ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 20 հոկտեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 եւ 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի փետրվարի 1-ին Թեհրանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ կրթական եւ մշակութային կենտրոնների հիմնման եւ գործունեության պայմանների մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը երկու պետությունների միջեւ պայմանավորված է Կողմերի մշակութային արժեքների, ավանդական մշակութային կապերի զարգացման եւ պահպանման փոխադարձ հետաքրքրությամբ եւ բխում է 1994 թվականի նոյեմբերի 28-ին Թեհրանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, գիտության, կրթության, սպորտի, զբոսաշրջության եւ զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրից։

2. Հուշագրի համաձայն՝ Կողմերը պայմանավորվում են իրենց ներպետական օրենսդրությանը համապատասխան իրենց երկրներում հիմնել մյուս երկրի կրթական եւ մշակութային կենտրոն՝ համապատասխան պայմաններ ստեղծելով նաեւ սեփականության իրավունքով շենք, հողատարածքներ ձեռք բերելու խնդրում, որի հիմնական գործառույթը կրթական եւ մշակութային աշխատանքների իրականացումն է, այդ թվում՝ դպրոցի հիմնումը եւ այլ կրթական, մշակութային, գեղարվեստական եւ հրատարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ հուշագրի 7 հոդվածում նախատեսված պայմաններով այդ կենտրոնների բնականոն գործունեության ապահովումը։

3. Վերոհիշյալ կենտրոնները գործելու են շահույթ չհետապնդող կազմակերպության կարգավիճակով՝ համագործակցելով համապատասխան Կողմի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

4. Հուշագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքին եւ բխում են Սահմանադրության 48 հոդվածի 9 եւ 11 կետերում նախատեսված՝ պետության խնդիրներից։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի փետրվարի 1-ին Թեհրանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ կրթական եւ մշակութային կենտրոնների հիմնման եւ գործունեության պայմանների մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-653

print page Տպել էջը