«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ (18 ՀՈԴՎԱԾԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 20 սեպտեմբերի 2006թ .
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի /նախագահող/, Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի /զեկուցող/, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ դիմող՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Է. Ավետիսյանի եւ պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռ. Պետրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 եւ 71 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց Ազգային ժողովի կողմից 2004թ. մարտի 31-ին ընդունված՝ ««Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի (18 հոդվածի նոր խմբագրություն) դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր Է. Ավետիսյան) դիմումն է սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով գործով զեկուցողի զեկուցագիրը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով գործում առկա մյուս փաստաթղթերը, միջնորդությունների հիման վրա լսելով կողմերի լրացուցիչ բացատրությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականին։ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998 թվականի հուլիսի 14-ին եւ ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից։
Նշված օրենքի 18 հոդվածը, մինչեւ դրանում փոփոխություն կատարելը, սահմանում էր. «Դատավորն իրավունք ունի ստանալ աշխատանքային կենսաթոշակ դատավորի՝ իր վերջին զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի 75 տոկոսի չափով։ Նշված իրավունքից չեն օգտվում այն անձինք, ովքեր դատավորի պաշտոնում աշխատել են 3 տարուց պակաս, կամ որոնց լիազորությունները դադարեցվել են Հանրապետության Նախագահի կողմից սույն օրենքի 30 հոդվածի առաջին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված հիմքերով»։
2. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի մարտի 31-ին։ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 2004 թվականի ապրիլի 22-ին եւ ուժի մեջ է մտել 2004 թվականի հուլիսի 1-ից։
Վիճարկվող օրենքի 1-ին հոդվածով ներկայացվող՝ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածը՝ նոր խմբագրությամբ, սահմանում է.
«Հոդված 18. Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը
Դատավորն ունի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք։
Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված քաղաքացու կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա, որպես դատավոր, զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաեւ դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները եւ նախկին ժողովրդական դատավորները։
Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը։
Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը։
Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը։
Սույն հոդվածով սահմանված հավելավճարի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։
3. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում ըստ էության վիճարկվում են «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի ոչ թե բոլոր փոփոխությունները, այլ դրա երկրորդ մասի այն դրույթը, համաձայն որի՝ կենսաթոշակի անցած դատավորի համար կենսաթոշակի նկատմամբ ամենամսյա հավելավճար սահմանվում է «...նրա, որպես դատավոր, զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, . . . »։
4. Երեւան քաղաքի բնակիչ Տ. Մանուկյանը 2005թ. ապրիլին դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջով։
Դիմումում Տ. Մանուկյանը հայտնել է, որ ինքը 1974-2005թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության տարբեր ատյանների դատարանների դատավոր։ ՀՀ Նախագահի 26.02.2005թ. հրամանագրով ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետի եւ 96 հոդվածի հիմքերով դադարեցվել են իր՝ որպես դատավորի, լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։
2005թ. մարտի 5-ին Տ. Մանուկյանը դիմել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Երեւանի Արաբկիրի տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ նշանակելու խնդրանքով։ 2005թ. ապրիլի 4-ին վերը նշված կենտրոնից տեղեկացրել են, որ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ Ա. Հարությունյանի գրավոր ցուցումով իրեն օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի ամենամսյա հավելավճար պետք է նշանակվի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի չափով։
Տ. Մանուկյանը խնդրել է պաշտոնատար անձի վերը նշված ցուցումը /գործողությունը/ ճանաչել անհիմն եւ պարտավորեցնել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին իր ամենամսյա կենսաթոշակի չափը սահմանել ոչ թե դատավորի պաշտոնային դրույքաչափի, այլ ամսական ամբողջ աշխատավարձի /հավելավճարներով հանդերձ/ 75 տոկոսի չափով՝ բերելով հիմնավորումներ, որոնք ընկած են նաեւ սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիմքում։ Նա միաժամանակ նշել է, որ 1992-2005թթ. դատավոր աշխատած ժամանակ ամենամյա պարտադիր սոցիալական ապահովության վճարումները կատարել է ոչ թե դատավորին վճարվող պաշտոնային դրույքաչափի գումարից, այլ ամբողջ աշխատավարձի գումարից։
5. Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2005թ. ապրիլի 12-ին որոշում է կայացրել Տ. Մանուկյանի դիմումը վարույթ ընդունելու մասին։
Քննարկելով գործի նյութերը, դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի պահանջներից ելնելով կասեցրել է գործի վարույթը եւ վիճարկում է «Դատավորի կարգավիճակի մասին» 17.06.98թ. ՀՀ օրենքի 18 հոդվածի՝ ՀՀ ԱԺ կողմից 2004թ. մարտի 31-ին ընդունված փոփոխության համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
Դիմումատուն, մասնավորապես, մատնանշում է, որ.
