Top.Mail.Ru

Նպատակներ

Սահմանադրական դատարանն իր ձևավորման առաջին իսկ տարվանից ակտիվ ու մասնակցային մոտեցում է ցուցաբերում միջազգային համագործակցությանը և գործընկեր դատարանների, վերպետական դատարանների ու միջազգային կազմակերպությունների հետ երկխոսության ու փոխշահավետ ծրագրերի զարգացմանը:

Սահմանադրական դատարանի միջազգային գործունեության նպատակներից են սահմանադրական արդարադատության ոլորտի միջազգային մասնագիտացված կազմակերպություններում և գործընթացներում Հայաստանի Հանրապետության ներկայացվածության ապահովումը, բարեկամ և գործընկեր երկրների սահմանադրական դատարանների հետ համագործակցության առավել ամրապնդումը, միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից Սահմանադրական դատարանի դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը:

Իր միջազգային գործունեության շրջանակներում Սահմանադրական դատարանը հյուրընկալում է խորհրդաժողովներ ու աշխատաժողովներ, որոնք միտված են կարծիքների ու լավագույն փորձի փոխանակմանը և սահմանադրական արդարադատության ոլորտին վերաբերելի արդի հիմնահարցերին: Սահմանադրական դատարանի դատավորները և աշխատակազմի ներկայացուցիչները հաճախակի մասնակցում են տեղական և միջազգային թեմատիկ աշխատաժողովների ու խորհրդաժողովների աշխատանքներին՝ նվիրված սահմանադրական իրավունքին:

Սահմանադրական դատարանն ակտիվորեն ներգրավված է մի շարք միջազգային ու տարածաշրջանային մասնագիտական կազմակերպությունների աշխատանքներում: Նպատակ հետապնդելով միջազգային գործընկերներին ապահովել իր որոշումների և աշխատանքների լուսաբանմամբ՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմն իրականացնում է իր դոկտրինալ և հանրային կարևորություն ներկայացնող որոշումների, ինչպես նաև մամուլի հաղորդագրությունների թարգմանություն՝ անգլերեն և ռուսերեն, որոնք հասանելի են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի համապատասխան բաժիններում:

Սահմանադրական դատարանի միջազգային համագործակցությանը և արտաքին կապերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու կամ համագործակցության և առաջարկներ ներկայացնելու համար խնդրում ենք Ձեր հարցերն ուղղել  intrel@concourt.am էլ. փոստին: