ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 31 հոկտեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 եւ 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հանձնման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագրի ստորագրումը երկու պետությունների միջեւ պայմանավորված է միջպետական փոխհարաբերություններն ամրապնդելու եւ հանձնմանն առնչվող բնագավառներում արդյունավետ համագործակցություն ստեղծելու նպատակով:

2. Համաձայնագրով Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս Կողմի հարցման հիման վրա հանձնել իր տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի, որը հանցագործություն կատարելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար գտնվում է մյուս պայմանավորվող Կողմի իրավասու մարմինների կողմից վարվող դատական հետապնդման մեջ:

3. Համաձայնագրի 2-րդ հոդվածում նախատեսված են հանձնման հետեւյալ հնարավոր պայմանները.

- քրեական հետապնդման մեջ գտնվող անձի հանձնում այն արարքի համար, որը Կողմերի օրենսդրությամբ համարվում է հանցագործություն եւ պատժելի է առավելագույնն ազատազրկման՝ ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով,

- դատապարտյալի հանձնում, որի կատարած հանցագործությունը եւ դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են վերը հիշատակված պայմանին եւ կայացված դատավճիռը սահմանում է նվազագույնը 6 ամիս ազատազրկում:

4. Համաձայնագրով, միաժամանակ, նախատեսված են հանձնման հարցումը մերժելու դեպքերը (հոդված 3).

- եթե հանցագործության կատարման պահին անձը հայցվող Կողմի քաղաքացի է,

- քաղաքական կամ զինվորական հանցագործության դեպքում,

- Կողմերից մեկի օրենսդրությանը համապատասխան հանցագործությունն իրավաբանորեն դատական կարգով հետապնդելի չէ կամ դատավճիռն ի կատար ածելու ենթակա չէ,

- հանձնման հարցման իրականացումը վնասում է հայցվող կողմի պետական ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ բարոյական նորմերին կամ հակասում է իրավական հիմնարար սկզբունքներին եւ այլն:

5. Համաձայնագրի այլ հոդվածներով նախատեսված են հանձնման իրականացման պայմանները եւ ընթացակարգը:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- Իրանի Իսլամական Հանրապետության հարցման հիման վրա հանձնել իր տարածքում գտնվող, համաձայնագրի պայմանների համաձայն հանձնման ենթակա յուրաքանչյուր անձի, որը հանցագործություն կատարելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար գտնվում է իր իրավասու մարմինների կողմից վարվող դատական հետապնդման մեջ,

- հանձնման վերաբերյալ հարցումն ստանալով՝ իր ներպետական օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայցվող անձին ձերբակալելու կամ կալանավորելու համար, եթե առկա չեն հանձնումը մերժելու՝ համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված հիմքերը,

- համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հանձնումը մերժելու դեպքում, օրենսդրությանը համապատասխան դատական կարգով հետապնդել մեղադրվող անձին,

- հայցող կողմին փոխանցել հանցագործության ապացույց համարվող բոլոր իրերն ու առարկաները կամ հանցագործության համար օգտագործված կամ հանցագործության ընթացքում ձեռք բերված գործիքները,

- թույլատրել իր տարածքով այն անձի հանձնումը, որը մյուս Կողմին է հանձնվել երրորդ պետության կողմից,

- կրել իր տարածքում հանձնման հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ տարանցման ծախսերը, եթե հանդես է գալիս որպես հայցող կողմ։ 7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30.1. հոդվածի երրորդ մասի դրույթներին եւ բխում են 9 հոդվածում ամրագրված՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքից:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 եւ 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հանձնման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

31 հոկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-656

print page Տպել էջը