ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 31 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 22 դեկտեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ դիմող՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի եւ 101 հոդվածի 8 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 եւ 68 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանըհամապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումն է սահմանադրական դատարան։

Լսելով գործով զեկուցող՝ ՍԴ անդամ Հ. Դանիելյանի հաղորդումը, դիմող կողմի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի եւ պատասխանող կողմի՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի բացատրությունները, հետազոտելով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ 2002 թվականի հուլիսի 3-ին, Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 2002թ. օգոստոսի 7-ին եւ ուժի մեջ է մտել 2002թ. նոյեմբերի 15-ին։

2002թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», որի հոդված 20-ով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ մասը վերաշարադրվել է։

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի վերաշարադրված 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը սահմանում են.

«Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե՝

2) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններից յուրաքանչյուրում ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն,

3) չի մասնակցել Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով մեկ ընտրության, իսկ դրան նախորդող կամ հաջորդող ընտրության ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն»։

2. Դիմողը՝ համաձայն իր դիմումի, գտնում է, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության28 հոդվածի 2-րդ մասին եւ 43 հոդվածի 1-ին մասին։ Դատաքննության ընթացքում դիմողը, վկայակոչելով նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասը, դիրքորոշում արտահայտեց, որ իր կողմից մատնանշված հիմքերով Սահմանադրությանը չի համապատասխանում նաեւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթը, համաձայն որի՝ կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե «Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրություններին չի մասնակցել»։ Դիմողը գտնում է, որ Սահմանադրությանը չի համապատասխանում նաեւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 4-րդ մասի այն դրույթը, համաձայն որի՝ «Կուuակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաuտանի Հանրապետությանը»։

Դիմողի կարծիքով, ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի 2-րդ մասով ամրագրված է յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունքը։ Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ Սահմանադրությամբ ամրագրված որոշ հիմնական իրավունքներ եւ ազատություններ (այդ թվում՝ 28 հոդվածով ամրագրված իրավունքը) կարող են սահմանափակվել օրենքով՝ այդ հոդվածով սահմանված նպատակներին հասնելու համար։

Դիմողը վիճարկվող իրավական նորմերի հակասահմանադրականության վերաբերյալ իր պնդումը հիմնավորում է այն փաստարկով, որ, նախ՝ խախտվում է մարդկանց միավորումներ (մասնավորապես՝ կուսակցություններ) կազմելու եւ դրանց անդամագրվելու սահմանադրական իրավունքը։ Երկրորդ՝ ընտրություններում անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքելու հիմքով կուսակցության լուծարումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման նպատակներին։

Դիմողը գտնում է, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասում են նաեւ ՀՀ Սահմանադրության7 հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն՝ «Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը», եւ ակնհայտ է, որ այդ իմաստով համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ քանակությամբ ձայներ չհավաքած կուսակցությունը, գործունեությունը շարունակելու պարագայում, նույնպես կարող է նպաստել ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը։

3. Պատասխանողը, չվիճարկելով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի եւ Սահմանադրության առանձին դրույթների անհամապատասխանության հանգամանքը, միաժամանակ գտավ, որ, նախ՝ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ, այն կարող է սահմանափակվել օրենքով, ինչպիսի սահմանափակումներ նախատեսված են նաեւ քննության առարկա օրենքի 5-րդ հոդվածով,

երկրորդ՝ համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի՝ կուսակցության գործունեության նպատակը հասարակության եւ պետության քաղաքական կյանքին մասնակցելն է։ Ուստի օրենսդիրն առաջնորդվել է այդ մասնակցությունն ապահովելու տրամաբանությամբ,

երրորդ՝ միջազգային փորձը վկայում է, որ համանման պրակտիկա կա նաեւ տարբեր այլ երկրներում,

