ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱ- ՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 31 հոկտեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 եւ 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի ապրիլի 28-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Ղրղզստանի Հանրապետության կրթության, գիտության եւ երիտասարդական քաղաքականության նախարարության միջեւ երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստա- թղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի ապրիլի 28-ին՝ Երեւանում։ Դրա նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ երիտասարդական քաղաքականության բնագավառում երկկողմ համագործակցության իրավական հիմքերի ստեղծմանը եւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Համաձայնագիրը հիմք կհանդիսանա երկու երկրների երիտասարդության երկկողմ շփումներն ակտիվացնելու համար։

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետեւյալ պարտավորությունները.

- օժանդակել երիտասարդության հարցերի պետական մարմինների, ազգային եւ տարածաշրջանային երիտասարդական միավորումների՝ երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտում իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը,

- ապահովել երիտասարդության մասնակցությունը երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտում նախագծերի եւ ծրագրերի իրականացմանը,

- խրախուսել եւ օժանդակել երիտասարդական քաղաքականության բնագավառում կապերի եւ համագործակցության զարգացմանը՝ առանձին պայմանագրերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ համատեղ աշխատանքի, կապերի եւ փոխադարձ փոխանակումների համար բարենպաստ պայմանների ստեղծման, երիտասարդական քաղաքականության բնագավառում աշխատանքային փորձի փոխանակման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրերի ներդրմանը եւ երիտասարդական ու մանկական միջոցառումների անցկացմանն օժանդակելու միջոցով,

- օժանդակել բոլոր մակարդակներում պետական եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջեւ անմիջական կապերի զարգացմանը, ներառյալ պատվիրակությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումները, ինչպես նաեւ համատեղ մշակված ծրագրերով միջոցառումների անցկացումը,

- աջակցել երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, արձակուրդների ընթացքում ուսանողական խմբերի փոխանակմանը,

- խրախուսել երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտի մասնագետների, մարզիչ-դասավանդողների, այլ մասնագետների համագործակցությունը, ինչպես նաեւ նպաստել նրանց փորձի փոխանակմանը,

- ապահովել երիտասարդության հետ տարվող աշխատանքների ոլորտի վիճակագրական եւ այլ տեղեկատվության փոխանակումը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական քաղաքականությունը կարգավորող օրենսդրական եւ այլ նորմատիվ ակտերի, երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության, ուղեցույցների, տեղեկատվական, մեթոդական եւ այլ նյութերի փոխանակումը,

- իրականացնել անչափահասների հարցերով զբաղվող ծառայությունների, երիտասարդների համար սոցիալական կենտրոնների եւ դրանց այն մասնագիտացված կազմավորումների աշխատանքային փորձի փոխանակում, որոնք հոգեբանական, իրավաբանական եւ այլ օգնություն են ցուցաբերում անչափահասներին եւ երիտասարդությանը,

- նպաստել աշխատանքային զբաղվածության ծրագրերի, ինչպես նաեւ երիտասարդների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման բնագավառում փորձի փոխանակմանը,

- խրախուսել երիտասարդական աշխատանքային եւ ուսանողական շինարարական ջոկատների փոխանակումը,

- երիտասարդական փոխանակումների մասին կնքված առանձին պայմանագրերի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս, փոխադարձության սկզբունքի հիման վրա, հոգալ Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվող պատվիրակությունների ճանապարհածախսը մինչեւ միջոցառման անցկացման վայր եւ հակառակ ուղղությամբ, ինչպես նաեւ արտասահման մեկնելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր տեսակի ապահովագրական ծախսերը, ստանձնել համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն այցելող պատվիրակությունների կեցության ծախսերը, ներառյալ տեղավորումը, սնունդը, ներքին տրանսպորտային փոխադրումները, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ օգնությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,

- փոխադարձության սկզբունքով ապահովել, որպեսզի համաձայնագրում ներառված գործողության բոլոր տեսակները համապատասխանեն եւ իրականացվեն ՀՀ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան եւ ֆինանսավորվեն ՀՀ բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում, ինչպես նաեւ ՀՀ ազգային օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 եւ 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի ապրիլի 28-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Ղրղզստանի Հանրապետության կրթության, գիտության եւ երիտասարդական քաղաքականության նախարարության միջեւ երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-655

print page Տպել էջը