ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՆԻՆԱ ՀԱՑԱԳԱՐՅԱՆԻ ԵՎ ԳԵՂԱՄ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187 ԵՎ 280 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 նոյեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ դիմող Գ. Միրզոյանի, պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 32, 60 եւ 69 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Նինա Հացագարյանի եւ Գեղամ Միրզոյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187 եւ 280 հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ քաղաքացիներ Նինա Հացագարյանի եւ Գեղամ Միրզոյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը վերաբերում են նույն հարցին, որոշել է դրանք միավորել եւ քննել դատարանի նույն նիստում։

Գործի քննության առիթը քաղաքացիներ Նինա Հացագարյանի եւ Գեղամ Միրզոյանի դիմումներն են սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով գործով զեկուցողի զեկուցագիրը, դիմող Ն. Հացագարյանի եւ պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, գործի մյուս նյութերը, լսելով դիմող Գ. Միրզոյանի պարզաբանումը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998թ. հուլիսի 28-ին եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից։

2. Քաղ. Ն. Հացագարյանը, հիմք ընդունելով, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանն իր՝ 14.11.2003թ. եւ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իր՝ 24.02.2004թ. վճիռներով, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատն իր՝ 27.05.2004թ. եւ 30.06.2006թ. որոշումներով իր նկատմամբ կիրառել են ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի 1-ին մասի եւ 280 հոդվածի դրույթները, դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելով այդ դրույթների սահմանադրականությունը։

Քաղ. Գ. Միրզոյանը, հիմք ընդունելով, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանն իր՝ 27.08.2002թ., 11.03.2003թ. եւ 09.03.2006թ. վճիռներով, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատն իր՝ 30.06.2006թ. որոշմամբ իր նկատմամբ կիրառել են ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածը եւ 280 հոդվածի դրույթները, դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելով այդ դրույթների սահմանադրականությունը։

Քննության առարկա գործով Ն. Հացագարյանը վիճարկում է ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի 1-ին մասի եւ 280 հոդվածի, Գ. Միրզոյանը՝ 187 եւ 280 հոդվածների դրույթների սահմանադրականությունը։

Վիճարկելով ՀՀ քաղ. օր.-ի՝ քննության առարկա դրույթները, դիմողները գտնում են, որ դրանք հակասում են՝ ըստ Ն. Հացագարյանի դիմումի՝ ՀՀ Սահմանադրության 3 հոդվածին, 8 հոդվածի 1-ին մասին, 31 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերին, ըստ Գ. Միրզոյանի դիմումի՝ ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին մասին, 31 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին:

3. ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Քաղաքացի Սարգյուլ Հակոբյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ հողային օրենսգրքի 100 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի ՍԴՈ-650 որոշումը, որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերը, 60 հոդվածի 1-ին կետը, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 43 հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերը, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 1-ին մասով գործի քննությունը կարճել։

Չնայած նշված գործով վիճարկվում էր ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, սակայն սահմանադրական դատարանն այլ նորմերի հետ համակարգային առումով փոխկապվածության համատեքստում գնահատական է տվել նաեւ ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 2-րդ մասին՝ նշելով, որ այն հանդես է գալիս որպես «սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք» (ՍԴՈ-650, 5-րդ կետ եւ 6-րդ կետի 2-րդ ենթակետ): ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները եւ պարտականությունները դադարելու համար, մինչեւ այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը»։ Սույն գործի համատեքստում նույնպես սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 2-րդ մասի դրույթները հանդես են գալիս որպես ՀՀ Սահմանադրության 8 եւ 31 հոդվածներում ամրագրված սեփականության իրավունքի ապահովման միջոց՝ այն դեպքում, երբ առկա է սեփականության իրավունքից հրաժարումը, սակայն այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ դեռեւս սեփականության իրավունք ձեռք չի բերվել։ ՀՀ քաղ. օր.-ի 280 հոդվածի 2-րդ մասի հիմքով ոչ միայն շեշտվում է սեփականության իրավունքի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, այլեւ սեփականատիրոջ կողմից սեփականության իրավունքի իրացման հետ կապված պարտավորությունները։

4. ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի սահմանադրականության առնչությամբ դիմող Ն. Հացագարյանը նշում է. «...ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ

