ՏԱՍԻՍ-Ի 1996 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երեւան, 17 ապրիլի 1998թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ՝ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով՝ սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սեւյանի,
մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի եւ 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի եւ 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «ՏԱՍԻՍ-ի 1996 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ նշված հուշագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։
Լսելով սույն գործով զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունը, հետազոտելով հուշագիրը եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
ՏԱՍԻՍ-ի 1996 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագիրն ստորագրվել է Եվրահամայնքի հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ 1997 թվականի հունիսի 30-ին։ Հուշագրի համաձայն Եվրոպական համայնքը պարտավորվել է Եվրոպական միության «ՏԱՍԻՍ» ծրագրի 1996-1999թթ. ինդիկատիվ ծրագրի շրջանակներում, անհատույց օգնության միջոցով, 8 միլիոն 650 հազար էքյու գումարի չափով ֆինանսավորել 1996-1997թթ. Ֆինանսական գործողության ծրագրով նախատեսված տեխնիկական օգնության միջոցառումների իրականացումը՝ Ֆինանսավորման հուշագրերի համար կիրառելի ընդհանուր կանոնների դրույթներին համապատասխան։ Ինչպես 1996-1997թթ. Ֆինանսական գործողության ծրագիրը, այնպես էլ Ֆինանսավորման հուշագրերի համար կիրառելի ընդհանուր կանոնները կազմում են հուշագրի բաղկացուցիչ մասը։ Ֆինանսական գործողության ծրագրով մասնավորեցված են տեխնիկական օգնության ենթակա այն բնագավառները, որոնց զարգացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում տնտեսավարման շուկայական հարաբերությունների հետագա զարգացմանն ու արմատավորմանը։ Ֆինանսավորման հուշագրերի համար կիրառելի ընդհանուր կանոններով նախատեսված են «ՏԱՍԻՍ» ծրագրի շրջանակներում իրականացվող օգնության տեխնիկական մանրամասները։
Հուշագրի գործողության ընդհանուր ժամկետը սահմանված է մինչեւ 2000 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն նախատեսված է նաեւ թե՛ հուշագրի եւ թե՛ ֆինանսավորման ենթակա ծրագրի գործողության ժամկետի երկարաձգում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան դիմումի հիման վրա։
Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 եւ 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ՏԱՍԻՍ-ի 1996 թվականի ծրագրի ֆինանսավորման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
17 ապրիլի 1998 թվականի
ՍԴՈ-99