ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ 2005-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 4 օգոստոսի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 եւ 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2005 թվականի փետրվարի 24-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ 2005-2009 թվականների համագործակցության ծրագրի գործողությունների պլանում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համագործակցության ծրագրի գործողությունների պլանը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. 2005-2009թթ. համագործակցության ծրագրի գործողությունների պլանը (այսուհետ՝ Գործողությունների պլան) ստորագրվել է 2005թ. փետրվարի 24-ին Երեւանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ Հազարամյակի զարգացման նպատակների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների եւ համաժողովների որոշումների իրականացման համար:

2. Գործողությունների պլանը նախատեսում է ապահովել Հայաստանի Հանրապետությունում նկատելի առաջընթաց՝ երեք ուղղություններով՝

ա) կայուն սոցիալական ուղղվածություն ունեցող տնտեսական աճի հիմքերի ապահովում,

բ) հաշվետու, թափանցիկ եւ արդյունավետ կառավարման հաստատությունների խթանում,

գ) բնական պաշարների հստակ կառավարման ապահովում:

3. Գործողությունների պլանի իրականացման նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կներդնի 25.272.000 ԱՄՆ դոլար, որի 10 տոկոսի չափով՝ առնվազն 2.500.000 ԱՄՆ դոլար, իր մասնակցությունը կբերի ՀՀ կառավարությունը:

4. Գործողությունների պլանով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, այդ թվում՝

ա) կատարել 1995թ. մարտի 8-ի «Կառավարությանը ցուցաբերած օժանդակության եւ նրա հետ համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված իր պարտավորությունները,

բ) կիրառել «ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին» կոնվենցիայի դրույթները ՄԱԶԾ-ի սեփականության, միջոցների, գույքի, պաշտոնյաների եւ խորհրդատուների նկատմամբ,

գ) տրամադրել ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներին եւ պաշտոնյաներին 1995թ. մարտի 8-ի «Կառավարությանը ցուցաբերած օժանդակության եւ նրա հետ համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված արտոնությունները, անձեռնմխելիությունը եւ աջակցությունը,

դ) նշանակել Գործողությունների պլանի ապահովման համար պատասխանատու Ազգային համակարգող մարմին,

ե) անցկացնել ծրագրի պարբերական վերանայման, պլանավորման եւ ռազմավարության որոշման հետ կապված հանդիպումներ, դոնորների եւ ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ համակարգման ֆորումներ, ինչպես նաեւ մոնիտորինգի, շահառուների հետ հանդիպումների, առաջընթացի գնահատման եւ ծրագրային միջոցների օգտագործման արդյունավետության նպատակով կազմակերպել ՄԱԶԾ-ի աշխատակիցների այցելություններ,

զ) ժամանակին տեղեկացնել ՄԱԶԾ-ին Գործողությունների պլանի իրականացման ընթացքում տեղի ունեցած եւ Գործողությունների պլանով նախատեսված համագործակցության իրականացման վրա հնարավոր ազդեցություն ունեցող քաղաքական եւ օրենսդրական փոփոխությունների մասին:

5. Գործողությունների պլանով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ բխում են միջպետական հարաբերությունների հաստատման եւ զարգացման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 եւ 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2005 թվականի փետրվարի 24-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ 2005-2009 թվականների համագործակցության ծրագրի գործողությունների պլանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4 օգոստոսի 2006 թվականի
ՍԴՈ-645

print page Տպել էջը