ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 16 ապրիլի 1996թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի, դռնբաց նիստում քննեց 1991 թվականի փետրվարի 25-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքում ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված "Միջսահմանային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ" գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ 1991 թվականի փետրվարի 25-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքում ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված Միջսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։
Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Միջսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիան միացման համար բաց է 1991 թվականի սեպտեմբերի 3-ից։
Կոնվենցիայում որոշված են միջսահմանային ներգործության հետ կապված ընթացակարգային հարցերի լուծման բնագավառում պայմանադիր կողմերի իրավունքները եւ պարտականությունները։ Կողմերը պարտավորվել են շրջակա միջավայրի վրա ներգործելուց առաջ հասարակայնության մասնակցությամբ նախապես գնահատել դրա հետեւանքները (2, 3 եւ 4 հոդվածներ), խորհրդակցել, տեղեկացնել միմյանց պլանավորված ներգործության վերաբերյալ։ Ընդ որում, կոնվենցիայի 2 հոդվածի 8 կետի համաձայն երաշխավորվում է պահպանել տնտեսավարող սուբյեկտների արտադրական եւ առեւտրային գաղտնիքը, ինչպես նաեւ Կողմերի ազգային անվտանգության շահերը։
Կոնվենցիայի 9 հոդվածի համաձայն պայմանադիր կողմերը պայմանավորվել են նաեւ իրականացնել համատեղ հետազոտություններ շրջակա միջավայրի ներգործության գնահատման առավել կատարյալ մեթոդների մշակման եւ կիրառման ուղղությամբ։
Կոնվենցիայի պայմանների կատարման տեխնիկական եւ կազմակերպական հարցերը մանրամասնված են կից հավելումներում։
Որոշարկված են կոնվենցիային միանալու եւ դրանից դուրս գալու պայմանները (17 եւ 19 հոդվածներ)։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1991 թվականի փետրվարի 25-ին Ֆինլանդիայի Էսպո քաղաքում ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված Միջսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 ապրիլի 1996 թվականի
ՍԴՈ-7