ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 27 հունվարի 1998թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Հ. Քոչինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին 1996 թվականի մարտի 25-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Ծանոթանալով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի գրավոր հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Հ. Քոչինյանի գրավոր բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ ստորագրվել է 1996 թվականի մարտի 25-ին՝ Երեւանում։ Այն ունի հավելված, որը հանդիսանում է համաձայնագրի անբաժանելի մասը։

Համաձայնագիրը ենթակա է գրանցման Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում։

Դրա գործողությունը կարող է դադարեցվել Կողմերի նախաձեռնությամբ՝ համաձայնագրով նախատեսված կարգով։

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը եւ Ռումինիան նախապես որոշված երթուղիներով միմյանց միջազգային կանոնավոր չվագծեր սահմանելու եւ շահագործելու իրավունք են տրամադրում։ Կողմերն իրավունք են ստանում անվայրէջք թռիչքներ կատարել միմյանց տարածքի վրայով, ոչ առեւտրային նպատակներով վայրէջք կատարել մյուս Կողմի տարածքում։

Պայմանագրային չվագծերի շահագործման նպատակով Կողմերն իրավունք ունեն նշանակելու ավիաընկերություններ, որոնց մյուս Կողմը պարտավոր է տրամադրել թռիչքների համապատասխան թույլտվություն։

Կողմերն ավիաընկերություններին իրավունք են վերապահում միմյանց տարածքում բացել ներկայացուցչություններ՝ անհրաժեշտ անձնակազմով։

Ըստ համաձայնագրի Կողմերը պարտավորվում են միմյանց անհրաժեշտ օգնություն ցույց տալ՝ կանխելու օդանավերի ապօրինի գրավման գործողությունները եւ օդանավերի, դրանց ուղեւորների, անձնակազմերի, օդանավակայանների եւ օդագնացային միջոցների անվտանգության դեմ ուղղված անօրինական այլ ոտնձգությունները, ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք։

Ռումինական կողմը ծանուցել է ներպետական ընթացակարգերի կատարման մասին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին 1996 թվականի մարտի 25-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 հունվարի 1998թ.
ՍԴՈ-82

print page Տպել էջը