ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 11 հուլիսի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի25 , 38«63 եւ 72 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «1993 թվականի մայիսի 29-ին Հաագայում ստորագրված՝ Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն կոնվենցիան ստորագրվել է 1993թ. մայիսի 29-ին՝ Հաագայում։ Այն ուժի մեջ է մտել 1995թ. մայիսի 1-ին։ Հայաստանի Հանրապետությունը չի անդամակցում Միջազգային մասնավոր իրավունքի Հաագայի կոնֆերանսին եւ չի մասնակցել այդ կազմակերպության տասնյոթերորդ նստաշրջանի աշխատանքներին (որի ընթացքում ընդունվել է կոնվենցիան) եւ չի ստորագրել կոնվենցիան։ Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միանում է այդ կոնվենցիայի 44 հոդվածին համապատասխան։

Կոնվենցիայի նպատակն է օտարերկրյա որդեգրումն իրականացնելիս երեխայի առավելագույն շահերի ապահովումը, միջազգային համագործակցության համակարգի ստեղծումը, ինչպես նաեւ մասնակից պետություններում որդեգրումների փոխադարձ ճանաչումը։

2. Կոնվենցիային համապատասխան՝ այն միանալու է ներկայացվում Հայաստանի Հանրապետության հայտարարություններով, ըստ որոնց որդեգրումը կարող է իրականացվել կոնվենցիայի 22 հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինչպես նաեւ ՀՀ-ն պարտավորված չէ 39 հոդվածի 2-րդ կետի հիման վրա իրականացված որդեգրումների ճանաչման առումով։

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.

- կոնվենցիայի դրույթների կատարման համար նշանակել կենտրոնական մարմին, որի մասին անհրաժեշտ տեղեկությունները հաղորդվում են կոնվենցիայի ավանդապահին,

- ապահովել որդեգրմանը վերաբերող ՀՀ օրենքների մասին տեղեկատվության եւ ընդհանուր այլ տեղեկությունների տրամադրումը,

- ապահովել որդեգրման առնչությամբ չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելումը,

- ՀՀ օրենսդրության շրջանակներում նպաստել օտարերկրյա որդեգրումներին առնչվող խնդիրների լուծմանը,

- խոչընդոտել կոնվենցիայի նպատակներին հակասող ցանկացած գործողություն,

- ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ տեղեկատվական, ընթացակարգային, խորհրդատվական, փորձի փոխանակման հարցերի առնչությամբ,

- կոնվենցիայի շրջանակներում ստացված տվյալներն օգտագործել միայն ըստ նշանակության։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62, 64 եւ 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

1. 1993 թվականի մայիսի 29-ին Հաագայում ստորագրված՝ Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

11 հուլիսի 2006 թվականի
ՍԴՈ-642