ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 20 փետրվարի 1998թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 եւ 21 /1/ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ սահմանային հարցերով համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սեւյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Ս. Սարգսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հուլիսի 22-ին՝ Կիեւում։ Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կանխել իրենց պետական սահմանով ահաբեկչական խմբերի, անօրինական միգրանտների եւ այլ հանցավոր տարրերի թափանցման, զենքի եւ զինամթերքի, պայթուցիկ, հրդեհիչ, թունավորող, ռադիոակտիվ, հոգեներգործող նյութերի, թմրանյութերի եւ ներմուծման ու արտահանման համար արգելված այլ ապրանքների եւ բեռների ապօրինի փոխադրումների փորձերը։
Պայմանավորվող կողմերն ապահովելու են պետական սահմաններում ստեղծվող իրադրության, սահմանային հարցերով նոր օրենսդրական ակտերի մասին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների ժամանակին փոխանակումը։ Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերելու նյութատեխնիկական ապահովման, պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցների եւ սպառազինության պատվերների տեղաբաշխման, մշակման, պատրաստման, ներդրման եւ նորոգման գործում։
Պայմանավորվող կողմերն անհրաժեշտության դեպքում կաջակցեն միմյանց սահմանապահ զորքերի սպայական կադրերի եւ կրտսեր մասնագետների պատրաստման հարցերում։
Համաձայնագիրն ստորագրվել է երեք լեզվով՝ հայերեն, ուկրաիներեն եւ ռուսերեն, ընդ որում, համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով առավելությունը տրվում է ռուսերենին։ Սակայն, համաձայնագրի հայերեն եւ ռուսերեն բնագիր տեքստերում առկա են թարգմանական անհամապատասխանություններ /4, 6 եւ 9 հոդվածներում/ եւ բացթողումներ / 15 հոդվածում/, որոնք համաձայնագրի սահմանադրականության խնդրին չեն առնչվում։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության միջեւ սահմանային հարցերով համագործակցության մասին 1997 թվականի հուլիսի 22-ին Կիեւում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20 փետրվարի 1998 թվականի
ՍԴՈ-91