Top.Mail.Ru
24 հոկտեմբերի 2023թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԲԱԹՈՒՄ

Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը 2023 հոկտեմբերի 19-ից 21-ը պատասխան այց է կատարել Բաթում։  

Վրաստանի Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Բարձր դատարանների դատավորների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետություններում սահմանադրական վերահսկողությանը,  ընդհանուր իրավասության դատարանների հետ Սահմանադրական դատարանների փոխգործակցությանը, Բարձր դատարանների նախադեպային որոշումներին և ինստիտուցիոնալ երկխոսության մեխանիզմներին առնչվող հարցեր։  

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը  բարձր է գնահատել երկու երկրների  Սահմանադրական դատարանների համագործակցությունը՝ կարևորելով փոխգործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակումը։

Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի պատվիրակությանը այցի համար, ընդգծելով Բարձր դատարանների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։ 
Այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Վրաստանի գործընկերների հետ այցելել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայ առաքելական եկեղեցի։ 

Ճանաչողական այց է իրականացվել Բաթումում գտնվող միջնադարյան շրջանի Պետրա ամրոց։ 

Նորություններ