ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ՓԱՐԻԶՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 26 սեպտեմբերի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Փարիզում միջազգային անասնահամաճարակային բյուրո ստեղծելու մասին միջազգային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու մասին։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Մովսիսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Փարիզում միջազգային անասնահամաճարակային բյուրո ստեղծելու մասին համաձայնագիրն ստորագրվել է 1924 թվականի հունվարի 25-ին՝ Փարիզում։ Բյուրոն գործում է պայմանավորվող պետությունների կառավարությունների պատվիրակներից բաղկացած կոմիտեի խնամակալության եւ հսկողության ներքո։ Կոմիտեի կազմը եւ նրա գործառույթները, ինչպես նաեւ բյուրոյի կառուցվածքը եւ լիազորությունները սահմանված են կազմակերպչական կանոնադրությունում, որը համարվում է համաձայնագրի անբաժան մասը։ Կազմակերպչական կանոնադրությամբ սահմանվում են նաեւ բյուրոյի հիմնական խնդիրները։

Ըստ համաձայնագրի, բյուրոյի ստեղծման եւ նրա տարեկան ծախսերը ծածկվում են պայմանավորվող պետությունների անդամավճարներով։

Համաձայնագիրը չստորագրած պետություններն իրենց դիմումի համաձայն կարող են միանալ դրան։

Յուրաքանչյուր երկրի համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման փաստաթղթի ներկայացման պահից։

Համաձայնագիրը կնքվում է 7 տարի ժամկետով։ Սահմանված է նաեւ ժամկետի հետագա երկարացման կարգը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Փարիզում միջազգային անասնահամաճարակային բյուրո ստեղծելու մասին միջազգային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26 սեպտեմբերի 1997 թվականի
ՍԴՈ - 64

print page Տպել էջը