2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ, ՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ, ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ՝ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 16 մայիսի 2006թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2006 թվականի մարտի 27-ին Վաշինգտոնում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը գործում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով, միջեւ կնքված՝ «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագրի կնքումը նպատակ է հետապնդել տնտեսական աճի խթանման միջոցով նպաստել Հայաստանում աղքատության կրճատմանը: Այն իրագործելու համար ԱՄՆ կառավարությունը՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով, համաձայնագրի գործողության 5 տարվա ժամկետում, ՀՀ կառավարությանը պետք է տրամադրի դրամաշնորհ՝ 235.650.000 ԱՄՆ դոլար գումարի չափով, որը կծախսվի համաձայնագրի 1-ին հավելվածում նկարագրված ծրագրերի իրականացման նպատակով, այն է.
- գյուղական ճանապարհների վերականգնում (շուրջ 943 կմ ընդհանուր երկարությամբ, որից մինչեւ 321 կմ՝ հանրապետական նշանակության եւ մինչեւ 622 կմ՝ համայնքային նշանակության, ինչպես նաեւ թվով 19 կամուրջների եւ ճանապարհային անվտանգության համակարգի բարելավում)՝ ծրագրային այնպիսի ծավալով, որի ընդհանուր նկարագիրը տրված է համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին առդիրում,
- ոռոգման համակարգի զարգացում, մասնավորապես՝ ոռոգվող տարածքների ավելացում, գյուղացիական տնտեսություններին ջրի մատակարարման ընդհանուր արդյունավետության բարձրացում եւ այդ բնագավառում կառավարչական կարողությունների հզորացում, ջրօգտագործողների վերապատրաստում, տեխնիկական աջակցություն ու վարկավորում՝ ծրագրային այնպիսի ծավալով, որի ընդհանուր նկարագիրը տրված է համաձայնագրի 1-ին հավելվածի 2-րդ առդիրում:
2. Համաձայնագրի շրջանակներում նախատեսված բազմամյա (հնգամյա) ֆինանսավորման ամփոփ պլանը նկարագրված է 2-րդ հավելվածում (առդիր «Ա»), համաձայն որի՝ գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրականացման նպատակով նախատեսված է 67.10 մլն ԱՄՆ դոլար, ոռոգման համակարգերի զարգացման նպատակով՝ 145.67 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ մոնիտորինգի եւ գնահատման նպատակով՝ 5.08 մլն ԱՄՆ դոլար եւ իրականացվելիք ծրագրերի վարչարարության ու վերահսկման նպատակով՝ 17.79 մլն ԱՄՆ դոլար:
3. Համաձայնագրի 5.4 բաժնում թվարկված են այնպիսի պայմաններ, որոնց առկայության դեպքում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան գրավոր տեղեկացմամբ կարող է առկախել կամ դադարեցնել համաձայնագրի կատարումը եւ ծրագրի ֆինանսավորումը:
Համաձայնագրով նախատեսված ծրագրային միջոցառումներից ակնկալվող արդյունքները եւ դրանց գնահատման չափանիշները (ցուցանիշների աղյուսակը) սահմանված են համաձայնագրի 3-րդ հավելվածում:
4. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, հետեւաբար, նաեւ՝ նախատեսված ծրագրային ֆինանսավորումը պայմանավորված են համաձայնագրի 4 հոդվածում նախատեսված մի շարք պայմանների առկայությամբ, ինչպիսիք են՝ 4.1, 4.2 բաժիններում թվարկված համաձայնագրերի ստորագրումը, գրավոր տեղեկանքների ներկայացումը եւ այլ նախապայմաններ:
5. Համաձայնագրի Կողմերի ներկայացուցչությունը ծրագրերի իրագործման ողջ ընթացքում իրականացվելու է 5.2 բաժնում նախատեսված պայմաններով: Ընդ որում, ԱՄՆ կառավարության անունից հանդես եկող «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի՝ ՀՀ-ում գործող աշխատակիցները եւ նրանց ընտանիքների անդամները համաձայնագրով նախատեսված իրենց պարտականությունների կատարման ընթացքում օգտվելու են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961թ. ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված արտոնություններից եւ անձեռնմխելիությունից:
6. Համաձայնագրի մի շարք դրույթներով նախատեսված է ծրագրային միջոցառումների կատարման կառավարման եւ վերահսկման ընդլայնված համակարգ: Մասնավորապես, 1-ին հավելվածի 3-րդ կետին համապատասխան ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հսկողության եւ ծրագրային կառավարման գործառույթներ պետք է իրականացնեն սահմանված կարգով եւ կազմով ձեւավորված «Կառավարող խորհուրդը», «Կառավարման միավորը» եւ «Շահագրգիռ կողմերի հանձնաժողովը»:
Որպես համաձայնագրի կատարման անհրաժեշտ պայման կարեւորված է ծրագրի կատարման հրապարակայնությունը: Այդ նպատակին է ծառայելու նաեւ ծրագրի իրականացմանը հասարակության անդամների մասնակցությունը:
Ծրագրի պատշաճ եւ արդյունավետ կառավարման նպատակով՝ համաձայնագրով նախատեսված է նաեւ մրցակցային սկզբունքով անկախ կառավարչի ընտրության եւ ֆինանսական գործակալներ ներգրավելու հնարավորություն, իսկ 3.8 բաժնում նախատեսված է բազմակողմ հաշվեքննության (աուդիտի) իրականացման ընթացակարգ: Բացի դրանից, ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 13-ի թիվ 487-Ն որոշմամբ ստեղծվել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ - Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որն ընդհանուր պատասխանատվություն է կրելու ծրագրի իրականացման համար:
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է հետեւյալ հիմնական պարտավորությունները.
- համաձայնագրի ժամկետի ավարտի կամ դադարեցման դեպքում վերադարձնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (այսուհետ՝ ՀՄԿ) կողմից տրված այն գումարները, որոնք դեռեւս չեն ծախսվել (համաձայնագրի 2.1 բաժնի (ii) ենթակետ),
- ապահովել թույլատրված հաշվին ՀՄԿ-ի ֆինանսավորման գումարների վրա հաշվեգրված ցանկացած տոկոսային կամ այլ եկամուտ եւ դրանք հաշվեգրել 1-ին հավելվածում կամ այլ ցանկացած համապատասխան լրացուցիչ համաձայնագրում սահմանված հաշվեգրված տոկոսային եկամտի հաշվարկման պահանջների համաձայն։ Եռամսյակային ժամանակահատվածով եւ համաձայնագրի ժամկետը լրանալու կամ դադարեցնելու պահին ապահովել ամբողջ հաշվեգրված տոկոսային եկամտի վերադարձը ՀՄԿ-ի կողմից նշված հաշվին (համաձայնագրի 2.1 բաժնի (c) կետ),
- ցանկացած հարկերից, տուրքերից եւ պարտադիր այլ վճարներից ազատել ծրագիրը, ծրագրային բոլոր ակտիվները, ՀՄԿ-ի ֆինանսավորումը, հաշվեգրված տոկոսային եկամուտը, ներառյալ՝ ցանկացած աշխատանք կամ գործունեություն, որը կատարվում է համաձայնագրին համապատասխան ՀՄԿ-ի ցանկացած միջոցներից ֆինանսավորվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից (ներառյալ՝ կապալառուները եւ դրամաշնորհ ստացողները) (համաձայնագրի 2.2 բաժնի (m) ենթակետ),
- վերադարձնել վճարված հարկի գումարները, եթե ՀՄԿ-ի միջոցներից վճարվել են հարկեր (համաձայնագրի 2.2 բաժնի (iii) կետ),