- ՀՀ Սահմանադրության 37 հոդվածն ամրագրելով անձի սոցիալական ապահովության իրավունքը, նշում է, որ դրա ծավալն ու ձեւերը սահմանվում են օրենքով։ Աշխատանքային կենսաթոշակի իրավունքը, որպես մարդու սոցիալական ապահովության կարեւոր իրավունք, կարգավորվում է ինչպես «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ առանձին օրենքների դրույթներով, ինչպիսին է տվյալ պարագայում «Դատավորի կարգավիճակի մասին» 17.06.1998թ. օրենքը։ Նկատի ունենալով, որ օրենքներն անձանց իրավունքները կարող են ոչ միայն պաշտպանել, այլեւ խախտել, ՀՀ Սահմանադրությունն ամրագրել է, որ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն» (42 հոդված)։ Դիմումատուն եզրակացնում է, որ վիճարկվող օրենսդրական դրույթը Տ. Մանուկյանի աշխատանքային կենսաթոշակի հարցը լուծում է՝ վատթարացնելով նրա սոցիալական վիճակը։
- ՀՀ Սահմանադրության 3 հոդվածում նշվում է, որ «...Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան...»։ Այդ առումով հատկանշական է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1985թ. նոյեմբերի 29-ի եւ դեկտեմբերի 13-ի համապատասխանաբար 40/32 եւ 40/146 բանաձեւերով հավանության արժանացած «Դատական իշխանության անկախության վերաբերյալ սկզբունքներ»-ի 11-րդ կետը, որում ասված է. «Դատավորների լիազորությունների տեւողությունը, նրանց անկախությունը, անվտանգությունը, համապատասխան վարձատրությունը, ծառայության, թոշակի եւ թոշակի գնալու պայմանները պետք է պատշաճ ձեւով երաշխավորվեն»։ Նշված դրույթը կոչված է պետությունների ուշադրությունն առավել մեծ չափով սեւեռել դատավորների նյութական եւ ոչ նյութական պաշտպանվածությունն ուժեղացնելու վրա։
- Դատավորների սոցիալական ապահովության, այդ թվում կենսաթոշակի իրավունքի հարցին են վերաբերում նաեւ 1998թ. հունիսի 8-10-ը Ստրասբուրգում ընդունված՝ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի եւ դրան կից մեկնաբանությունների հուշագրի 6.3 եւ 6.4 կետերի դրույթները, որոնցում ամրագրված է, որ իր պաշտոնեական պարտականությունները կատարող դատավորի համար պետք է նախատեսվի սոցիալական պաշտպանվածություն։ Խարտիան հատուկ ընդգծում է, որ դատավորի ծերության կենսաթոշակի չափը պետք է հնարավորինս մոտ լինի դատական համակարգում նրա զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած աշխատավարձին։
- Օրենքի տվյալ փոփոխությունը թուլացնում է դատավորի անկախության երաշխիքները։
Ելնելով վերոնշյալից եւ սահմանադրական դատարանում միջնորդությունների հիման վրա տրված լրացուցիչ բացատրությունների արդյունքներից, դիմումատուն գտնում է, որ դատավորի կենսաթոշակի նշանակման կարգի փոփոխությունը, դրա սահմանումը ոչ թե դատավորի՝ իր վերջին զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի 75 տոկոսի չափով, այլ ամենամսյա հավելավճարի նշանակումը նրա՝ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի 2-րդ, 6 հոդվածի 2-րդ, 37 հոդվածի, 42 հոդվածի 3-րդ մասերի եւ 94 հոդվածի 1-ին մասի դրույթներին։
6. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի 2-րդ, 6 հոդվածի 2-րդ մասերի, 37 հոդվածի մատնանշումները տվյալ գործով անհարկի են, քանի որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ (2002թ.) պետությունը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, իրոք ապահովել է ծերության դեպքում քաղաքացու սոցիալական ապահովության /կենսաթոշակ ստանալու/ իրավունքը, այն ամրագրել է 2004թ. մարտի 31-ին ընդունված՝ «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում։
