ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՆԵՐԴՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երեւան, 17 փետրվարի 1998թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,

մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գ. Նանագուլյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված՝ Ներդրողի իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու եւ որոշում ընդունելու մասին։

Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Նանագուլյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

Ներդրողի իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիան ստորագրվել է 1997 թվականի մարտի 28-ին՝ Մոսկվայում։

Կոնվենցիայի նպատակն է ներդրողի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը եւ Պայմանավորվող կողմերի ազգային տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանն աջակցելը։

Կոնվենցիան ամրագրում է Պայմանավորվող կողմերի տարածքում գրանցված՝ տարբեր տեսակների ներդրումների իրականացման իրավական հիմքերի եւ ներդրումների իրականացման ու դրանցից ստացվող եկամուտների համար ներդրողի իրավունքների երաշխիքները։

Ներդրողի գործունեության եւ նրա իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են ընդունող-երկրի լիազորված պետական մարմինների կողմից։

Կոնվենցիայի դրույթների համաձայն ներդրողներ կարող են հանդիսանալ պետությունները, Կողմերի, ինչպես նաեւ երրորդ երկրների իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, եթե Կողմերի ազգային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։

Ներդրողն իրավունք ունի ներդրումներ իրականացնել ընդունող-երկրի օրենսդրությամբ չարգելվող ցանկացած միջոցներով։

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է մի շարք վերապահումներով, որոնք վերաբերում են կոնվենցիայի 10, 11 եւ 16 հոդվածների դրույթներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Ներդրողի իրավունքների պաշտպանության մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17 փետրվարի 1998 թվականի

ՍԴՈ-89

print page Տպել էջը