ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԳԼԽԱՎՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 25 նոյեմբերի 1997թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Գ. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Գլխավոր խողովակաշարերով նավթի եւ նավթամթերքների տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Մարտիրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Գլխավոր խողովակաշարերով նավթի եւ նավթամթերքների տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի ապրիլի 12-ին՝ Մոսկվայում, որի նպատակն է ապահովել համաձայնագրի մասնակից-պետությունների միջեւ նավթի եւ նավթամթերքների ազատ տարանցման հնարավորությունը եւ այդ ուղղությամբ համաձայնեցված միջոցառումների իրականացումը։

Կողմերի գլխավոր խողովակաշարերով նավթի եւ նավթամթերքների տարանցումն իրականացվելու է երկկողմ եւ բազմակողմ արձանագրություններին համապատասխան՝ տարանցման ծավալների եւ ժամանակացույցերի համաձայնեցմամբ։ Ըստ համաձայնագրի, նավթի տարանցման հաշվարկներն իրականացվելու են Կողմերի միջեւ համաձայնեցված սակագներով՝ Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա։ Վթարային իրավիճակներ առաջանալու դեպքում Կողմերը պարտավորվում են հետեւանքների վերացման գործում միմյանց օգնություն ցուցաբերել։

Համաձայնագիրը պարունակում է նաեւ դրույթներ՝ համաձայնագրի դրույթների մեկնաբանման եւ կիրառման վերաբերյալ առաջացած վեճերի լուծման, համաձայնագրին միանալու եւ դրանից դուրս գալու կարգի մասին։

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետն ստորագրել է վերապահումով, որը վերաբերում է համաձայնագրի ստորագրման պահից այն ժամանակավորապես կիրառելու դրույթին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Գլխավոր խողովակաշարերով նավթի եւ նավթամթերքների տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 նոյեմբերի 1997 թվականի
ՍԴՈ - 71

print page Տպել էջը