ՀՀ Ազգային ժողովը միաժամանակ գտնում է, որ միանգամայն անհարկի է նաեւ Սահմանադրության 42 հոդվածի 3-րդ մասի վկայակոչմամբ՝ «Դատավորի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխության սահմանադրականության հարց առաջադրելը։ Սահմանադրության 42 հոդվածի տվյալ դրույթը, համաձայն որի՝ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն», սահմանադրական դատարանի վարույթում գտնվող կոնկրետ գործին չի վերաբերում, որովհետեւ նախկին դատավոր Տ. Մանուկյանը տարիքը լրանալու կապակցությամբ կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել միայն 2005թ. փետրվարի 26-ից, մինչդեռ արդեն գործողության մեջ է եղել 2004թ. մարտի 31-ի խմբագրությամբ /փոփոխությամբ/ օրենքը, որով եւ իրավացիորեն ղեկավարվել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Արաբկիրի տարածքային կենտրոնը։ Դա հաստատված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78 հոդվածի 3-րդ մասով, որտեղ ամրագրված է. «իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների ... գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաեւ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»։
Ըստ պատասխանող կողմի՝ Տ. Մանուկյանի եւ սոցիալական ապահովագրության պետական մարմնի միջեւ կենսաթոշակին առնչվող իրավահարաբերությունները ծագել են հենց վիճարկվող օրենքը գործողության մեջ դնելուց հետո, որը եւ կիրառվել է առանց օրենքին հետադարձ ուժ հաղորդելու։
Պատասխանող կողմը գտնում է նաեւ, որ համաձայն միջազգային իրավական ակտերի, որոնք մատնանշում է դիմող կողմը, դատավորի կենսաթոշակի չափը պետք է մոտ լինի նրա աշխատավարձին այնքանով, որքանով դա հնարավոր է, եւ թույլ է տալիս յուրաքանչյուր պետության կենսաթոշակի չափը որոշել իր հնարավորությունների սահմաններում։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում 2003թ. զգալիորեն բարձրացվել են դատավորների աշխատավարձի պաշտոնային դրույքաչափերը, որի արդյունքում փաստորեն ավելացել են նաեւ կենսաթոշակների բացարձակ մեծությունները, եւ դատավորի անկախության սոցիալական երաշխիքները, վերջին հաշվով, չեն թուլացել։
Պատասխանող կողմի կարծիքով, թե° դիմող կողմի բերած հիմնավորումները եւ թե° իրավակիրառական պրակտիկային կատարվող հղումները բավարար հիմք չեն ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004թ. մարտի 31-ին ընդունված՝ «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի (18 հոդվածի նոր խմբագրություն) դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3 հոդվածի 2-րդ մասին, 6 հոդվածի 2-րդ մասին, 37 հոդվածին, 42 հոդվածի 3-րդ մասին եւ 94 հոդվածին հակասող ճանաչելու համար։
7. Վիճարկվող օրենքի եւ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համեմատական վերլուծությունից բխում է, որ օրենքը դատավորի կենսաթոշակի ամենամսյա հավելումի հաշվարկման համար է հիմք սահմանում դատավորի պաշտոնային դրույքաչափը, իսկ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածը, մինչեւ դրանում փոփոխություն կատարելը, դատավորի կենսաթոշակի հաշվարկման համար էր հիմք ընդունում դատավորի աշխատավարձի 75 տոկոսը, որը ներառում է ոչ միայն պաշտոնային դրույքաչափը, այլ նաեւ հավելավճարները։ Ընդ որում, «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի համաձայն՝ աշխատանքի վարձատրության տարրերն են՝ 1) պաշտոնային դրույքաչափը, 2) պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող հավելումները եւ պարգեւավճարները, 3) փոխհատուցումները։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 188 հոդվածի համաձայն՝ աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը եւ գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց ցանկացած եղանակով տրված լրացուցիչ վարձատրությունը։
