ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀԱՆՔԱՀՈՐԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 176 ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 3 փետրվարի 1998թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Հ. Հակոբյանի, հրավիրված՝ Լեռնատեխնիկական հսկողության վարչության պետ Ա. Հակոբյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1995 թվականի հունիսի 22-ին Ժնեւում ընդունված՝ Հանքահորերում աշխատանքի հիգիենայի եւ անվտանգության մասին թիվ 176 կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու մասին։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հակոբյանի բացատրությունները, Լեռնատեխնիկական հսկողության վարչության պետ Ա. Հակոբյանի պարզաբանումները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հանքահորերում աշխատանքի հիգիենայի եւ անվտանգության մասին թիվ 176 կոնվենցիան ընդունվել է 1995 թվականի հունիսի 22-ին՝ Ժնեւում, Աշխատանքի միջազգային բյուրոյի վարչական խորհրդի կողմից հրավիրված Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերանսի կողմից։

Կոնվենցիայի նպատակն է աշխատավորների աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների ապահովմանը վերաբերող միջոցառումների մշակումը, հանքային արդյունաբերության մեջ արտադրական գործունեության հետեւանքով աշխատավորներին եւ բնակչությանը սպառնացող վտանգի ու շրջապատող միջավայրին սպառնացող վնասի կանխումը։

Համաձայն կոնվենցիայի դրույթների, յուրաքանչյուր անդամ-պետություն, հաշվի առնելով ազգային պայմանները եւ շահագրգիռ գործատուների ու աշխատողների առավել ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո, մշակում, իրականացնում ու պարբերաբար վերանայում է հանքահորերում աշխատանքի հիգիենայի եւ անվտանգության բնագավառում համաձայնեցված քաղաքականությունը։

Կոնվենցիայի կիրառումն ապահովող միջոցառումները սահմանվում են ազգային օրենսդրությամբ։ Անհրաժեշտության դեպքում սահմանվում են ազգային օրենսդրությունը լրացնող միջոցառումներ։

Հանքահորերում աշխատանքի հիգիենայի եւ անվտանգության տարբեր ասպեկտները հսկելու եւ կարգավորելու համար ազգային օրենսդրությամբ նշանակվում է իրավասու մարմին։

Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերանսը 1995 թվականի հունիսի 22-ին նաեւ որոշում է կայացրել աշխատանքի հիգիենային եւ անվտանգությանը վերաբերող մի շարք առաջարկություններին տալ սույն կոնվենցիան լրացնող հանձնարարականի ձեւ, որի դրույթները պետք է կիրառվեն կոնվենցիայի դրույթներին զուգահեռ։

Վերոհիշյալ հանձնարարականում մանրամասնված են հանքահորերում ռիսկի կանխարգելման եւ պաշտպանության միջոցները, աշխատողների եւ նրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, գործատուների եւ աշխատողների ու նրանց ներկայացուցիչների միջեւ համագործակցության մեխանիզմները եւ այլն։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. 1995 թվականի հունիսի 22-ին Ժնեւում ընդունված՝ Հանքահորերում աշխատանքի հիգիենայի եւ անվտանգության մասին թիվ 176 կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

3 փետրվարի 1998 թվականի
ՍԴՈ - 84

print page Տպել էջը