Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Սահմանադրական դատարանի գրադարանը կազմավորվել է 1996 թվականին։ Գրադարանը հարուստ է իրավաբանական, գիտական ու լրագրային նյութերով և նախատեսված է ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորների ու աշխատակազմի, այլ նաև բաց է իրավագիտությամբ զբաղվող անձանց, հետազոտողների, գիտական ատենախոսություններ պաշտպանողների և քաղաքացիների համար։

Գրադարանային հավաքածուն ներառում է բազմալեզու մասնագիտական գրականություն` օրենքների ժողովածուներ, տեղեկատուներ, ուսումնական ձեռնարկներ, օրենսդրական, քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական հարաբերություններին, պատմությանը, մարդու իրավունքներին նվիրված նյութեր, Հայաստանի վարչական իրավունքին և պետական կառավարմանը նվիրված աշխատություններ, քրեական ու քաղաքացիական դատավարությանը վերաբերող գրքեր, միջազգային պայմանագրերի ժողովածուներ: Գրադարանի հավաքածուում առանձնահատուկ տեղ են գրավում Հայաստանի և այլ պետությունների իրավունքի պատմության, պետության և իրավունքի տեսության, մարդու իրավունքների պաշտպանության մասին գրքերը, ինչպես նաև սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների պրակտիկային վերաբերող աշխատությունները։
Ի հավելումն իրավաբանական գրականության՝ Սահմանադրական դատարանի գրադարանում առկա են նաև իրավունքի փիլիսոփայությանը, միջազգային հարաբերություններին, սոցիոլոգիային, քաղաքագիտությանը, տնտեսագիտությանը, մշակույթին վերաբերող հիմնարար հրապարակումներ և աշխատություններ։ Գրադարանը պարբերաբար համալրվում է նոր տպագիր հրապարակումներով, իրավաբանական և այլ բնույթի ամսագրերով ու աշխատություններով։ Սահմանադրական դատարանի գրադարանի ուշագրավ գրական ֆոնդն են կազմում նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականությունը։
Գրադարանում պահվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով գրքեր։ Գրադարանում կազմված են այբբենական և կարգային գրացուցակներ, գործում է թեմատիկ քարտարան, կատարվում է մատենագիտական աշխատանք։

Տպագիր տեղեկատվության ապահովման պատասխանատու` Սարգսյան Նաիրա
(+374 11) 588181, ներքին համար՝ 129

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ ՍԴ

ցուցադրել