ՀՀ օրենսդրության մեջ «աշխատավարձ» եւ «աշխատանքի վարձատրություն» եզրույթներն օգտագործվում են որպես հոմանիշներ։ Այդ մասին է վկայում նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածներում ամրագրված նորմերի վերլուծությունը (178, 179, 180, 181 եւ մի շարք այլ հոդվածներ)։ Բոլոր դեպքերում աշխատավարձը կամ աշխատանքի վարձատրությունն ուղղված է աշխատողի նյութական ապահովմանը։
Բացի դրանից, Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունված՝ «Աշխատավարձի պաշտպանության մասին» թիվ 95 կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 25.10.2004թ.) 1-ին հոդվածը սահմանում է, որ աշխատավարձ նշանակում է, անկախ անվանումից եւ հաշվարկման մեթոդներից, բոլոր տեսակի վարձատրությունները կամ վաստակները, որոնք կարող են հաշվարկվել դրամով եւ հաստատվել փոխադարձ համաձայնությամբ կամ ազգային օրենսդրի կողմից, որը գործատուն պետք է վճարի աշխատողին աշխատանքի համար։
8. Վիճարկվող օրենքի 1-ին հոդվածով ներկայացվող՝ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի փոփոխված տեքստի 1-ին մասը սահմանում է. «Դատավորն ունի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք», իսկ 7-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածով սահմանված հավելավճարի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի վերլուծությունից բխում է, որ դատավորին տրվում է տարիքային կենսաթոշակ, իսկ, ի կատարումն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17 եւ 18 հոդվածների, ՀՀ կառավարության կողմից 2003 թվականի հունիսի 13-ին ընդունված թիվ 707-Ն որոշման 2-րդ կետով հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 4250 դրամ, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը՝ 180 դրամ։
«Դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելավճարի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1574-Ն որոշման հավելվածի 2-7-րդ կետերի համաձայն՝
Ամենամսյա հավելավճարը տրվում է այն դատավորներին, ովքեր դատավորի պաշտոնում աշխատել են առնվազն 10 տարի եւ այդ պաշտոնից ազատվել են 65 տարեկան դառնալու (պաշտոնավարման տարիքը լրանալու) կամ ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալու պատճառով (2-րդ կետի առաջին պարբերություն)։
Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի կամ նախկին ժողովրդական դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար, եթե նա դատավորի պաշտոնից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ (2-րդ կետի երկրորդ պարբերություն)։
Այդ հավելավճարը սահմանված կարգով հաշվարկում, նշանակում եւ վճարում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝ քաղաքացու գրավոր դիմումի եւ աշխատանքային գրքույկի, իսկ սույն կարգի 2-րդ կետով սահմանված հիմքերով աշխատանքից ազատվելու մասին աշխատանքային գրքույկում անհրաժեշտ գրառում չլինելու դեպքում՝ դրա մասին համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա (3-րդ կետ)։
Ամենամսյա հավելավճարի չափը հաշվարկվում է այդ կարգի 5-րդ կետում նշված համապատասխան պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի եւ օրենքով նշանակված կենսաթոշակի տարբերության չափով (4-րդ կետ)։
Ամենամսյա հավելավճարի չափի հաշվարկման համար հիմք են ընդունվում հետեւյալ պաշտոնային դրույքաչափերը՝
ա) վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանի դատավորի, տնտեսական դատարանի դատավորի, առաջին ատյանի դատարանի դատավորի համար՝ դատավորի պաշտոնից ազատվելու պահին օրենքով սահմանված համապատասխան պաշտոնային դրույքաչափերը,
