2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՐԱԳ ԾԱՎԱԼՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԾԱՎԱԼՄԱՆ, ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 3 նոյեմբերի 2006թ .
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի /նախագահող/, Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի /զեկուցող/, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 եւ 72 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հունիսի 23-ին Մինսկում ստորագրված՝ Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման
հավաքական ուժերի օպերատիվ ծավալման, կիրառման եւ բազմակողմանի ապահովման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2006թ. հունիսի 23-ին՝ Մինսկում։
2. Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերը /այսուհետ՝ ԿԱՏ ԱԾՀՈՒ/ մտնում է Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կազմի մեջ եւ բաղկացած է ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի հրամանատարությունից, շտաբից ու ազգային համակազմերից եւ հանդիսանում է միացյալ խմբավորման մշտական պատրաստության զորքեր /ուժեր/։
3. ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի հիմնական խնդիրներն են. խնդիրների լուծմանը պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով օպերատիվ ծավալման իրականացումը կամ միացյալ խմբավորման ծավալման ապահովումը, ագրեսիայի հակազդման ընթացքում համազորային գործողություններին մասնակցությունը, համատեղ համազորային, հակաահաբեկչական, հատուկ գործողություններին մասնակցությունը։
4. Համաձայնագրով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունները, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունը, ստանձնում են մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
ա. հավաքական անվտանգության համակարգի միջպետական մարմինների գործողությունների կարգը ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի օպերատիվ ծավալման եւ կիրառման համար որոշումներ նախապատրաստելու եւ ընդունելու դեպքում իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի՝ 2000թ. մայիսի 24-ի որոշմամբ հաստատված՝ «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառման համար հավաքական որոշումներ ընդունելու եւ իրագործելու կարգի մասին» կանոնակարգին համապատասխան,
բ. ԿԱՏ պետությունները, Պլանին համապատասխան, վաղօրոք անհրաժեշտ պայմաններ են ստեղծում եւ ապահովում են դեպի օպերատիվ ծավալման /նշանակության/ նշանակված վայր շարժվող՝ անձնակազմերով, ռազմական տեխնիկայով ու սպառազինությամբ եւ ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի ազգային համակազմերի նյութատեխնիկական միջոցներով զինվորական շարժակազմերի, օդանավերի, ավտոմոբիլային շարասյուների՝ իրենց պետական սահմանի անարգել ու անհատույց հատումը, իրենց տարածքով երթեւեկությունը կամ տարանցումը, ինչպես նաեւ անհատույց ապահովում են ենթակառույցի օբյեկտների տեղակայումը եւ օգտագործումը, եթե այլ բան սահմանված չէ հավաքական անվտանգության խորհրդի որոշումներով,
գ. ԿԱՏ պետությունները ԿԱՏ ԱԾՀՈՒ-ին տրամադրում են պետական սահմանները հատելու հատուկ /արտահերթ/ պայմաններ,
դ. ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութական միջոցների փոխադրումը ԿԱՏ պետությունների մաքսային սահմանով սույն համաձայնագրի շրջանակներում իրականացվում է առաջնահերթ՝ առանց կիրառելու ԿԱՏ պետությունների ազգային օրենսդրություններով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցները եւ առանց գանձելու բոլոր տեսակի հարկերը, տուրքերը եւ վճարումները՝ ուղարկող եւ ընդունող Կողմերի լիազորված մարմինների համաձայնեցրած անվանացանկերի հիման վրա,
ե. ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի ազգային համակազմերն ընդունող Կողմի տարածքում ժամանակավոր գտնվելու ընթացքում ապահովում են նրա օգտագործվող անշարժ գույքի, բնական պաշարների, մշակութային եւ պատմական օբյեկտների պահպանումը,
զ. ԿԱՏ պետություններն օդային տարածք են տրամադրում ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի եւ պետությունների ավիացիայի օդանավերի թռիչքներ կատարելու համար, որոնք իրականացվում են ԿԱՏ ԱԾՀՈՒ-ի օպերատիվ ծավալման եւ կիրառման, օպերատիվ եւ մարտական պատրաստության պլաններով՝ անհատույց հիմունքներով՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների ազգային օրենսդրություններով սահմանված կանոններին համապատասխան,
է. ռազմական օդանավերի ընդունումը, օդանավատեխնիկական ապահովումն ու պահպանությունն իրականացվում են ԿԱՏ պետությունների հետ առանձին համաձայնագրերի հիման վրա։
5. Համաձայնագրում ԿԱՏ պետությունների նախաձեռնությամբ կարող են կատարվել փոփոխություններ եւ լրացումներ։ Փոփոխություններն ու լրացումները ձեւակերպվում են համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով եւ ուժի մեջ են
մտնում սույն համաձայնագրի 20-րդ հոդվածով նախատեսված կարգով։
Համաձայնագրի հոդվածների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը Կողմերը կարգավորում են խորհրդակցությունների եւ բանակցությունների միջոցով։
Քննարկվող համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած ԿԱՏ պետությունների՝ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին չորրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից։
Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան գրավոր ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից։
Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ համաձայնագրից՝ դուրս գալու նախատեսված ժամկետից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ իր մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63 եւ 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հունիսի 23-ին Մինսկում ստորագրված՝ Հավա- քական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման, կիրառման եւ բազմակողմանի ապահովման կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀՈՂ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
3 նոյեմբերի 2006
թվականի
ՍԴՈ-661