ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ Ի ԴԵՄՍ ՔՈՄՈԴԻԹԻ ՔՐԵԴԻԹ ՔՈՐՓՈՐԵՅՇՆԻ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ Ի ԴԵՄՍ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 հունվարի 1998թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով եւ 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 26 եւ 56 հոդվածներով,

դռնբաց նիստում քննեց «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության՝ ի դեմս Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնի, եւ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջեւ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին 1997 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ վերոհիշյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Մովսիսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության՝ ի դեմս Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնի, եւ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջեւ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Վաշինգտոնում։

Համաձայնագիրը նախատեսում է գյուղատնտեսական ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն եւ վաճառք՝ Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված գնորդներին։ Նշված գործողությունների ֆինանսավորումն, ըստ համաձայնագրի, իր վրա է վերցնում ԱՄՆ-ի Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնը։ Վաճառքից գոյացած գումարները նախատեսվում է օգտագործել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը խթանելու, գյուղատնտեսության ենթակառուցվածքը բարելավելու, բնակչության պարենային ապահովվածությունը եւ գյուղատնտեսության զարգացումն ապահովելու նպատակով։

Համաձայնագիրը նախատեսում է նաեւ վճարումների, վաճառքի, գնորդների ընտրության պայմանները, ինչպես նաեւ նպատակների իրագործման ընթացքը հսկելու հնարավորություն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 65 հոդվածի առաջին մասով, 66, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության՝ ի դեմս Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնի, եւ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջեւ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին 1997 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 հունվարի 1998 թվականի
ՍԴՈ - 79

print page Տպել էջը