ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ («ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (ՔԱՆԱՔԵՌԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ)» ՆԱԽԱԳԻԾ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 16 հունվարի 1998թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ («Էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության միջոցառումներ (Քանաքեռի հիդրոէլեկտրակայան)» նախագիծ) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Դարբինյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է Երեւանում՝ 1997 թվականի հուլիսի 25-ին։ Մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական եւ տնտեսական զարգացմանը եւ կենսագործել երկու երկրների կառավարությունների միջեւ 1996թ. մայիսի 7-ին Երեւանում կայացած բանակցությունների արդյունքները, Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկային հաստատությունից «Էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության միջոցառումներ (Քանաքեռի հիդրոէլեկտրակայան)» նախագծի իրականացման համար ստանալ մինչեւ 15 մլն գերմանական մարկ գումարի չափով վարկ։
Գումարի տրամադրման պայմանները սահմանվելու են Վերականգնման վարկային հաստատության եւ վարկառուի միջեւ կնքվելիք պայմանագրերով: Նշված գումարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվելու, եթե տրամադրման տարվանից սկսած 8 տարվա ընթացքում համապատասխան վարկային պայմանագիր չի կնքվի:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության վերաբերյալ («Էներգետիկայի բնագավառում անհապաղ օգնության միջոցառումներ (Քանաքեռի հիդրոէլեկտրակայան)» նախագիծ) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
16 հունվարի 1998 թվականի
ՍԴՈ - 77