1980 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 16 հունիսի 2006թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագայում ստորագրված՝ Արդարադատության միջազգային մատչելիության մասին կոնվենցիայում (կից վերապահումներով եւ հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Կոնվենցիայի նպատակն է մասնակից պետությունների քաղաքացիներին եւ դրանց տարածքներում սովորաբար բնակվող անձանց իրավական օգնություն տրամադրելու միջոցով դյուրացնել արդարադատության միջազգային մատչելիությունը։
Ըստ կոնվենցիայի՝ նշված անձանց՝ յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում քաղաքացիական եւ առեւտրային գործերով դատական ընթացակարգերում իրավական օգնություն տրամադրվում է ազգային ռեժիմով։
Իրավական օգնության վերաբերյալ ներկայացված դիմումներն ստանալու եւ ընթացք տալու համար մասնակից պետությունները պետք է ստեղծեն ինստիտուցիոնալ կառույց՝ Կենտրոնական մարմին։
Իրավական օգնության համար դիմումները փոխանցվում են առանց որեւէ այլ իրավասու մարմնի միջամտության՝ կոնվենցիայով նախատեսված նմուշի ձեւով կամ դիվանագիտական ուղիներով։ Իրավական օգնության համար դիմումների փոխանցման, ընդունման կամ դրանց վերաբերյալ որոշում կայացնելու համար որեւէ վճարում չի կատարվում։ Նշված դիմումները պետք է քննարկվեն անհապաղ։
Կոնվենցիան առանձնացնում է այն կոնկրետ իրավահարաբերությունները, որոնց առնչությամբ միայն մասնակից պետությունները կարող են հայտարարությամբ հանդես գալ կամ վերապահում անել։
Համաձայն կոնվենցիայի՝ այն իրավահարաբերություններ կառաջացնի միացած պետության եւ միայն այն Պայմանավորվող պետությունների միջեւ, որոնք սահմանված կարգով առարկություններ չեն ներկայացրել նրա միանալու դեմ։
Կոնվենցիան ունի հավելվածներ։
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի վերաբերյալ ներկայացրել է հայտարարություն եւ վերապահում։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագայում ստորագրված՝ Արդարադատության միջազգային մատչելիության մասին կոնվենցիայում (կից վերապահումներով եւ հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 հունիսի 2006 թվականի
ՍԴՈ - 639