ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 2 հունիսի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2006 թվականի ապրիլի 25-ին Թբիլիսիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրը նպատակ ունի Կողմերի օրենսդրությանը համապատասխան նպաստել ավտոմոբիլային հաղորդակցության բնագավառում համագործակցությանը, Կողմերի տարածքներով տարանցման, ինչպես նաեւ դեպի երրորդ պետություններ կամ երրորդ պետություններից ուղեւորների եւ բեռների՝ երկկողմ եւ տարանցիկ ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացմանը, այդ նպատակների համար սահմանելով նշված փոխադրումների իրականացման կարգ:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 1997թ. մայիսի 3-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրը եւ 2005թ. սեպտեմբերի 29-ի՝ «1997թ. մայիսի 3-ին Երեւան քաղաքում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

2. Համաձայնագրի շրջանակներում նախատեսված փոխադրումները պետք է իրականացվեն միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության համար նախատեսված ճանապարհներով՝ Կողմերից մեկի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով:

3. Համաձայնագրի 3, 4, 5 եւ 6 հոդվածներով նախատեսված են փոխադրումների հետեւյալ տեսակները.

- կանոնավոր ուղեւորափոխադրումներ,

- ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ,

- բեռնափոխադրումներ,

- վտանգավոր բեռների փոխադրումներ:

Կանոնավոր ուղեւորափոխադրումների համար նախատեսված է թույլտվության ընթացակարգ՝ Կողմի իրավասու պետական մարմնին նախօրոք ներկայացված հայտի հիման վրա: Առանց թույլտվության նախատեսված է իրականացնել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում, ինչպես նաեւ՝ բեռնափոխադրում: Հատուկ թույլտվություն է նախատեսված վտանգավոր (զենք, զինամթերք, ռադիոակտիվ եւ այլ նյութեր) բեռնափոխադրումների, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի սահմանված կշռի եւ եզրաչափքերի գերազանցման դեպքերում:

4. Համաձայնագրի 8 հոդվածին համապատասխան Կողմերի տարածքներում սահմանված կարգով գրանցված տրանսպորտային միջոցները, փոխադարձության սկզբունքով, ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված հարկերից կամ գանձումներից ու տուրքերից, բացառությամբ՝ այլընտրանքային անվճար ճանապարհների առկայության դեպքում վճարովի ճանապարհների օգտագործման, ինչպես նաեւ ազգային օրենսդրությամբ նախատեսված ավտոտրանպորտային միջոցի առավելագույն կշռի, չափերի, բեռնվածության գերազանցման դեպքերի:

5. Համաձայնագրում սահմանված ավտոմոբիլային հաղորդակցության կանոնների խախտման դեպքերում Կողմերը պարտավորվել են ձեռնարկել ազգային օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ եւ իրազեկել միմյանց:

6. Համաձայնագրի դրույթների մեկնաբանման եւ կատարման նպատակով նախատեսված է ստեղծել Կողմերի իրավասու մարմինների մասնակցությամբ խառը հանձնաժողով:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի ապրիլի 25-ին Թբիլիսիում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 հունիսի 2006 թվականի
ՍԴՈ - 637

print page Տպել էջը