ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԹՌՉՆԱԳՐԻՊԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 23 հունիսի 2006թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

>դռնբաց նիստում քննեց «2006 թվականի հունիսի 7-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ֆինանսավորման համաձայնագրում (Թռչնագրիպին հակազդելու ծրագիր) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրվել է 2006թ. հունիսի 7-ին՝ Երեւանում։

>2. Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը (Ընկերակցություն) Թռչնագրիպին հակազդելու ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակով, համաձայնագրում նշված պայմաններով եւ ժամկետներում Հայաստանի Հանրապետությանը (վարկառու) տրամադրում է չորս միլիոն չորս հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (4.400.000 ՓՀԻ) գումարի վարկ։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ ընտանի թռչունների շրջանում բարձր ախտածին թռչնագրիպի (ԲԱԹ) վարակով եւ կենդանիների այլ հիվանդություններով մարդկանց համար առաջացած վտանգը նվազեցնելու եւ մարդկանց միջավայրում գրիպի պանդեմիայի ու վարակիչ այլ հիվանդությունների բռնկումների հսկողությանը եւ արձագանքմանը պատրաստվելու ուղղությամբ։ Ծրագրի ֆինանսավորմանն օժանդակելու համար Ճապոնիայի կառավարությունը հատկացնում է 803.900 ԱՄՆ դոլար գումարի դրամաշնորհ։

Վարկի մարումը պետք է իրականացվի 2016թ. հունիսի 15-ից մինչեւ 2045թ. դեկտեմբերի 15-ը։

3. Համաձայնագիրն ունի 3 հավելված, որոնք վերաբերում են համապատասխանաբար՝ վարկի միջոցներից առհանմանը, Ծրագրի նկարագրությանը, իրականացմանը, գնումներին, կատարված աշխատանքների ուսումնասիրությանը, հաշվետվություններին եւ վարկի վերադարձման ժամանակացույցին։

Համաձայն երկրորդ հավելվածի՝ Ծրագիրը պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունները, ինչպես նաեւ Թռչնագրիպին հակազդելու միջգերատեսչական հանձնաժողովը։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2009թ. հուլիսի 31-ին։

4. Համաձայնագրով վարկառուն պարտավորվում է օգտագործված վարկային միջոցների դիմաց մուծել տարեկան 0,75 %-ի չափով սպասարկման վճար, իսկ չօգտագործված միջոցների դիմաց՝ մինչեւ 0,5%-ի չափով պարտավճար։

Վարկառուն միաժամանակ պարտավորվում է վարել ֆինանսական կառավարման համակարգ եւ պատրաստել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական հաշվետվություններ, Ընկերակցությանը ներկայացնել հաշվետվություն Ծրագրի իրականացման եւ դրա նպատակների իրագործման գնահատման ու մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի հունիսի 7-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ֆինանսավորման համաձայնագրում (Թռչնագրիպին հակազդելու ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

23 հունիսի 2006 թվականի
ՍԴՈ - 640

print page Տպել էջը