ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 26 դեկտեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 եւ 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի ապրիլի 25-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը՝ մուտքագրված 2006 թվականի նոյեմբերի 23-ին։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի ապրիլի 25-ին Երեւանում՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության տարածքներում, փոխադարձաբար, երկու Կողմերի ներդրողների ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը եւ երկու երկրների միջեւ փոխադարձ շահավետ պայմանների հիման վրա տնտեսական համագործակցության ամրապնդումը։

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, մասնավորապես, ստանձնում է հետեւյալ պարտավորությունները.

- խրախուսել ՀՀ տարածքում Լիտվական կողմի ներդրողների ներդրումներ կատարելը եւ ընդունել այդպիսի ներդրումները՝ ՀՀ օրենքներին եւ իրավական ակտերին համապատասխան (հոդված 2).

- բոլոր դեպքերում ապահովել Լիտվական կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ արդար եւ հավասար ռեժիմ, նրանց ամբողջական անվտանգությունը եւ պաշտպանությունը, ինչպես նաեւ կամայական կամ խտրական միջոցներով չվնասել Լիտվական կողմի ներդրողների ներդրումների կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ տիրապետմանը.

- Լիտվական կողմի ներդրողների ներդրումներին տրամադրել ՀՀ ներդրողների կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին տրամադրվող ռեժիմից ոչ պակաս բարենպաստ ռեժիմ.

- չօտարել, չազգայնացնել կամ չձեռնարկել դրանց հավասարազոր հետեւանքներ առաջացնող միջոցառումներ Լիտվական կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի օտարումը բխում է հասարակական շահերից եւ իրականացվում է օրենքի շրջանակներում, առանց խտրականության եւ նախնական համարժեք փոխհատուցմամբ.

- ՀՀ տարածքում պատերազմական կամ այլ արտակարգ իրավիճակների հետեւանքով Լիտվական կողմի ներդրողների կողմից կորուստներ կրելու դեպքում նրանց տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան ՀՀ կամ որեւէ երրորդ պետության ներդրողներին տրամադրված ռեժիմը.

- երաշխավորել դեպի ՀՀ տարածք եւ ՀՀ տարածքից դուրս Լիտվական կողմի ներդրողների ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցումը.

- փոխանցումները՝ առանց անհիմն ուշացման, կատարել այն արժույթով, որով իրականացվել է սկզբնական ներդրումը, կամ ազատ փոխարկելի արժույթով՝ ներդրողի համաձայնությամբ.

- Հայաստանի Հանրապետության եւ Լիտվական կողմի ներդրողի միջեւ ծագած վեճերը՝ կապված ՀՀ տարածքում վերջինիս ներդրման հետ, հնարավորության սահմաններում լուծել բարեկամաբար.

- Հայաստանի Հանրապետության եւ Լիտվական կողմի ներդրողի միջեւ ծագած վեճերը՝ կապված ՀՀ տարածքում վերջինիս ներդրման հետ, միջնորդ դատարանի քննությանը ներկայացնելու դեպքում ճանաչել միջնորդ դատավարության որոշման վերջնական եւ պարտադիր բնույթը։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 եւ 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 2006 թվականի ապրիլի 25-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-671

print page Տպել էջը