չորրորդ՝ ՀՀ Սահմանադրության 117 հոդվածի համաձայն՝ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում պետք է գործող օրենքները համապատասխանեցնի այդ փոփոխություններին։ Ներկայումս մշակվում է կուսակցությունների մասին նոր օրենքի նախագիծ, որում հաշվի կառնվեն Սահմանադրության 117 հոդվածի 1-ին կետի պահանջները։

Պատասխանողի կարծիքով, նույն մոտեցումները պետք է դրսեւորվեն նաեւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթի առնչությամբ։ Ինչ վերաբերում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 4-րդ մասի այն դրույթին, համաձայն որի՝ «Կուuակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաuտանի Հանրապետությանը», պատասխանողը համակարծիք էր դիմող կողմի հետ, որ տվյալ հիմքերով կուսակցության նկատմամբ չի կարող կիրառվել սեփականազրկման ինստիտուտը։

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությունը կուսակցությունների գործունեության ապահովման մի շարք երաշխիքներ է ամրագրել։ Նախ՝ Սահմանադրության 7 հոդվածը սահմանում է, որ կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը։ Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին։ Սահմանադրության 28 հոդվածը նախատեսում է, որ. «Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ կազմելու եւ դրանց անդամագրվելու իրավունք։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք։ Կուսակցություններ եւ արհեստակցական միություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են սահմանափակվել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաեւ դատավորների եւ սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ»։ Միաժամանակ նույն հոդվածով ամրագրված է, որ. «Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով»։ Ակնհայտ է, որ Սահմանադրությամբ նախատեսված է կուսակցությունների գործունեությանը դատական կարգով միջամտելու երկու ինստիտուտ՝ կասեցնել կամ արգելել նրանց գործունեությունը։

Երկրորդ՝ Սահմանադրության 43 հոդվածի համաձայն՝ «Մարդու եւ քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32 հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»։ Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է նաեւ, որ. «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»։ Մի շարք միջազգային պայմանագրերով, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (հոդվ. 11) ու Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (հոդվ. 22), Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է պարտավորություններ՝ երաշխավորել մարդկանց միավորվելու ազատության իրավունքը, այդ իրավունքների սահմանափակումների հիմքում դնելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը։

Երրորդ՝ ըստ Սահմանադրության 100 հոդվածի 9-րդ կետի՝ ՀՀ սահմանադրական դատարանի իրավասությանն է վերաբերում օրենքով նախատեսված դեպքերում կուսակցությունների գործունեության կասեցումը կամ արգելումը։ Բացի դրանից, առանձնահատուկ կարեւորություն տալով այս իրավասությանը, Սահմանադրության 102 հոդվածը նախատեսում է, որ եթե այլ գործերով սահմանադրական դատարանն իր որոշումներն ընդունում է անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա կուսակցությունների գործունեության կասեցման կամ արգելման հարցերով որոշումներն ընդունում է անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

5. Միջազգային իրավական եւ սահմանադրական նշված պահանջները «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում իրացվել են հետեւյալ կարգով։ Նախ՝ օրենքի հոդված 2-ով սահմանվում է, որ կուuակցություններում միավորվելու իրավունքն իրականացվում է ազատորեն՝ համոզմունքներին համապատաuխան, կամավոր հիմունքներով կուuակցություններ uտեղծելու, նրանց ծրագրերն եւ կանոնադրություններն ընդունելու պայմանով նրանց անդամակցելու, կուuակցությունների ծրագրային նպատակներին համապատաuխան եւ կանոնադրությամբ uահմանված կարգով նրանց գործունեությանը մաuնակցելու, ինչպեu նաեւ կուuակցությունից ազատորեն դուրu գալու միջոցով։

Երկրորդ՝ «կուսակցություն» հասկացության առնչությամբ օրենքի հոդված 3-ը սահմանում է, որ «Կուuակցությունը անհատական անդամության հիման վրա uտեղծված հաuարակական միավորում է, որի գործունեության նպատակը հաuարակության եւ պետության քաղաքական կյանքին մաuնակցելն է»։

Օրենքի նույն հոդվածը նախատեսում է միայն երեք սահմանափակում, որոնց պարագայում կուսակցությունը չի կարող ճանաչվել որպես այդպիսին։ Դրանք են.

