2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՋԱԿԱՐՏԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 31 մարտի 2006թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ղարայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հոկտեմբերի 12-ին Ջակարտայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրն ստորագրվել է 2005թ. հոկտեմբերի 12-ին Ջակարտայում՝ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու նպատակով։
2. Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում արձանագրությունը, որով ճշգրտվում եւ պարզաբանվում են համաձայնագրի առանձին դրույթներ։
3. Համաձայնագիրը կիրառվում է յուրաքանչյուր Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորների կամ իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված եկամուտների եւ գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից։ Համաձայնագրով եկամուտների եւ գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի եւ գույքի կամ եկամտի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր տեսակի հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամտի հավելաճի, ձեռնարկությունների վճարած աշխատավարձի ընդհանուր գումարի, ինչպես նաեւ գույքի արժեքի հավելաճի նկատմամբ հարկերը։
4. Համաձայնագրով սահմանվում են Կողմերից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց հարկման ենթակա եկամուտների տեսակները՝ անշարժ գույքից ստացված եկամուտը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը, ծովային եւ օդային փոխադրումներից ստացված շահույթը, զուգորդված ձեռնարկությունների շահույթները, շահաբաժինները, տոկոսները, ռեզիդենտին վճարվող ռոյալթին, անշարժ եւ շարժական գույքի օտարումից ստացված եկամուտը, անկախ եւ կախյալ անհատական ծառայությունների մատուցումից առաջացող եկամուտները, տնօրենների հոնորարները, արվեստի գործիչների եւ մարզիկների եկամուտը, կենսաթոշակները, պետական ծառայության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց ստացված վարձատրությունը, ուսանողների եւ ստաժորների ստացած վճարումները, ուսուցիչների եւ հետազոտողների ստացած վարձատրությունները։
Վերոհիշյալ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության եւ Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունները ձեռք են բերում համապատասխան իրավունքներ եւ պարտավորություններ, որոնք դրսեւորվում են նրանում, որ Կողմերը պետք է ձեռնպահ մնան Կողմերից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավունքը համաձայնագրով վերապահված է մյուս Պայմանավորվող կողմին։
5. Պայմանավորվող կողմերը համաձայնագրով ստանձնում են նաեւ հետեւյալ պարտավորությունները.
- կրկնակի հարկումը բացառելու նպատակով թույլատրել մյուս Կողմի ռեզիդենտի եկամտահարկի կամ գույքահարկի նվազեցում այդ մյուս պետությունում վճարված եկամտահարկին կամ գույքահարկին հավասար գումարի չափով,
- ապահովել իրենց քաղաքացիներին եւ ձեռնարկություններին հավասար հարկման պայմաններ մյուս Պայմանավորվող պետության քաղաքացիների եւ ձեռնարկությունների համար,
- ապահովել, որպեսզի Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակեն այնպիսի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է համաձայնագրում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար,
- աջակցություն ցուցաբերել մյուս Կողմին հավաքելու նրա կողմից սահմանված հարկերը,
- ճանաչել դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անդամների՝ միջազգային իրավունքի ընդհանուր կանոններով կամ հատուկ համաձայնագրերով սահմանված հարկային արտոնությունները։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի հոկտեմբերի 12-ին Ջակարտայում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
31 մարտի 2006 թվականի
ՍԴՈ - 627