ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱԱԳԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԺՆԵՎՅԱՆ ԱԿՏՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 26 դեկտեմբերի 2006թ .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 եւ 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1999 թվականի հուլիսի 2-ին Ժնեւում ստորագրված՝ Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի Ժնեւյան ակտում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հաագայի համաձայնագրի Ժնեւյան ակտը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի Ժնեւյան ակտն ընդունվել է 1999 թվականի հուլիսի 2-ին։

2006 թվականի հունվարի 15-ի դրությամբ Հաագայի համաձայնագրին մասնակցում են 42, իսկ Ժնեւյան ակտին՝ 19 պետություններ։

Հաագայի համաձայնագիրը բաղկացած է 3 միջազգային պայմանագրերից. 1934թ. Լոնդոնյան ակտը, 1960թ. Հաագայի ակտը եւ 1999թ. Ժնեւյան ակտը, որոնք առանձին վերցրած ինքնուրույն են եւ լիովին անկախ մեկը մյուսից։

Անդամակցող երկրները կարող են միանալ միայն մեկին, երկուսին կամ բոլոր երեք ակտերին։

2. Հաագայի համաձայնագիրը միջազգային գրանցման համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո ներկայացված միայն մեկ հայտով արդյունաբերական նմուշի պահպանություն ստանալ մի շարք երկրներում եւ/կամ միջկառավարական կազմակերպություններում։

Վերոնշյալ համաձայնագրին միանալը հնարավորություն կտա ՀՀ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրենց ստեղծած արդյունաբերական նմուշների իրավական պահպանությունը մասնակից պետություններում ապահովել համեմատաբար պարզ ընթացակարգով եւ տնտեսապես շահավետ պայմաններով։

3. Հաագայի համաձայնագրի 1999թ. Ժնեւյան ակտում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9, 33.1., 42 եւ 42.1. հոդվածներին եւ ընդլայնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին /եւ իրավաբանական անձանց/ վերոնշյալ հոդվածներով վերապահված իրավունքների իրականացման հնարավորությունները։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 եւ 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1999 թվականի հուլիսի 2-ին Ժնեւում ստորագրված՝ Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի Ժնեւյան ակտում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2006 թվականի
ՍԴՈ-672

print page Տպել էջը