1) թույլատրում է նրանում oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ «Կուսակցությունների մասին» oրենքով նախատեuված դեպքերի, ինչպեu նաեւ oտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների անդամակցությունը.

2) նախատեuում է անձանց անդամակցությունը միայն մաuնագիտական, ազգային, ռաuայական, կրոնական հատկանիշներով.

3) նախատեuում է այնպիuի անձանց անդամակցությունը, որոնք «Կուսակցությունների մասին» oրենքին համապատաuխան չեն կարող լինել կուuակցության անդամ։

Երրորդ՝ օրենքի 9 հոդվածով արգելվում է այնպիսի կուսակցությունների ստեղծումն ու գործունեությունը, որոնց նպատակները կամ գործունեությունն ուղղված են Հայաuտանի Հանրապետության uահմանադրական կարգի եւ Հայաuտանի Հանրապետության տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը, զինված կազմավորումների uտեղծմանը, ազգային, ռաuայական, կրոնական ատելության բորբոքմանը, բռնություն եւ պատերազմ քարոզելուն։

Չորրորդ՝ անդրադառնալով կուսակցությունների պետական գրանցման ինստիտուտին, օրենքի 14 հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կուսակցության պետական գրանցումը կարող է մերժվել։ Դա կարող է տեղի ունենալ, եթե կուuակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները հակաuում են Հայաuտանի Հանրապետության oրենքներին, կամ չեն պահպանվել պետական գրանցման համար «Կուսակցությունների մասին» oրենքով uահմանված պահանջները։ Տվյալ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է նաեւ, որ կուuակցության պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

Հինգերորդ՝ օրենսդիրը նաեւ օրենքի 30 հոդվածում վերարտադրել է սահմանադրական նորմի պահանջն առ այն, որ կուuակցության գործունեությունը կարող է արգելվել uահմանադրական դատարանի որոշմամբ (հոդվածի 2-րդ մասը՝ սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների առումով, չի համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության փոփոխություններին)։

Վեցերորդ՝ օրենքի 31 հոդվածը, որը կոչված է կանոնակարգելու կուսակցությունների լուծարման հետ կապված իրավահարաբերությունները, սահմանում է.

«1. Կուuակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը կուuակցության համագումարի որոշմամբ՝ uույն oրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մաuով uահմանված կարգով։

2. Կուuակցությունը ենթակա է լուծարման, եթե՝

1) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններում համամաuնական ընտրակարգով ընտրություններին չի մաuնակցել.

2) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններից յուրաքանչյուրում uտացել է քվեարկությանը մաuնակցած բոլոր կուuակցությունների ընտրական ցուցակների oգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի մեկ տոկոuից պակաu ձայն.

3) չի մաuնակցել Ազգային ժողովի՝ համամաuնական ընտրակարգով մեկ ընտրության, իuկ դրան նախորդող կամ հաջորդող ընտրության ժամանակ uտացել է քվեարկությանը մաuնակցած բոլոր կուuակցությունների ընտրական ցուցակների oգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի մեկ տոկոuից պակաu ձայն.

4) եթե պետական լիազորված մարմինը չի ծանուցվել uույն oրենքի 5-րդ հոդվածի 1.1-րդ մաuի պահանջների կատարման մաuին։

3. Uահմանադրական դատարանի որոշմամբ կուuակցության գործունեության արգելման դեպքում կուuակցությունը ենթակա է լուծարման։

4. Uույն հոդվածի առաջին մաuով uահմանված դեպքում կուuակցության լուծարումից հետո մնացած գույքը կանոնադրությամբ նախատեuված դեպքում համագումարի որոշմամբ կարող է փոխանցվել Հայաuտանի Հանրապետությունում գրանցված հաuարակական կազմակերպության կամ հիմնադրամի կամ Հայաuտանի Հանրապետությանը։

Կուuակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաuտանի Հանրապետությանը»։

6. Սահմանադրական դրույթների եւ օրենքի դրույթների համեմատական վերլուծությունը վկայում է, որ օրենքում որեւէ անդրադարձ չի կատարվել կուսակցությունների գործունեության կասեցման ինստիտուտին, այն դեպքում, երբ Սահմանադրության պահանջն է օրենքով նախատեսել այն դեպքերը, որոնք կուսակցությունների գործունեության կասեցման կամ արգելման հիմք կարող են դառնալ։ Դրա փոխարեն օրենքը նախատեսել է Սահմանադրությամբ չամրագրված մեկ այլ ինստիտուտ՝ կուսակցությունների լուծարման ինստիտուտը։

Օրենքի 31 հոդվածի վերլուծությունը վկայում է, որ, նախ՝ առկա են կուսակցությունների լուծարման մի շարք հիմքեր, որոնք գործում են անկախ սահմանադրական դատարանի միջամտությունից։ Երկրորդ՝ եթե սահմանադրական դատարանի որոշմամբ կուսակցության գործունեության արգելման հետեւանք է դրանց լուծարումը, ապա օրենքի 31 հոդվածի տրամաբանությամբ՝ կուսակցությունների գործունեության արգելումն է դառնում լուծարման հետեւանք։ Ընդ որում, լուծարումն իրականացնում են «պետական լիազորված մարմինը» եւ ընդհանուր իրավասության դատարանները։ Երրորդ՝ համաձայն այս հոդվածի տրամաբանության, հասարակության եւ պետության քաղաքական կյանքին կուսակցության մասնակցությունը գործնականում հանգեցվում է միայն համամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին պարտադիր մասնակցությանը։ Չորրորդ՝ կուuակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաuտանի Հանրապետությանը, այսինքն՝ տեղի է ունենում սեփականությունից զրկելու գործընթաց, որը համահունչ չէ Սահմանադրության 31 հոդվածի պահանջներին, քանի որ խոսքը չի վերաբերում կուսակցության գործունեության արգելմանը եւ դատական կարգով պատասխանատվության ենթարկելուն։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի բերված դրույթների շրջանակներում օրենսդրի կողմից ոչ միայն հետեւողականություն չի դրսեւորվել սահմանադրական դրույթների օրենսդրական երաշխավորումն ապահովելու ուղղությամբ, այլեւ օրենքում տեղ են գտել նորմեր, որոնք շեղվում են սահմանադրական կարգավորման տրամաբանությունից։ Մասնավորապես, գործող օրենքով առավել հեշտացվել են կուսակցությունների գործունեության արգելման ընթացակարգերը՝ շրջանցելով սահմանադրական դատարանը։ Փաստորեն, Սահմանադրությամբ նախատեսված՝ միավորումների (կուսակցությունների) ազատության սահմանափակումները «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում դառնում են լուծարման ճանապարհով այդ ազատության արգելափակման միջոց։ Դա առավել ներգործուն է դառնում, երբ օրենքի նորմերը, դրանց հնարավոր փոփոխությունները, գործադրվում են, այսպես կոչված, վերագրանցման ինստիտուտի պարագայում (իրավակիրառական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի գործողության մեջ մտնելու պահից տվյալ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի հիմքով ընդհանուր իրավասության դատարանների վճիռներով լուծարվել է 49 կուսակցություն)։ Բացի դրանից, տարբերություն չի դրվում կուսակցության գրանցման եւ դրա գոյությունը՝ որպես իրավաբանական սուբյեկտի, դադարեցնելու միջեւ։ Միջազգային պրակտիկան վկայում է, որ եթե կուսակցությունը, որպես այդպիսին, պետական համապատասխան գրանցամատյանում չի ներառվել, ապա այն շարունակում է իր գործունեությունը որպես ընդհանուր միավորում, ինչպես նաեւ նա պետք է պահպանի իր սեփականությունը։

