ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 16 դեկտեմբերի 1997թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,
ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով եւ 56 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին 1996 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։
Լսելով գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Մոսկվայում։ Այն կոչված է երկկողմ տնտեսական հարաբերությունների առավելագույնս զարգացման նպատակով վերացնելու Պայմանավորվող պետությունների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը, կանխելու հարկերի վճարումից խուսափելը եւ բացառելու հարկային խտրականությունը։
Համաձայնագրով նախատեսված են հարկային օրենսդրության վերաբերյալ Պայմանավորվող պետությունների միջեւ տեղեկատվության փոխանակում, հարկերի գանձման գործում միմյանց աջակցության, ինչպես նաեւ Կողմերի միջեւ առաջացած հնարավոր վեճերի լուծման մեխանիզմներ։
Կողմերի միջեւ 1996 թվականի դեկտեմբերի 28-ին ստորագրված է նաեւ արձանագրություն, որը համաձայնագրի բաղկացուցիչ մասն է։ Արձանագրությամբ որոշարկված են համաձայնագրի մի շարք հոդվածների կիրարկման առանձնահատկությունների հետ կապված հարցեր։
Համաձայնագիրը կնքվել է 3 տարի ժամկետով, որից հետո Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել համաձայնագրի գործողությունը՝ համաձայնագրում սահմանված կարգով։
Ռուսաստանի Դաշնությունը վավերացրել է հիշյալ համաձայնագիրը։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին 1996 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 դեկտեմբերի 1997 թվականի
ՍԴՈ-75