ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՈՖԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 160 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 նոյեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ դիմող Ս. Գասպարյանի լիազոր ներկայացուցիչներ Հ. Հարությունյանի եւ Հ. Թովմասյանի, դիմող Ա. Զեյնալյանի, պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 39 եւ 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Սոֆիկ Գասպարյանի եւ Արտակ Զեյնալյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Սահմանադրական դատարանն իր՝ 04.08.2006թ. ՍԴԱՈ-43 աշխատակարգային որոշմամբ, հաշվի առնելով, որ «Քաղ. Ս. Գասպարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 1-ին կետի՝ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» եւ «Քաղ. Ա. Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 1-ին կետի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին եւ 18 հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, որոշել է նշված գործերը միավորել եւ քննել դատարանի նույն նիստում։

Գործի քննության առիթը քաղաքացիներ Ս. Գասպարյանի եւ Ա. Զեյնալյանի դիմումներն են սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով գործի նյութերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998թ. հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 1998թ. օգոստոսի 7-ին եւ ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից։

2. Քաղ. Ս. Գասպարյանը դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ ՀՀ կապի նախարարության, ՀՀ կառավարության, «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ի՝ բնակարանի առուվաճառքը չեղյալ համարելու, գումարը փոխհատուցելու եւ սեփականաշնորհման օրինական իրավունքը վերադարձնելու պահանջներով։

Դատարանը որոշել է, որ «ՀՀ քաղ. դատ. օր.-ի 91 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով հայցադիմումի ընդունումը պետք է մերժել՝ դատարանի քննությանը ենթակա չլինելու պատճառով, քանի որ հայցվորը վիճարկում է ՀՀ Կառավարության 1997թ. որոշումը, որով իբր իրենց բնակարանը վաճառվել է «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ին, իսկ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն՝ դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցի որոշելը, սահմանադրական դատարանի բացառիկ իրավունքն է»։

ՀՀ վճռաբեկ դատարանը 21.04.2006թ. Ս. Գասպարյանի դիմումի վերաբերյալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման։

ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետը սահմանում է. «1. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց՝ oրենքին հակաuող ակտերն անվավեր ճանաչելու մաuին դիմումը, գործերի ենթակայությանը համապատաuխան, տրվում է քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեuական դատարան։

Դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց՝ Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը համապատաuխանության հարցի որոշելը, uահմանադրական դատարանի բացառիկ իրավաuությունն է»։

Քաղ. Ս. Գասպարյանը գտնում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 1 (1-ին մաս), 3, 5 (1-ին մաս), 6 (1-ին, 2-րդ, 6-րդ մասեր), 18, 19, 43 եւ 44 հոդվածների պահանջներին, քանի որ հնարավորություն չի տալիս միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ապահովել քաղաքացու իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանություն, խախտում է իրավական պետության, իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սահմանադրական սկզբունքները, ինչպես նաեւ չի ապահովում Սահմանադրության 31 հոդվածի պահանջների իրականացումը՝ հաշվի առնելով, որ այդ հոդվածին համապատասխան յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը, ինչպես նաեւ՝ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի։

Քաղ. Ա. Զեյնալյանը 13.01.2006թ. դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով ՀՀ Նախագահի հրամանագրի՝ օրենքին համապատասխանության հարցը։ Առաջին ատյանի դատարանը մերժել է դիմումի ընդունումը՝ «ՀՀ քաղ. դատ. օր.-ի 91 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով եւ 160 հոդվածի 1-ին կետով վեճը ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով...»։ Մերժման վերաբերյալ որոշման մեջ նշվել է հետեւյալ պատճառաբանությունը. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, Սահմանադրական դատարանը օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը սահմանադրությանը։ Համաձայն սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 5 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի, Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածին համապատասխան եւ սույն օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի եւ այլ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը։ Համաձայն ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի՝ դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցի որոշելը Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է։ Այսպիսով նշված նորմերի ուժով դիմումը ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա չէ»։

ՀՀ վճռաբեկ դատարանը 24.02.2006թ. Ա. Զեյնալյանի դիմումի վերաբերյալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման։

ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում Ա. Զեյնալյանը, մասնավորապես, նշում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն իր 2006թ. հունվարի 18-ի՝ «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ իրեն զրկել է իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 18 հոդվածով։ Նրա կարծիքով, դրա պատճառը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության շարադրանքի անորոշությունն է, որի պատճառով այն դատական պրակտիկայում կիրառվում է միանշանակ ի վնաս մարդու եւ քաղաքացու դատական պաշտպանության իրավունքի։ Օրենքի այդպիսի անորոշությունը հակասում է իրավական պետության՝ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքին։ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության դրույթների ոչ ճիշտ մեկնաբանությունը դատարանների կողմից անձանց զրկում է ՀՀ Ազգային ժողովի որոշումների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների՝ օրենքին համապատասխանությունը վիճարկելու հնարավորությունից։

3. Պատասխանող կողմը, չընդունելով դիմող կողմերի փաստարկները ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, գտնում է, որ անհրաժեշտ է հարցին համակարգային մոտեցում դրսեւորել։ Նման պարագայում, ըստ պատասխանողի, ակնհայտ կդառնա, որ դատարանի պարտականությունը՝ գործը վարույթ ընդունելու եւ իրավական ակտի օրինականությունը քննության առնելու առումով, ամրագրված է ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունում։ Իսկ նույն հոդվածի 2-րդ պարբերությունում օրենսդիրը շեշտել է սահմանադրական դատարանի բացառիկ իրավազորությունը։ Հետեւաբար, նշված նորմի երկու պարբերությունները պետք է դիտարկվեն միասնության մեջ։

Պատասխանող կողմը գտնում է նաեւ, որ ինչպես ընդհանուր իրավասության դատարանները կոնկրետ գործեր քննելիս, այնպես էլ սահմանադրական դատարանը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելիս պետք է հաշվի առնեն օրենսդրի նման դիրքորոշումը։ Միաժամանակ, պատասխանող կողմը գտնում է, որ դատական այն պրակտիկան, համաձայն որի՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանները ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը վկայակոչելով մերժել են դիմումի ընդունումը, չի բխում ՀՀ օրենսդրության, մասնավորապես՝ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 26-րդ գլխում ամրագրված հոդվածների պահանջներից։

4. ՀՀ օրենսդրությունը նախատեսում է իրավական ակտերի նկատմամբ դատական հսկողության երկու տարատեսակ։ Առաջինը սահմանադրական արդարադատությունն է, որն իրականացնում է ՀՀ սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի հիման վրա որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է նշված ակտերը ճանաչել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։

Երկրորդն ընդհանուր իրավասության դատարանների միջոցով ՀՀ իրավական ակտերի՝ օրենքին համապատասխանության ստուգումն է, որն իրականացնում են ընդհանուր իրավասության դատարանները՝ որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակ։

Ինչպես վկայում է տարբեր երկրների իրավական ակտերի սահմանադրականության ստուգման կամ դրանց՝ օրենքին համապատասխանության հարցին առնչվող օրենսդրության ուսումնասիրությունը, այն երկրներում, որտեղ վարչական արդարադատությունն իրականացնում են վարչական դատարանները, նորմատիվ ակտերի՝ օրենքին համապատասխանության հարցերը քննության են առնվում այդ դատարանների կողմից, իսկ մյուս երկրներում, որտեղ նպատակահարմար չեն գտել ստեղծել նման դատարաններ, իրավական ակտերի՝ օրենքին համապատասխանության հարցը քննության են առնում սահմանադրական կամ ընդհանուր իրավասության դատարանները։ ՀՀ օրենսդրության համաձայն վարչական արդարադատության իրականացման իրավասությամբ ներկայումս օժտված են քաղաքացիական գործեր քննող դատարանները եւ տնտեսական դատարանը։

ՀՀ քաղ. օր.-ի 14 հոդվածում, որում թվարկվում են քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման եղանակները, ի թիվս այլոց, նշվում է նաեւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելու հնարավորությունը (կետ 6)։ Օրենսգրքի հաջորդ՝ 15 հոդվածի 1-ին կետում նշվում է, որ օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատաuխանող եւ քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքներն ու oրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտը դատարանով կարող է ճանաչվել անվավեր։

