ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 6 փետրվարի 1998թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գ. Նանագուլյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ արտադրական կոոպերացիայի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Նանագուլյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ արտադրական կոոպերացիայի մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հուլիսի 22-ին՝ Կիեւում:

Համաձայնագրի հիմնական նպատակը ձեռնարկությունների /անկախ սեփականության ձեւից/, արդյունաբերական ճյուղային եւ միջճյուղային համալիրների միջեւ ուղիղ արտադրական կապերի վրա հիմնված կոոպերացիայի իրականացումն ու զարգացումն է:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել արտադրության միջազգային մասնագիտացման ու կոոպերացիայի զարգացման, դրանց իրագործման պայմանների ապահովման, արդյունաբերության բնագավառում գերակայությունների սահմանման, համատեղ նախագծերի եւ ծրագրերի մշակման ու իրականացման նպատակով:

Արտադրության բնագավառում ինտեգրացման գործընթացի զարգացմանը նպաստելու նպատակով Կողմերը պայմանավորվել են հետեւողական աշխատանք տանել երկու պետությունների տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կարգավորող օրենսդրության մերձեցման ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում կհամաձայնեցվեն գիտատար արտադրությունները խթանող վարկերի եւ ինվեստիցիաների տրամադրման պայմանները:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվել են նաեւ արտադրական կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող ապրանքները չարտահանել երրորդ երկրներ՝ առանց Պայմանավորվող կողմերի լիազորված մարմինների համաձայնության:

Երկկողմ համաձայնությամբ կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող ապրանքների նկատմամբ չեն կիրառվելու հարկեր, մաքսատուրքեր, ինչպես նաեւ արտահանման եւ ներմուծման նկատմամբ սահմանված քանակական սահմանափակումներ:

Համաձայնագիրը պարունակում է նաեւ դրույթներ՝ կոոպերացիայի շրջանակներում մատակարարումների եւ համագործակցության կարգի ու պայմանների, ինչպես նաեւ համաձայնագրի ուժի մեջ մտնելու եւ գործադրման կարգի վերաբերյալ:

Համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացման, տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից:

Համաձայնագիրն ստորագրվել է երեք լեզվով՝ հայերեն, ուկրաիներեն եւ ռուսերեն, ընդ որում, համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով առավելությունը տրվել է ռուսերենին: Սակայն, հայերեն եւ ռուսերեն բնագիր տեքստերում առկա են թարգմանական անհամապատասխանություններ (հայերեն տեքստի ներածական մասում եւ 7 հոդվածում) եւ մի շարք անճշտություններ, որոնք, այնուամենայնիվ, համաձայնագրի սահմանադրականության խնդրին չեն առնչվում:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ արտադրական կոոպերացիայի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 փետրվարի 1998 թվականի

ՍԴՈ-86

print page Տպել էջը