Միաժամանակ, օրենքի 31 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերը համահունչ չեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 եւ 11 հոդվածների պահանջներին, որովհետեւ միությունների ազատության վերաբերյալ սահմանափակումը չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավական դիրքորոշումներին, համաձայն որոնց՝ կուսակցությունների գործունեության դադարեցման միջոցը պետք է հետապնդի օրինական նպատակ եւ անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակության համար։ Այն նպատակը, որը հետապնդում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի հիշյալ նորմերով նախատեսված լուծարման միջոցը, հստակ կամ ընդհանրապես ակնհայտ չէ։ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 8, 20 եւ 21 հոդվածներում ամրագրված են դրանց գործունեության կազմակերպման իրավական այնպիսի սկզբունքներ եւ միջոցներ, ինչպիսիք են.

- կուսակցություններն ազատ են իրենց իրավաչափ գործունեության եղանակները, մեթոդները եւ ձեւերը որոշելիս,

- պետական ներկայացուցչական մարմինների ընտրություններին մասնակցելը, Ազգային ժողովի պատգամավորների, ՀՀ Նախագահի թեկնածուներ առաջադրելը կուսակցության իրավունքն է եւ ոչ թե՝ պարտականությունը:

Հետեւաբար, քաղաքական կյանքին շարունակական մասնակցության պայմաններում էլ կուսակցության իրավունքների մասնակի չիրացման արդյունքում (Ազգային ժողովի միայն համամասնական ընտրակարգով ընտրություններին չմասնակցելը կամ մեկ տոկոսից պակաս ձայն ստանալը) օրենքով (31 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետեր) իրավական բացասական հետեւանքների նախատեսումը (լուծարումը) հանգեցնում է ոչ միայն իրավահարաբերության կարգավորման իրարամերժ սկզբունքների եւ միջոցների կիրառմանը, որն օրենքին հաղորդում է իրավական անհամաչափություն, այլեւ՝ վտանգում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված միավորումներ կազմելու անձանց իրավունքի անխախտելիությունը:

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման, կուսակցությունների գործունեության դադարեցումը կամ արգելումը պետք է բացառիկ դեպք լինի, երբ վտանգվում են մարդկանց հիմնարար իրավունքները, երկրի սահմանադրական կարգը, կամ անհրաժեշտ է բացառել բռնությունները։ Միջամտությունը կուսակցությունների գործունեությանը պետք է համարժեք լինի հետապնդվող նպատակին։ Պետք է ապահովված լինեն միջամտության ընթացակարգային երաշխիքներն այն հաշվով, որ կուսակցությունների արգելումը կամ գործունեության հարկադրանքով կասեցումն իրականացվի դատական կարգով՝ սահմանադրական երաշխիքների շրջանակներում։

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի, 19 հոդվածի 2-րդ մասի, 27 հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաեւ վերոնշյալ դրույթների վերլուծությունը վկայում է, որ լուծարման ինստիտուտը կամավորության սկզբունքի վրա հիմնված ինքնալուծարման բնույթ ունի։ Այդ ինստիտուտը, վիճարկվող նորմերով նախատեսված հիմքերով պետական հարկադրանքի միջոցով, առանց սահմանադրական դատարանի որոշման, կուսակցությունների գործունեության արգելման միջոց չի կարող դառնալ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի 2-րդ մասին եւ 43 հոդվածին հակասող եւ անվավեր։

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի հիմքերով Սահմանադրության 28 հոդվածի 2-րդ մասին եւ 43 հոդվածին հակասող եւ անվավեր ճանաչել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի 31 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այն դրույթը, համաձայն որի՝ «Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրություններին չի մասնակցել»։

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասի հիմքերով Սահմանադրության 31 հոդվածին հակասող եւ անվավեր ճանաչել նաեւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի 31 հոդվածի 4-րդ մասի այն դրույթը, համաձայն որի՝ «Կուսակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը»։

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

22 դեկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-669

print page Տպել էջը