ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 21 նոյեմբերի 1997թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ.Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետ Ռ. Ենգիբարյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային բնագավառում համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան՝ հիշյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու վերաբերյալ։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Ենգիբարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային բնագավառում համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի մարտի 13-ին՝ Բեյրութում, երկու երկրների միջեւ մաքսային վերահսկողության եւ մաքսային իրավախախտումների դեմ պայքարի բնագավառում կայուն համագործակցություն հաստատելու նպատակով։ Հայկական կողմից համաձայնագիրն ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։
Ըստ համաձայնագրի, Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները բեռների եւ ուղեւորների փոխադրումները, փոստային առաքումներն արագացնելու, մաքսային վերահսկողության մեթոդներն ու ձեւերը կատարելագործելու, ինչպես նաեւ Կողմերի տարածք բեռների, փոխադրամիջոցների, ուղեւորների, փոստային առաքումների, արժութային միջոցների ապօրինի ներմուծումը, արտահանումը, տարանցումը կանխելու ուղղությամբ։
Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքով փոխադրվող եւ նրանց մաքսային մարմինների կողմից ձեւակերպված տարանցիկ բեռները կանցնեն անարգել եւ կազատվեն մաքսային ստուգումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ այդ բեռներն իրենց մեջ պարունակում են ներմուծման, արտահանման եւ տարանցման համար արգելված ապրանքներ ու առարկաներ։
Տարանցիկ ուղեւորների, նրանց ձեռքի իրերի եւ ուղեբեռների նկատմամբ մաքսային հսկողությունը կատարվում է Կողմերի օրենսդրությանը համապատասխան։ Ուղեւորներից մաքսային որեւէ գանձում չի կատարվում։
Կողմերը պարտավորվում են համագործակցել մաքսանենգության, թմրանյութերի եւ հոգեներգործող նյութերի, ինչպես նաեւ մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բնագավառում։
Համաձայնագրով սահմանվում են նաեւ դրա կիրառման, մեկնաբանման եւ փոփոխման հետ կապված վիճելի հարցերի լուծման կարգը, ինչպես նաեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ դրա գործողությունը դադարեցնելու ժամկետներն ու պայմանները։
Միաժամանակ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հստակ չեն եւ աղավաղումներով են ձեւակերպված համաձայնագրի հայերեն տեքստի մասնավորապես 1, 5, 8, 17 հոդվածները, ընդ որում, 17 հոդվածը նույնական չէ համաձայնագրի անգլերեն տեքստի նույն հոդվածի հետ։ Սահմանադրական դատարանը որոշում կայացնելիս նկատի է ունեցել այն հանգամանքը, որ համաձայնագրով նախատեսված է՝ տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում անգլերեն տարբերակը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային բնագավառում համագործակցության եւ փոխօգնության մասին 1997 թվականի մարտի 13-ին Բեյրութում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
21 նոյեմբերի 1997 թվականի
ՍԴՈ - 70