ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 18 հուլիսի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 եւ 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ .

1. Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին կոնվենցիան ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովում անդամ պետությունների կողմից՝ 2005 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Փարիզում։

Կոնվենցիայի նպատակն է մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանությունը եւ խրախուսումը, տարբեր մշակույթների ազատ փոխազդեցության համար պայմանների ստեղծումը, մշակույթների միջեւ երկխոսությանն աջակցումը, միջազգային համագործակցության եւ համերաշխության ամրապնդումը։

Կոնվենցիան նախատեսում է մասնակից պետությունների երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության ամրապնդում՝ մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության խրախուսմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով։

Համաձայն կոնվենցիայի՝ հիմնվում է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ եւ սահմանվում դրա միջոցների օգտագործման ընթացակարգը։

2. Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- կոնվենցիան իրացնելիս ճանաչել եւ երաշխավորել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման, բոլոր մշակույթների հարգման եւ հավասար արժեվորման, միջազգային համերաշխության եւ համագործակցության, զարգացման տնտեսական եւ մշակութային ասպեկտների փոխլրացման, կայուն զարգացման, հավասար մատչելիության, բաց լինելու եւ հավասարակշռության սկզբունքները, ճանաչել եւ հարգել մյուս պետությունների կողմից իրենց տարածքներում մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանությանը եւ խրախուսմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու եւ քաղաքականություն վարելու ինքնիշխան իրավունքը,

- չորս տարին մեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ իր զեկույցում ներկայացնել մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային մակարդակով ձեռնարկված միջոցների մասին,

- ջանքեր գործադրել ստեղծագործության խթանման եւ կրթական ծրագրերի ու մշակութային արդյունաբերության ոլորտում մասնագիտական պատրաստվածության ու փոխանակումների ծրագրերի մշակման ճանապարհով արտադրական ներուժի ամրապնդման ուղղությամբ՝ առանց թույլ տալու բացասական ազդեցություն արտադրության ավանդական ձեւերի վրա,

- նշանակել կոնվենցիային վերաբերող տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու համակարգող,

- կոնվենցիայի մյուս մասնակիցների հետ փոխանակել մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման վերաբերյալ տեղեկատվություն,

- ճանաչել կոնվենցիայի՝ միջազգային այլ պայմանագրերի հետ հավասարազորությունը՝ խրախուսելով փոխադարձ աջակցության հարաբերությունները կոնվենցիայի եւ միջազգային այլ պայմանագրերի միջեւ, որոնց մասնակից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այլ պայմանագրերը մեկնաբանելիս եւ կիրառելիս կամ միջազգային այլ պարտավորություններ ստանձնելիս հաշվի առնել կոնվենցիայի համապատասխան դրույթները եւ այլն։

3. Սույն կոնվենցիան կնպաստի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրով եւ համընդհանուր ճանաչման արժանացած այլ փաստաթղթերով հռչակված իրավունքների ապահովմանը եւ մշակութային քաղաքականության բնագավառում միջազգային համագործակցությանն առավել արդյունավետ ինտեգրմանը։

Կոնվենցիայում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9, 11, 40, 41 եւ 48 հոդվածներին եւ հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին լայնորեն կիրառել մշակութային եւ գիտական նվաճումներից օգտվելու, մշակութային ժառանգությանը հաղորդակից լինելու իրենց սահմանադրական իրավունքը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 եւ 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ .

1. 2005 թվականի հոկտեմբերի 20-ին Փարիզում ընդունված՝ Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

18 հուլիսի 2006 թվականի
ՍԴՈ-644

print page Տպել էջը