- ապահովել ՀՄԿ-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների, դրանց վրա հաշվեգրվող տոկոսների, ինչպես նաեւ ծրագրի ակտիվների հնարավոր ծանրաբեռնվածության վերացումը (համաձայնագրի 2.2 բաժին),
- ծրագրում ընդգրկված ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ չհանդիսացող անձանց եկամտահարկը եւ սոցիալական ապահովության վճարները, նրանց անձնական գույքն ազատել գանձումներից (համաձայնագրի 2.2 բաժնի 3-րդ կետ),
- պետական բյուջեից ՀՄԿ-ին վճարել վերջինիս ֆինանսավորման կամ հաշվեգրված տոկոսային եկամտի սխալ օգտագործված գումարը կամ սխալ օգտագործված ծրագրի ակտիվի արժեքի դրական համարժեքը եւ դրանց տոկոսները, եթե ՀՄԿ-ի ֆինանսավորման, հաշվեգրված տոկոսային եկամտի եւ ծրագրի ակտիվների որեւէ մասն օգտագործվի համաձայնագրով արգելված նպատակով կամ համաձայնագրի պայմանների խախտումով (համաձայնագրի 2.5 բաժնի (i) կետ),
- անհապաղ վերադարձնել ՀՄԿ-ի ֆինանսավորման գումարները եւ դրանց տոկոսները, եթե համաձայնագիրն ամբողջությամբ կամ դրա մի մասը դադարի գործելուց։ Համաձայնագրի գործողությունը լրիվ կամ մասամբ դադարեցվելու դեպքում վերադարձնել միայն հատկացված այն գումարները եւ հաշվեգրված տոկոսները, որոնք կապված են համաձայնագրի չգործող նորմերի հետ (համաձայնագրի 2.5 բաժնի (ii) կետ),
- ապահովագրել բոլոր ծրագրային ակտիվները՝ համաձայնագրի 3.9 բաժնում սահմանված պայմաններին համապատասխան,
- ծրագրի ակտիվների մասնակի գնված լինելու դեպքում փոխհատուցել դրանց դրամական համարժեքը, եթե ՀՄԿ-ն կարգադրել է ծրագրի ակտիվների սեփականության փոխանցում ՀՄԿ-ին (համաձայնագրի 5.4 բաժնի (g) կետ),
- ՀՄԿ-ի աշխատակիցներին կամ կորպորացիայի կողմից ներգրավված անձանց ու նրանց ընտանիքների անդամներին տրամադրել այնպիսի արտոնություններ եւ անձեռնմխելիություն, որպիսիք տրամադրվում են դիվանագիտական ծառայողներին՝ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն (համաձայնագրի բաժին 5.5),
- բյուջեից փոխհատուցել ՀՄԿ-ին եւ նրա ցանկացած աշխատակցի եւ նրա հետ փոխկապված անձի կամ կապալառուի ցանկացած վնասը, որը ծագել է ՀՀ կառավարության անփութության կամ կամավոր սխալ գործողության hետեւանքով եւ կապված է համաձայնագրի իրականացման համար կատարվող որեւէ գործողության հետ (համաձայնագրի բաժին 5.8)։
8. Բացի վերոհիշյալ պարտավորություններից, համաձայնագրի մի շարք դրույթներով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է բավարար ֆինանսական միջոցներ տրամադրել, իրավական բա- րենպաստ պայմաններ ստեղծել ծրագրով նախատեսված միջոցառումների շարունակականությունը եւ համաձայնագրի ավարտից հետո դրանց ազդեցության կայուն պահպանումը, ինչպես նաեւ ծրագրի իրականացման շրջանակներում բնապահպանական եւ սոցիալական կայունությունն ապահովելու ուղղությամբ:
9. Համաձայնագրով նախատեսված են նաեւ այլ դրույթներ՝ Կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու, ինչպես նաեւ դրանցում փոփոխություններ կատարելու, վերանայելու եւ համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի մարտի 27-ին Վաշինգտոնում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը գործում է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով, միջեւ կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 մայիսի 2006 թվականի
ՍԴՈ - 634