Սահմանադրության 8 հոդվածի 1-ին պարբերությանը..., քանի որ սահմանափակել են իմ տնօրինման, տիրապետման եւ օգտագործման իրավունքը ինքնակամ կառույց հանդիսացող քարե ավտոտնակի եւ դրանով ծանրաբեռնված 32ք/մ մակերեսով հողամասի նկատմամբ՝ դրա 28ք/մ մակերեսի նկատմամբ ճանաչելով այլ անձի սեփականության իրավունքը: Ինձ անհիմն զրկել են 4ք/մ մակերեսով հողատարածքի իմ սեփականության իրավունքից՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 2-րդ պարբերության... եւ հողի նկատմամբ ճանաչելով այլ պետության քաղաքացու իրավունքները՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 4-րդ կետի պահանջները...»:

Դիմող Գ. Միրզոյանը ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու առնչությամբ նշում է, որ այդ հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի 1-ին պարբերության եւ 31 հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերությունների պահանջներին, «...քանի որ Մարգարյան 2-րդ նրբ. 12 շենք 34բ. հասցեի բնակտարածությունը ձեռք եմ բերել առք ու վաճառքի պայմանագրով 1993թ.: ... Ես երբեւէ չեմ հրաժարվել բնակտարածքի իմ իրավունքից այն օտարելով կամ ... այլ կերպ»:

5. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմողների հարցադրումը հիմնավոր չէ եւ ՀՀ քաղ. օր.-ի վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Նախ. «Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունք ունենալու եւ այդ իրավունքի՝ պետության կողմից պաշտպանվելու սկզբունքները չեն կարող բացարձակ լինել»։ Երկրորդ՝ ձեռքբերման վաղեմության ինստիտուտը նպատակ ունի իրավաբանական նշանակություն հաղորդել գոյություն ունեցող փաստացի հարաբերություններին եւ նպաստել քաղաքացիական շրջանառության կայունությանը։ Այդ ինստիտուտը կոչված է պաշտպանելու գույքի երկարատեւ, բացահայտ եւ անընդմեջ տիրապետողի իրավունքները եւ չի կարող համարվել հակասահմանադրական։

6. Առաջադրելով ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածի սահմանադրականության հարցը, իրականում դիմողները հարցադրում են կատարում կոնկրետ գործով դրա ճիշտ կիրառման վերաբերյալ, ինչն ընդհանուր իրավասության դատարանների իրավազորության խնդիր է եւ ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը: Սահմանադրական դատարանը հարկ է համարում ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածին անդրադառնալ ըստ էության՝ հիմք ընդունելով, որ դիմողները, չնայած պատշաճ հիմնավորման բացակայությանը, վիճարկում են, փաստորեն, ընդհանրապես ձեռքբերման վաղեմության ինստիտուտի (ՀՀ ՔՕ-ի 187 հոդված) սահմանադրականությունը։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ձեռքբերման վաղեմությունը

դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին։ Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի՝ որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տեւական տիրապետում։

Այս նախապայմանները բացառում են ուրիշի գույքը որպես սեփականություն ձեռք բերելու հնարավորությունը, որին տիրապետողը տիրապետում եւ օգտագործում է, մասնավորապես, վարձակալության, պահատվության կամ այլ պայմանագրերի հիման վրա, թեկուզեւ՝ բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ եւ երկարատեւ, սակայն իր պայմանագրային պարտավորությունների գիտակցմամբ այն համարելով ուրիշի գույք եւ այն տիրապետելով ոչ որպես սեփական գույք։ Այն կոչված է պաշտպանելու գույքի բարեխիղճ տիրապետողի իրավունքները։ ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը։ Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետողի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն։

Ձեռքբերման վաղեմության ինստիտուտի իրավական կարգավորումը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային այն առումով, որ այն նախապայմանները, որոնք սեփականության իրավունքի երաշխիք են հանդիսանում, ճանաչվում եւ գնահատվում են դատարանի կողմից: Եվրոպական դատարանի դիրքորոշմամբ՝ այն ոլորտներում, որտեղ չարաշահումների պոտենցիալ հնարավորությունը մեծ է կոնկրետ իրավիճակներում, եւ դա կարող է ունենալ վտանգավոր հետեւանքներ ընդհանրապես ժողովրդավարական հասարակության համար, սկզբունքորեն ցանկալի է, որպեսզի հսկողական գործառույթներն իրականացնի դատարանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերի, 60 հոդվածի 1-ին կետի պահանջների հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասով գործի քննությունը կարճել։

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 նոյեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-667

print page Տպել էջը