ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 16 ապրիլի 1996թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Է. Զուլոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված "Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ" գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Է. Զուլոյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիան ստորագրվել է Հելսինկիում՝ 1992 թվականի մարտի 17-ին։

Կոնվենցիան բաց է եւ դրան կարող են միանալ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ պետությունները, այդ պետությունների կողմից ստեղծված տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություններ։

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման մասին 16-րդ պետության կողմից ընդունված փաստաթուղթը ավանդապահին հանձնելուց հետո՝ 90-րդ օրը։

Կոնվենցիան ունի 13 հավելված։ Հավելվածները կոնվենցիայի անբաժանելի մասն են։

Կոնվենցիային միանալու նպատակն է համագործակցել այլ պետությունների հետ միջսահմանային ներգործություն ունեցող արտադրական վթարների կանխման, դրանց պատրաստ լինելու եւ հետեւանքների վերացման գործում։

Կոնվենցիան Կողմերին պարտավորեցնում է համատեղ խորհրդատվությունների ու հետազոտությունների միջոցով մշակել եւ իրականացնել վթարների ռիսկի իջեցման քաղաքականություն ու ռազմավարություն, վթարի մասին անմիջապես տեղեկացնել շահագրգիռ պետություններին եւ հասարակայնությանը, ցուցաբերել փոխադարձ օգնություն։ Կոնվենցիայի դրույթների իրագործման համար կողմերը պարտավորվում են ընդունել համապատասխան օրենսդրական ակտեր, իրականացնել վարչական եւ ֆինանսական բնույթի միջոցառումներ։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, "Սահմանադրական դատարանի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ստորագրված Արտադրական վթարների միջսահմանային ներգործության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

16 ապրիլի 1996 թվականի
ՍԴՈ-8

print page Տպել էջը