2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱ- ԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 31 մարտի 2006թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ղարայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2005 թվականի դեկտեմբերի 6-ին Կահիրեում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագրի նպատակը՝ երկու Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների եւ գույքի կրկնակի հարկման բացառումն է եւ այդ անձանց կողմից հարկերի վճարումից խուսափելը կանխելը։
2. Համաձայնագիրը կիրառվում է այն եկամուտների եւ գույքի հարկերի նկատմամբ, որոնք սահմանվում են պայմանավորվող պետությունների կամ նրանց իշխանության տեղական մարմինների կողմից՝ անկախ դրանց գանձման եղանակից։
Ըստ համաձայնագրի՝ եկամտից եւ գույքից գանձվող հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի կամ առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարման արդյունքում արժեքի հավելաճի, ձեռնարկությունների կողմից վճարված աշխատավարձի ընդհանուր գումարի, ինչպես նաեւ գույքի արժեքի հավելաճի նկատմամբ հարկերը:
3. Համաձայնագիրը սահմանում է կիրառման ենթակա կոնկրետ հարկատեսակները։ Մասնավորապես, համաձայնագիրը կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող շահութահարկի, եկամտահարկի, գույքահարկի եւ հողի հարկի, իսկ Եգիպտոսի Արաբական Հանրապետության պարագայում՝ ֆիզիկական անձանց եկամուտների, այն է՝ աշխատավարձերի, առեւտրային եւ արդյունաբերական, մասնագիտական գործունեությունից ստացված եկամուտների, անշարժ գույքից ստացված եկամտի նկատմամբ, ինչպես նաեւ իրավաբանական անձանց շահույթի, պետության ֆինանսական ռեսուրսների օգտագործման տուրքի եւ լրացուցիչ հարկերի նկատմամբ, ցանկացած նույնական կամ համանման հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն համաձայնագրի ստորագրումից հետո:
4. Համաձայնագրով սահմանվում են պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց՝ հարկման ենթակա եկամուտների տեսակները՝ անշարժ գույքից ստացած եկամուտներ, ձեռնարկատիրական գործունեությունից շահույթ, ձեռնարկության՝ միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացած շահույթ, զուգորդված (ասոցացված) ձեռնարկությունների շահույթ, մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժիններ, մի Պայմանավորվող պետությունում առաջացող եւ մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսներ, մի Պայմանավորվող պետությունում առաջացող եւ մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթի, անշարժ եւ շարժական գույքի օտարումից ստացված եկամուտներ, անկախ եւ կախյալ անհատական ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներ, տնօրենների հոնորարներ եւ բարձրաստիճան ղեկավար պաշտոնատար անձանց վարձատրություններ եւ այլ համանման վճարումներ, մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող պետությունում որպես թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստ կամ երաժիշտ կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտներ, վճարված կենսաթոշակներ եւ համանման այլ վճարումներ, Պայմանավորվող պետության իշխանության տեղական մարմնի համակարգից կատարված այլ վճարումներ, այդ պետությանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված՝ կենսաթոշակից տարբեր վարձատրություն, ուսանողների, փորձնակների, պրոֆեսորների, ուսուցիչների, հետազոտողների վարձատրություններ, այլ եկամուտներ, անշարժ եւ շարժական գույք, որոնց կապակցությամբ էլ պայմանավորվող պետությունները ձեռք են բերում համապատասխան իրավունքներ եւ պարտականություններ, որոնք դրսեւորվում են նրանում, որ մի Պայմանավորվող պետությունը պարտավորություն է ստանձնում ձեռնպահ մնալ պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավասությունը համաձայնագրով վերապահված է մյուս Պայմանավորվող պետությանը, եւ՝ հակառակը։ Ընդ որում, համաձայնագրի 25 հոդվածին համապատասխան՝ Կողմերն իրենց պարտավորությունները կկատարեն անխտրական սկզբունքով:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության սկզբունքով, ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.
- ձեռնպահ մնալ մյուս Կողմի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավունքը համաձայնագրով վերապահված է մյուս Կողմին,
- չհարկել այն ուսանողի կամ փորձնակի ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացված վճարումները, ով հանդիսանում է կամ անմիջապես մինչեւ Հայաստանի Հանրապետություն ժամանելը հանդիսացել է մյուս Կողմի ռեզիդենտ եւ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով,
- Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո 2 տարին չգերազանցող ժամանակահատվածում մյուս Կողմի այն ռեզիդենտին, որը ժամանել է ուսումնական կամ գիտահետազոտական հաստատության հրավերով, չհարկել ուսուցման կամ հետազոտման դիմաց ստացված վարձատրությունը,
- թույլատրել մյուս Կողմի ռեզիդենտի եկամտահարկի կամ գույքահարկի նվազեցում՝ մյուս Կողմում վճարված եկամտահարկին կամ գույքահարկին հավասար գումարի չափով,
- ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին ՀՀ համապատասխան հարկային օրենսդրության մեջ կատարված ցանկացած էական փոփոխության մասին,
- մյուս Պայմանավորվող կողմի պետության անձանց Հայաստանի Հանրապետությունում չենթարկել այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց միեւնույն հանգամանքների դեպքում ենթարկվում կամ կարող են ենթարկվել ՀՀ ազգային անձինք,
- ճանաչել դիվանագիտական եւ հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների՝ միջազգային իրավունքի ընդհանուր կանոններով կամ հատուկ համաձայնագրերով սահմանված հարկային արտոնությունները։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2005 թվականի դեկտեմբերի 6-ին Կահիրեում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
31 մարտի 2006 թվականի
ՍԴՈ - 628