բ) նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի համար՝ 264.000 դրամ,
գ) նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի համար՝ 242.000 դրամ,
դ) նախկին ժողովրդական դատավորի համար՝ 220.000 դրամ (5-րդ կետ)։
Դատավորի պաշտոնում աշխատած անձին օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու (չափը փոփոխելու) դեպքում վերահաշվարկվում (փոփոխվում) է նաեւ ամենամսյա հավելավճարը՝ առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի (6-րդ կետ)։
Ամենամսյա հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակի հետ միասին՝ ընդհանուր գումարով (7-րդ կետ)։
Այսպիսով, վիճարկվող օրենքի համաձայն՝ դատավորի կենսաթոշակը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը կազմված է 4250 դրամից, որին ավելացվում է ապահովագրական ստաժի յուրաքանչյուր մեկ տարվա համար 180 դրամ, իսկ երկրորդ մասը կազմված է հավելավճարից՝ դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, մինչդեռ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախկին խմբագրությամբ՝ 18 հոդվածի ուժով դատավորի կենսաթոշակը հաշվարկվում էր աշխատավարձի՝ ներառյալ հավելավճարի 75 տոկոսի չափով։ Այնուամենայնիվ, վիճարկվող օրենքի եւ դատավորի սոցիալական ապահովության իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրության համեմատական վերլուծությունից բխում է, որ վիճարկվող օրենքը, ի տարբերություն «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախկին խմբագրությամբ 18 հոդվածի, նվազեցնում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակի անցնող դատավորի սոցիալական պաշտպանության երաշխիքները, քանի որ խախտվում է դատավորի՝ իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած աշխատավարձին՝ կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ սահմանելու միջազգայնորեն ընդունված սկզբունքը, մեծանում է դրանց միջեւ խզումը։
9. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ դիմումատուն չի հստակեցրել իր դիրքորոշումները վիճարկվող հոդվածի բոլոր դրույթների առնչությամբ, քննության առարկա չի դարձնում դրանց սահմանադրականության հարցը, ուստի, ելնելով գործի քննության ընթացքում կողմերի դիրքորոշումներից, սահմանադրական դատարանը կոնկրետ գործով դատաքննությամբ վեճի առարկա է համարում միայն դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված դատավորի կենսաթոշակի ամենամսյա հավելավճարի սահմանման համար դատավորի պաշտոնային դրույքաչափի, թե՞ ամբողջ աշխատավարձի 75 տոկոսը հիմք ընդունելու հարցը։
10. Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկան անմիջականորեն չի առնչվում ՀՀ Սահմանադրության 3, 6, 37 հոդվածների դրույթներին։ Բացի դրանից, հիմնավոր չէ դիմումատուի դիրքորոշումն առ այն, թե քաղաքացու նկատմամբ պետք է կիրառվեր «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ նախկին խմբագրությամբ 18 հոդվածը, երբ սահմանված կարգով ուժի մեջ է մտել ու գործել այդ հոդվածի փոփոխության մասին նոր օրենքը, որի սահմանադրականության հարցը տվյալ պահին Սահմանադրությամբ նախատեսված կարգով վեճի առարկա չի եղել։
11. Սույն որոշման 8-րդ կետում հստակեցված վեճի առարկայի տեսանկյունից անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀՀ Սահմանադրության 94 հոդվածի 1-ին մասի իրավական բովանդակությանը։ Այդ դրույթը սահմանում է. «Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով»։ Վերջինս ենթադրում է, որ Սահմանադրությամբ եւ օրենքներով անհրաժեշտ սահմանադրաիրավական երաշխիքներ պետք է ստեղծվեն դատարանների անկախության ապահովման համար։ Իր հերթին, դատարանների անկախությունը վերացական հասկացություն չէ։ Այն ենթադրում է գործառնական, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության այնպիսի նախադրյալներ, որոնք անհրաժեշտ ու բավարար են դատարանների ու ողջ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար։
