ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ - ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 27 հունվարի 1998թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատա-րանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտահանման-ներմուծման բանկի միջեւ 1997 թվականի հուլիսի 21-ին Վաշինգտոնում ստորագրված ծրագրերի աջակցման հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հան-րապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերա-բերյալ։

Ծանոթանալով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի գրավոր հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Դարբինյանի գրավոր բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգ-ների արտահանման-ներմուծման բանկի միջեւ ծրագրերի աջակցման հիմնական համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հուլիսի 21-ին՝ Վաշինգտոնում։

Համաձայնագրի նպատակն է ԱՄՆ-ի արտահանման-ներմուծման բանկի ֆինանսական աջակցությունը նպատակաուղղել Հայաստանի Հանրապետության տնտեսության բոլոր բնագավառներում իրականացվող վճարունակ ծրագրերի իրականացմանը, որոնցով նախատեսվում է ԱՄՆ-ում արտադրված կամ վերջնական ծագում ունեցող արտադրության ապրանքների եւ ծառայությունների արտահանումը եւ Հայաստանի Հանրապետությունում դրանց իրացումը։

Համաձայնագրով ԱՄՆ-ի արտահանման-ներմուծման բանկը պարտա-վորվում է իր կողմից սահմանված եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված բոլոր ծրագրերն ապահովել համապատասխան երաշխիքներով եւ վարկերով, ինչպես նաեւ որոշել ծրագրերի իրականացման պայմանները։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը համաձայնել են, որ արտահանման-ներմուծման բանկի եւ ցանկացած այլ ներգրավված փոխառուի հանդեպ պետք է ցուցաբերվի ոչ պակաս նպաստավոր վերաբերմունք, ինչպես Հայաստանի Հանրապետության օրենքների սահմաններում դա կարվեր այլ երրորդ երկրների ներկայացուցիչների դեպքում, որոնք ծրագրերի ֆինանսավորման գործում հանդես կգան որպես փոխատու։

Համաձայնագիրը նախատեսում է, որ արտահանման-ներմուծման բանկի պահանջով պայմանավորվող մյուս Կողմը պետք է ներկայացնի բնապահպանության ստանդարտների վերաբերյալ զեկույց, որում ներկայացված կլինեն բնապահպանության տեսակետից ծրագրի թե դրական եւ թե բացասական ազդեցությունները։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է ծրագրերի ֆինանսավորումը հեշտացնելու եւ երաշխավորելու նպատակով ձեռնարկել կազմակերպական իրավական բնույթի մի շարք քայլեր։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտահանման-ներմուծման բանկի միջեւ 1997 թվականի հուլիսի 21-ին Վաշինգտոնում ստորագրված ծրագրերի աջակցման հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համա-պատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 հունվարի 1998 թվականի
ՍԴՈ-80

print page Տպել էջը