ կամավորների, առաքելությունների անդամների անվտանգությունը, ստանձնել նրանց դեմ ծագող բոլոր պահանջները, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ եւ Ճապոնիայի կառավարությունները համաձայնության կգան, որ այդ պահանջները ծագել են նրանց կողմից դրսեւորված անուշադրության կամ դիտավորության հետեւանքով,
- ՃՄՀԳ-ի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված սարքավորումները, մեքենաները եւ նյութերը (ներառյալ դրանց տեղական ձեռքբերման դեպքում) ազատել բոլոր տեսակի հարկերից, տուրքերից եւ այլ պարտադիր վճարներից, հոգալ Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց տեղափոխման, պահպանման եւ վերանորոգման ծախսերը:
3. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ դրա ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի եւ գործողության դադարեցման վերաբերյալ։
4. Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով՝ անգլերենով։
5. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները կոչված են ապահովելու Կողմերի միջեւ հարաբերությունների զարգացումը ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի հունիսի 8-ին Տոկիոյում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
31 մարտի 2006 թվականի
ՍԴՈ - 626