ՀՀ Սահմանադրության 5, 91, 94, 97 հոդվածների դրույթները հիմնարար սահմանադրական սկզբունքներ են, որոնք ամրագրում են դատարանների՝ որպես միասնական պետական իշխանության ինքնուրույն թեւի՝ դատական իշխանության, եւ դատավորների՝ որպես դատական իշխանության միակ կրողների, սահմանադրական կարգավիճակը՝ սահմանադրորեն երաշխավորելով նրանց անկախությունը։ Օրենքները կոչված են իրավական լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու այդ անկախության ամրապնդման համար։ Այս առումով, դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային եւ, առաջին հերթին՝ արդարադատության շահերի պաշտպանության միջոց, նրանց անկախության սոցիալական երաշխիք։
Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ 2000թ. հունիսի 28-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ներկայացված՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության ՀՀ պարտավորությունների մեջ դատաիրավական համակարգի համալիր բարեփոխումների խնդիր դրվեց, որի առաջնահերթ նպատակը նույնպես դատական համակարգի անկախության երաշխավորումն էր։
2002թ. սեպտեմբերի 26-ին անդրադառնալով Հայաստանի կողմից ստանձնված պարտավորությունների կատարմանը՝ Վեհաժողովը, ի թիվս այլ հարցերի, հատուկ կարեւորեց դատաիրավական բարեփոխումներին հետամուտ լինելու անհրաժեշտությունը, մասնավորապես շեշտելով՝ «...երաշխավորել դատավորների լիակատար անկախությունը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշների համաձայն»։
Այս հիմնահարցն առանձնապես կարեւորվում է նաեւ 2004թ. հունվարի 7-ին ընդունված ԵԽԽՎ 1361 բանաձեւում եւ հետագայում ընդունված մի շարք այլ փաստաթղթերում։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկայի տեսանկյունից կարեւոր է միջազգային պրակտիկայի կողմից ճանաչված եւ 1998թ. ընդունված՝ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայում հատուկ կարեւորված՝ դատավորի անկախության սոցիալական երաշխիքների ապահովման մասին 6.4. կետում ամրագրված դրույթը, համաձայն որի՝ «Կարգավիճակը, մասնավորապես, դատավորներին ապահովում է . . . ծերության թոշակով, որի չափը պետք է հնարավորինս մոտ լինի դատական համակարգում ստացած նրա վերջին աշխատավարձին»։ Նշված պահանջին լիովին համահունչ էր «Դատավորի կարգավիճակի մասին» 1998թ. հունիսի 6-ին ընդունված ՀՀ օրենքի 18 հոդվածի դրույթը, համաձայն որի՝ դատավորն իրավունք ուներ ստանալ աշխատանքային կենսաթոշակ «...իր վերջին զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված աշխատավարձի 75 տոկոսի չափով»։ 2004թ. մարտի 31-ին ընդունված՝ «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությունը, համաձայն որի կենսաթոշակի նկատմամբ ամենամսյա հավելավճարի որոշման համար հիմք է հանդիսանում ոչ թե ամբողջ աշխատավարձի, այլ պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսը, չի բխում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների էությունից եւ չի նպաստում դատավորի անկախության երաշխիքների ամրապնդմանը։
Պետությունը, թերեւս, կարող է իր հնարավորությունների սահմանափակման որոշակի իրավիճակների պայմաններում նման քայլ կատարել, երբ պետության մեջ հատուկ իրավիճակ է ծագում կամ անհրաժեշտ է պաշտպանել այլ սահմանադրական արժեքներ։ Սակայն 2004 թվականին եւ հետագայում Հայաստանը շարունակել է երկնիշ թվերով տնտեսական աճ արձանագրել, հարաճուն մեծացել է երկրի պետական բյուջեն եւ օբյեկտիվ նախադրյալներ չեն եղել դատավորի աշխատավարձի ու կենսաթոշակի միջեւ խզումը մեծացնելու համար։