Նպատակ ունենալով սահմանազատել իրավական ակտի՝ օրենքին համապատասխանության եւ Սահմանադրությանը համապատասխանության հարցերի որոշման իրավազորության շրջանակները, ՀՀ քաղ. օր.-ի 15 հոդվածի 2-րդ կետում օրենսդիրն արձանագրում է, որ ՀՀ uահմանադրական դատարանը, ՀՀ Uահմանադրության 100 հոդվածին համապատաuխան, որոշում է oրենքների, ՀՀ Ազգային ժողովի որոշումների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության որոշումների համապատաuխանությունը ՀՀ Uահմանադրությանը (օրենսգրքի տվյալ հոդվածը դեռեւս չի համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության փոփոխություններին)։ Նման շեշտադրումն ընդգծում է այն իրողությունը, որ ընդհանուր իրավասության դատարանների իրավազորությանն է թողնված նշված ակտերի՝ օրենքին համապատասխանության հարցի որոշումը։

ՀՀ քաղ. օր.-ի 14 եւ 15 հոդվածներում ամրագրված նյութական իրավունքի դատավարական իրացմանն է վերաբերում ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածը։ Համաձայն դրա 1-ին կետի, ինչպես նշվեց, «Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց՝ oրենքին հակաuող ակտերն անվավեր ճանաչելու մաuին դիմումը, գործերի ենթակայությանը համապատաuխան, տրվում է քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեuական դատարան։

Դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց՝ Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը համապատաuխանության հարցի որոշելը, uահմանադրական դատարանի բացառիկ իրավաuությունն է»։

5. ՀՀ քաղ. օր.-ի 14 եւ 15 հոդվածների համապատասխան դրույթների եւ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի բովանդակության համեմատական վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը փորձելով ՀՀ քաղ. օր.-ի 14 եւ 15 հոդվածներում նշված դրույթների պահանջներին համարժեք ձեւավորել դրանց դատավարական լուծման ընթացակարգը, ստեղծել է, սակայն, այնպիսի իրավիճակ, երբ դատավարական իրավունքի նորմն արգելք է դարձել նյութական իրավունքի նորմի իրականացմանը։ Օրենսդիրը՝ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի առաջին մասում ամրագրելով քաղաքացիական եւ տնտեuական գործեր քննող դատարանների պարտավորությունը՝ ընդունել եւ քննել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց՝oրենքին հակաuող ակտերն անվավեր ճանաչելու մաuին դիմումը, երկրորդ պարբերությամբ առանձնացնում է իրավական ակտերի խումբ, որոնց՝ օրենքին համապատասխանության հարցի քննությունը գործնականում դուրս է բերվել դատական վերահսկողության ոլորտից։

ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունն այն մասին, որ «Դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց՝ Հայաստանի Հանրապետության Uահմանադրությանը համապատաuխանության հարցի որոշելը, uահմանադրական դատարանի բացառիկ իրավաuությունն է», ձեւակերպված է իրավաբանորեն ոչ հստակ։ Ինչպես վկայում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի եւ վճռաբեկ դատարանների կայացրած որոշումների ուսումնասիրությունը, այդ դատական ատյանները ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունում տեղ գտած ձեւակերպումը մեկնաբանել են առանց հաշվի առնելու ՀՀ քաղ. օր.-ի 14 եւ 15 հոդվածների եւ ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի պահանջները։ Եթե ընդհանուր իրավասության դատարանները փորձել են ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության դիսպոզիցիան զուգորդել ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի բովանդակության հետ, ապա ակնհայտ է, որ սահմանադրական այդ նորմը չի պարունակում այնպիսի դրույթ, որը կարող էր հիմք ծառայել քաղաքացու դիմումը մերժելու համար։ Նման մերժումը կարող էր արդարացվել միայն այն դեպքում, եթե Սահմանադրությամբ սահմանադրական դատարանին վերապահված լիներ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունում վկայակոչվող իրավական ակտերի՝ օրենքին համապատասխանության հարցի որոշման իրավասությունը, ինչն առկա է շատ երկրներում։ Սակայն ՀՀ օրենսդրությունն այդ իրավասությունը վերապահել է ընդհանուր իրավասության դատարաններին։ Հետեւաբար, դատավարական նորմերը դատարանների լիազորությունների իրացման երաշխիք պետք է ապահովեն, այլ ոչ թե խոչընդոտեն դրանց իրականացմանը՝ ստեղծելով իրավական վակուում։

Քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 2-րդ պարբերության՝ նման ձեւակերպմամբ առկայությունը եւ իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը խոչընդոտում են իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների իրականացումը՝ դատական կարգով բողոքարկելու որոշակի ակտերի՝ օրենքին համապատասխանության հարցը, որի հետեւանքով վտանգվում է արդարադատության մի ամբողջ ինստիտուտ։

6. Դատարանների կողմից նորմատիվ ակտի բովանդակության տարբեր կերպ ընկալումը եւ կիրառումը կարող են ունենալ օբյեկտիվ հիմքեր։ Դա է պատճառը, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87 հոդվածի 1-ին կետը նախատեսում է, որ «Իրավական ակտի դրույթների ոչ հuտակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակաuության կամ oրենքով նախատեuված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպեu նաեւ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում»։

Համաձայն նշված հոդվածի 5-րդ կետի՝ «Դատարանների նախագահների խորհուրդը դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա տալիu է oրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ։ Դատարանների նախագահների խորհրդի oրենքների կիրառման պարզաբանումները ենթակա են հրապարակման»։ Համաձայն օրենքի՝ նշված պաշտոնական պարզաբանումները պարտադիր բնույթ չունեն, uակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում անձինք իրավունք ունեն առաջնորդվել պաշտոնական պարզաբանումներով (հոդված 87, կետ 6)։ Դատական քննության ընթացքում պարզվեց, որ կապված ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության պարզաբանման հետ՝ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը հարց չի քննել։

7. ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ ընդհանուր իրավասության դատարանները ՀՀ Նախագահի եւ ՀՀ կառավարության կողմից ընդունված իրավական ակտերի՝ օրենքին համապատասխանության վերաբերյալ դիմումներին առնչվող հարցը քննելիս, հիմք ընդունելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը, որպես կանոն, մերժել են դրանց քննության ընդունումը։ Ձեւակերպումը բոլոր դատական ակտերում գրեթե նույնն է՝ «ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն՝ դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշելը, սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է»։ Նշված հիմքով ընդհանուր իրավասության դատական բոլոր ատյանների կողմից դիմումների մերժումը վկայում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության նման ձեւակերպումը դատական պրակտիկայում ընդհանրական բնույթ ունեցող դիրքորոշման ձեւավորման պատճառ է դարձել։ Նման իրավիճակը կարող է լրջորեն խոչընդոտել իրավունքի տարբեր սուբյեկտների՝ օրենքով պաշտպանվող ցանկացած իրավունքի խախտման դատական պաշտպանությանը։

Ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրության 93 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը, հետեւաբար, նրա իրավասությունն է Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետում թվարկված իրավական ակտերի սահմանադրականության որոշման հարցը, միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ ՀՀ Ազգային ժողովի որոշումների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների՝ օրենքին համապատասխանության հարցի որոշումը ներկայումս վերապահված է ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններին։

Ընդհանուր իրավասության դատարանների կողմից ձեւավորված դիրքորոշումը, սակայն՝ կապված ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության մեկնաբանության հետ, ոչ միայն համահունչ չէ ՀՀ քաղ. օր.-ի 15 հոդվածի 1-ին կետին, այլ նաեւ հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 4-րդ կետի այն դրույթին, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն, ի թիվս այլոց, ունեն ՀՀ առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը՝ oրենքին կամ uույն oրենքով նախատեuված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակաuող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մաuով։ Միաժամանակ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածը սահմանում է, որ «Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշումները, գերատեuչական իրավական ակտերը եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրածների, ներքին եւ անհատական իրավական ակտերը չպետք է հակաuեն oրինական ուժի մեջ մտած ընդհանուր իրավաuության դատարանների դատական ակտերին»։

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության բովանդակության նման ձեւակերպումը, ինչպես նաեւ դրա կիրառման վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանների առկա դիրքորոշումը չեն երաշխավորում իշխանությունների հավասարակշռումը, լուրջ բաց են առաջացրել իրավական ակտերի դատական վերահսկողության առումով եւ վտանգում են ՀՀ Սահմանադրության 18 հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված՝ անձի իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրականացումը։ Իրավական պետությանն անհարիր է այն իրավիճակը, երբ օրենքով ու իրավակիրառական պրակտիկայի կողմից բացառվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա առանձին իրավական ակտերի՝ օրենքին համապատասխանության հարցի դատական վերահսկողությունը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը՝ իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 եւ 19 հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 նոյեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-665

print page Տպել էջը