ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 27 հունվարի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Հ. Քոչինյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1996 թվականի մարտի 25-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Քոչինյանի գրավոր բացատրությունը, համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի մարտի 25-ին՝ Երեւանում։ Համաձայնագրի նպատակն է նպաստել առեւտրական եւ տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը՝ հեշտացնելով եւ կարգավորելով ուղեւորների ու բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումները երկու երկրների միջեւ։

Ըստ համաձայնագրի Պայմանավորվող կողմերը պարտավորվում են թույլատրել իրագործելու ուղեւորների ու բեռների կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղիղ ու տարանցիկ փոխադրումներ Հայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի միջեւ, ինչպես նաեւ փոխադրումներ երրորդ երկրներից կամ դեպի երրորդ երկրներ՝ ուղեւորատար եւ բեռնատար տրանսպորտային միջոցներով, որոնք գրանցված են երկու երկրներից մեկի տարածքում։

Համաձայնագրով սահմանվում են փոխադրումների իրագործման մեխանիզմն ու պայմանները։

Պայմանավորվող կողմերի տրանսպորտային միջոցները, որոնք կատարում են փոխադրումներ սույն համաձայնագրի դրույթներին համապատասխան, փոխադարձաբար ազատվում են բոլոր հարկերից, վճարումներից եւ այլ հարկվող մուծումներից։

Համաձայնագրի իրագործման ընթացքում ծագած վիճահարույց հարցերը լուծելու նպատակով ստեղծվում է համատեղ հանձնաժողով։

Համաձայնագրով նախատեսված են նաեւ դրանում փոփոխություններ կատարելու կարգը, ինչպես նաեւ ուժի մեջ մտնելու եւ գործողության ժամկետները։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1996 թվականի մարտի 25-ին Երեւանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 հունվարի 1998 թվականի
ՍԴՈ - 83

print page Տպել էջը