Դատավորի անկախության սոցիալական երաշխիքների թուլացման հիմք չէր կարող հանդիսանալ նաեւ 2002թ. դեկտեմբերի 26-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով դատավորների աշխատավարձի բարձրացման հանգամանքը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային պարտավորություն է ստանձնել ոչ թե դատավորի եւ դատարանների անկախության երաշխիքների եղած հավասարակշռությունը պահպանելու, այլ այն ամրապնդելու առումով։ Միաժամանակ աշխատավարձի տվյալ բարձրացումը ներառել է պետական իշխանության ամբողջ համակարգը եւ չի վերաբերել միայն դատավորներին։ Այն դեպքում, երբ դատավորի աշխատավարձը եւ աշխատանքային կենսաթոշակը, բացի նրա համար որոշակի կենսապայմաններ ապահովելու գործառույթից, նաեւ, ինչպես նշվեց, դատավորի կողմից անկախ արդարադատություն իրականացնելու համար անհրաժեշտ նախապայման ստեղծելու հատուկ գործառույթ ունեն։ Դրա համար էլ, մասնավորապես, «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածով նախատեսվում է, բացի պետական ընդհանուր կենսաթոշակից, պետական բյուջեի միջոցների հաշվին դատավորի կենսաթոշակին հավելավճար սահմանել։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին մասի պահանջներից ելնելով, գնահատելով նաեւ քննության առնվող հարցի առնչությամբ ձեւավորված իրավակիրառական պրակտիկան, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների կարեւոր ուղղություններից մեկը նույնպես եղել է դատական իշխանության անկախության երաշխավորումը։ Հայաստանի Հանրապետությունը ներկայումս որոշակի քայլեր կատարում է այդ ուղղությամբ, մասնավորապես, օրենսդրորեն նախատեսելով նաեւ դատավորների սոցիալական անկախության ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր, որոնք առավել համահունչ են «Դատավորի կարգավիճակի մասին» 1998թ. հունիսի 6-ին ընդունված ՀՀ օրենքի 18 հոդվածի դրույթներին եւ ուղղված են հաղթահարելու նշված հոդվածի 2004 թվականին կատարված փոփոխությամբ ստեղծված իրավիճակը։
Այդ ճանապարհով է ընթացել նաեւ դատական պրակտիկան, որի մասին վկայում են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2003թ. դեկտեմբերի 15-ի եւ 2004թ. հունիսի 11-ի վճիռները՝ սահմանադրական դատարանի անդամի եւ դատավորի կենսաթոշակի չափի որոշման հետ կապված հայցերի առնչությամբ։
Ակնհայտ է, որ նման պայմաններում «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի՝ սույն գործով վիճարկվող շրջանակներում կատարված փոփոխությունը, թե° ՀՀ միջազգային պարտավորությունների, թե° ՀՀ սահմանադրական ու օրենսդրական զարգացումների եւ թե° ձեւավորված դատական պրակտիկայի տեսանկյունից դատավորի սոցիալական անկախության երաշխիքների հետագա ամրապնդում չի ապահովում։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 եւ 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի մարտի 31-ին ընդունված՝ «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով (18 հոդվածի նոր խմբագրություն) նախատեսված դրույթը, համաձայն որի՝ կենսաթոշակի ամենամսյա հավելավճարի որոշման համար հիմք է ընդունվում դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի, այլ ոչ թե աշխատավարձի, 75 տոկոսը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94 հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող եւ անվավեր։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 սեպտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-647