ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ (ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 3 մարտի 1998 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի, հրավիրված՝ ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ Ա. Թավադյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ փոխառության (հյուսիս-արեւմտյան գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատարի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Մովսիսյանի բացատրությունը, ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ Ա. Թավադյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ փոխառության համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Հռոմում: Հիմնադրամն իր մշտական միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է ինը միլիոն հինգ հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքների համարժեք գումար, որը նպատակաուղղվելու է Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի եւ Լոռու մարզերում գյուղատնտեսության զարգացմանը, մասնավորապես. ոռոգման ենթակառուցվածքների արդյունավետ շահագործմանը եւ սպասարկմանը, սերմերի բարելավված տեսակների արտադրությանը, անասնաբուժական ծառայությունների բարելավմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսությունների վարկավորմանը եւ համայնքների զարգացմանը։
Համաձայնագրով նախատեսված փոխառության օգտագործման դիմաց հիմնադրամին վճարվելու է սպասարկման վճար՝ տարեկան փոխառության հաշվից հանված եւ այդ պահին չվճարված վարկի մեկ տոկոսի երեք քառորդի չափով (0.75 %), որը վճարվելու է կիսամյակը մեկ, յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին, ընդ որում, փոխառության մարումն սկսվելու է 2008 թվականի հունիսի 15-ից եւ ավարտվելու է 2037 թվականի հունիսի 15-ին:
Համաձայնագրում նախատեսված են փոխառության գումարների օգտագործման, ինչպես նաեւ ծրագրի իրականացման կարգն ու պայմանները: Ծրագրով նախատեսված ապրանքների ձեռքբերումն ու շինարարական աշխատանքների կատարումը պետք է իրականացվեն մրցութային եղանակով, որոնց կազմակերպման ընդհանուր պայմանները նախատեսված են համաձայնագրի 3-րդ բաժնում:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ծրագիրն ազատել բոլոր տեսակի ներմուծման տուրքերից, ակցիզային եւ ավելացված արժեքի հարկերից, իսկ ծրագրի անձնակազմին՝ սոցիալական ապահովության հիմնադրամին կատարվող պարտադիր վճարներից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու ստորագրումից 90 օր հետո:
«Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի առաջին մասի հիման վրա ուսումնասիրելով Հայաստանի ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության ու Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ կնքված նախորդ վարկային համաձայնագրերով ձեւավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը միաժամանակ պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված եւ գործում առկա տեղեկանքի համաձայն Հայաստանի ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի իրականացման նպատակով նախատեսված ընդհանուր գումարը կազմում է 57 մլն 150.000 ԱՄՆ-ի դոլար, այդ թվում. 1994 թվականի դեկտեմբերի 16-ին Միջազգային զարգացման ընկերակցության հետ կնքված վարկային համաձայնագրով նախատեսվել է եւ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 43 մլն ԱՄՆ-ի դոլար, իսկ 1995 թվականի հունիսի 14-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ կնքված վարկային համաձայնագրով՝ 8 մլն ԱՄՆ-ի դոլար գումար: Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ջրօգտագործողների ֆինանսական ներդրումները համապատասխանաբար պետք է կազմեն 4 մլն 150.000 եւ 2 մլն ԱՄՆ-ի դոլար: Ծրագրի իրականացումն սկսվել է 1994 թվականի դեկտեմբերից եւ ավարտվելու է 2000 թվականին: 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծրագրի իրականացմանը հատկացված վարկային միջոցներից ծախսվել է 18 մլն 400.000 ԱՄՆ-ի դոլար: Արդյունքում՝ հանրապետության ոռոգման համակարգի բարելավման նպատակով կատարվել են նախագծային, ոռոգման ցանցերի վերականգնման աշխատանքներ, կազմակերպվել է մասնագիտական ուսուցում, ինչպես նաեւ միջոցներ են ձեռնարկվել ոռոգման համակարգում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:
2. Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների ոչ լիարժեք իրականացման հետեւանքով ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի կատարմանն ուղղված վարկային միջոցների նպատակային եւ արդյունավետ ծախսման բնագավառում տեղ են գտել մի շարք թերություններ ու բացթողումներ:
Մասնավորապես, վարկային եւ փոխառնված միջոցների նպատակային օգտագործման հարցը 1994-1996 թվականներին պատշաճ մակարդակի վրա դրված չի եղել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգում, որը եւ ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի եւ Հայաստանի Հանրապետության դատախազության տեղեկանքների համաձայն տեղիք է տվել ֆինանսական ու այլ բնույթի բազմաթիվ օրինախախտումների, եւ հարուցված քրեական գործերով կատարվում է նախաքննություն։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ, իրականացնելով ՀՀ Սահմանադրության 89 հոդվածով սահմանված լիազորությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ համաձայնագրով ստանձնված պարտավորությունների հետագա կատարման հուսալիությունն առավելագույնս ամրապնդելու նպատակով: ՀՀ Սահմանադրության 77 հոդվածին համապատասխան այդ խնդիրը մշտապես պետք է գտնվի նաեւ ՀՀ Ազգային ժողովի վերահսկողության ներքո։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ քննության առարկա համաձայնագրով նախատեսված ծրագրի ընդհանուր բնույթը եւ, միաժամանակ, գյուղատնտեսական արտադրության հետ կապված ընդարձակ խնդիրների ընդգրկումը պահանջում են համաձայնագրի կատարման նկատմամբ վերահսկողության հստակ եւ անընդհատ իրականացվող մեխանիզմ, որը հիմք կհանդիսանա խուսափելու վարկային նախորդ համաձայնագրերի իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած թերություններից եւ բացթողումներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների հնարավոր խախտումներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ փոխառության (հյուսիս-արեւմտյան գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է՝ վարկային համաձայնագրերում պարունակվող դրույթները կարող են սահմանադրական լինել ոչ միայն այն առումով, որ, պետական իշխանության մարմինների իրավասության շրջանակներում գործադրվելով, նախադրյալներ են ստեղծում սահմանադրական հիմնական սկզբունքների ու նպատակների իրագործման համար, այլեւ բխում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներից ու ազատություններից։ Փոշիացնելով եւ անարդյունավետ օգտագործելով վարկային միջոցները, ոչ միայն դրանց փոխհատուցման հնարավորություններ չեն ստեղծվում, այլեւ սերունդների համար չհիմնավորված պարտքեր են կուտակվում՝ ոտնահարելով նրանց իրավունքները։
Ուստի, նկատի ունենալով, որ քննության առարկա համաձայնագրով իրականացվելիք ծրագիրը միջոցների փոշիացման եւ ոչ նպատակային օգտագործման ավելի մեծ ռիսկ է պարունակում, ինչպես նաեւ, հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում նախորդ վարկային ծրագրերի իրականացման իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած թերությունները, սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն համաձայնագրի իրականացման արդյունքում հակասահմանադրական իրավիճակ չառաջանալու նպատակով ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ կառավարությունն իրենց սահմանադրական իրավասությունների շրջանակներում հատուկ վերահսկողություն պետք է իրականացնեն Հյուսիս-արեւմտյան գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կատարման նպատակով փոխառնված միջոցների օգտագործման նկատմամբ։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
3 մարտի 1998 թվականի
ՍԴՈ-93