ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 հունիսի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Վ. Հովհաննիսյանի, Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցությունում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական եւ կազմակերպական պայմանների ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2006 թվականի մայիսի 29-ին։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա բազմակողմ համաձայնագիրն ստորագրվել է 2005թ. հոկտեմբերի 12-ին Մոսկվայում՝ ԱՊՀ տարածքում միջպետական լիզինգային գործունեության խթանման, ԱՊՀ մասնակից պետություններում տեխնիկայի եւ սարքավորումների փոխշահավետ լիզինգի համար արդյունավետ, հավասար եւ միջազգային լիզինգի համաշխարհային փորձին համապատասխանող իրավական պայմանների ստեղծման նպատակով։

2. Համաձայնագրի շրջանակներում Հայկական կողմը պարտավորվում է.

- ազգային օրենսդրության շրջանակներում նախատեսել իրավական, ֆինանսական եւ կազմակերպական բարենպաստ պայմաններ միջպետական լիզինգի զարգացման եւ լայն կիրառման համար,

- լիզինգային գործունեության բնագավառում ազգային օրենսդրության ներդաշնակեցման եւ միասնականացման ընթացքում օգտագործել «Լիզինգի մասին» մոդելային օրենքի նորմերը,

- երաշխավորել իր տարածքում միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտների համար իրավական պաշտպանություն,

- ապահովել միջպետական լիզինգի առարկաների գույքային անձեռնմխելիությունը՝ ազգային օրենսդրությանը համապատասխան,

- խրախուսել առեւտրային կառույցների, բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցների համախմբումը,

-քայլեր ձեռնարկել լիզինգային գործունեության համար տնտեսական պայմանների, հարկման կարգի եւ մաքսային ձեւակերպումների օպտիմալացման ուղղությամբ,

- սատարել միջպետական լիզինգի զարգացմանը, ինչպես նաեւ վերջինիս ենթակառուցվածքի՝ ինքնաֆինանսավորման սկզբունքներով ձեւավորման ապահովմանը,

- աջակցել ԱՊՀ-ում լիզինգային գործունեության վիճակագրական դիտարկումներին, տնտեսավարող սուբյեկտների եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների միջեւ լիզինգային գործունեության հարցերով տեղեկատվության ազատ փոխանակմանը։

Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից։

Համաձայնագրում սահմանվում են վերջինիս ուժի մեջ մտնելու կարգը եւ գործողության ժամկետը, դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, վեճերի լուծման, ինչպես նաեւ դրան միանալու եւ դրանից դուրս գալու կարգը։

3. Համաձայնագրի միտումը՝ ստեղծելու եւս մեկ գրավական՝ լիզինգային գործունեության մեջ ընդգրկված սուբյեկտների սեփականության իրավունքի պաշտպանության համար, միանգամայն համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ բխում է դրա 8 հոդվածից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցությունում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական եւ կազմակերպական պայմանների ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 հունիսի 2006 թվականի
ՍԴՈ - 638

print page Տպել էջը