ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 21 նոյեմբերի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ.Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1995 թվականի փետրվարի 1-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ նշված շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, հետազոտելով շրջանակային կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Շրջանակային կոնվենցիան ստորագրվել է 1995 թվականի փետրվարի 1-ին՝ Ստրասբուրգում, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1997 թվականի հուլիսի 25-ին։

Նկատի ունենալով, որ ազգային փոքրամասնությունների եւ այդ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավական պաշտպանության անքակտելի մասն է, սույն շրջանակային կոնվենցիան անդամ պետություններին պարտավորեցնում է գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովվեն՝ այդ խմբի մարդկանց համար կենսական կարեւոր նշանակություն ունեցող այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են օրենքի առաջ հավասարությունը եւ օրենքի հավասար պաշտպանությունը. տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում ազգային փոքրամասնությունների եւ բնակչության մեծամասնությանը պատկանող անձանց միջեւ լիակատար եւ իրական հավասարությունը. ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար կարեւոր նշանակություն ունեցող այնպիսի հիմնական տարրերի, ինչպիսիք են մշակութային ժառանգությունը, կրոնը, լեզուն եւ ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու հնարավորությունը։

Շրջանակային կոնվենցիայի Կողմերը պարտավոր են պահպանել եւ իրականացնել դրանում ամրագրված սկզբունքները։ Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում նրանց թույլատրվում է այնպիսի սահմանափակումներ եւ շեղումներ կատարել, որոնք նախատեսված են միջազգային իրավական փաստաթղթերում, մասնավորապես, մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիաներում։

Շրջանակային կոնվենցիան ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար նախատեսում է մի շարք պարտականություններ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

21 նոյեմբերի 1997 թվականի
ՍԴՈ - 69

print page Տպել էջը