Հայաստանի Հանրապետությունը դասվում է եվրոպական երկրների այն շարքին, որտեղ սահմանադրական արդարադատությունը հարաբերականորեն նոր երևույթ է, և այն անցել է ինստիտուցիոնալ կայացման փոքր ժամանակահատված։
Հայաստանում սահմանադրական արդարադատության հիմքերը դրվել են 1995 թվականի հուլիսի 5-ին համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրության ընդունմամբ, որն ուրվագծեց այնպիսի դատաիրավական համակարգ, որը ներառում էր նաև Սահմանադրական դատարանը։ Ի կատարումն ընդունված Սահմանադրության՝ 1995 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որն ստորագրվեց Հանրապետության Նախագահի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 6-ին և ամբողջականացրեց նորաստեղծ սահմանադրական մարմիների գործունեության օրենսդրական հիմքերը։
Արդեն 1996 թվականի փետրվարի 5-ին և 6-ին կատարվեցին Սահմանադրական դատարանի անդրանիկ կազմի անդամների նշանակումները, Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիսավոր երդման արարողությունը, և Բարձր դատարանը պաշտոնապես սկսեց գործել 1996 թվականի փետրվարի 6-ից։ Այս ժամանակահատվածում Սահմանադրական դատարանի լիազորությունները բավականին սահմանափակ էին, ինչպես նաև ներդրված չէր քաղաքացիների կողմից անհատական դիմումներ (սահմանադրական գանգատներ) ներկայացնելու ինստիտուտը։ Իր գործունեության առաջին իսկ օրվանից նոր ձևավորված Սահմանադրական դատարանն ակտիվ և նախաձեռնողական քաղաքականություն է սկսել միջազգային համագործակցության ոլորտում՝ նպատակ հետապնդելով ուսումնասիրել և իր պրակտիկայում ներդնել սահմանադրական արդարադատության ոլորտում լավագույն միջազգային փորձը։
Ակտիվ աշխատանքային կապեր են հաստատվում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ, ինչպես նաև հետխորհրդային տարածքում սահմանադրական վերահսկողություն իրականացնող նոր ձևավորված ազգային մարմինների հետ։ Հայաստանյան հանրային և իրավական կյանքում Սահմանադրական դատարանի համար նշանակալի շրջափուլ հանդիսացան 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխությունները, որոնք անմիջականորեն վերաբերելի են սահմանադրական արդարադատության համակարգին։ Այդ փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվեց Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, ընդլայնվեց նաև սահմանադրական վերահսկողության առարկա հանդիսացող օբյեկտների շրջանակը, ու որպես նորամուծություն՝ ներդրվեց անհատական դիմումների ինստիտուտը, որի շրջանակներում քաղաքացիները՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառելով ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, կարող էին դիմել Սահմանադրական դատարան ու վիճարկել այդ ակտով իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։ Մայր օրենքում կատարված վերոնշյալ փոփոխությունները և նորամուծությունները բնականաբար առաջ բերեցին նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում հիմնարար փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։ Լրամշակվող օրենքն ուժի մեջ մտավ 2006 թվականի հուլիսի 1-ին, իսկ մինչ այդ այն դարձել էր Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի խորքային ուսումնասիրության առարկա։
Ելնելով օրենքի պահանջներից՝ Սահմանադրական դատարանը հաջորդիվ ընդունեց իր կանոնակարգը, որը համակարգեց անհատական դիմումների ընդունելության կազմակերպման կարգը, ինչպես նաև սահմանվեցին Սահմանադրական դատարանում դատական ծառայության առանձնահատկությունները։ Հաջորդ տասնամյակում՝ 2005-2015 թվականների ընթացքում, նոր լիազորություններն իրագործելով՝ Սահմանադրական դատարանը շարունակաբար բարձրացրեց իր դերը Հայաստանի ներպետական կյանքում, իսկ Բարձր դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներից շատերը նոր իրավական ուղենիշներ սահմանեցին ու նպաստեցին համապատասխան օրենսդրական փոփոխությունների կատարմանը։ Այս տասնամյակը նշանավորվեց նաև Բարձր դատարանի միջազգային համագործակցության շեշտակի ընդլայնմամբ, որը Սահմանադրական դատարանը դարձրեց հետխորհրդային տարածքի ու Արևելյան Եվրոպայի ամենից հեղինակավոր ու առաջադեմ դատարաններից մեկը։ Այս համատեքստում իրենց ուրույն տեղն էին զբաղեցնում ամենամյա Երևանյան միջազգային խորհրդաժողովները, որոնք կազմակերպվում էին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ ու Երևանը դարձրել էին սահմանադրական արդարադատության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատություններին վերաբերելի ամենաարդի ու հրատապ հարցերի քննարկման ճանաչված հարթակներից մեկը։ Մյուս կողմից, 2013-2015 թվականներին Հայաստանում տեղի ունեցավ նոր սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկում, որի արդյունքում 2015 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած համապետական մեկ այլ հանրաքվեի արդյունքներով ընդունվեցին սահմանադրական նոր փոփոխությունները։ Այս փոփոխությունների արդյունքում էականորեն մեծացան Սահմանադրական դատարանի լիազորությունները, ներդրվեց նախագահի և փոխնախագահի ընտրության նոր կարգ, ինչը պետք է նպաստեր Բարձր դատարանի ինստիտուցիոնալ անկախության բարձրացմանը։
Կատարված փոփոխություններով ոչ միայն հստակեցվեցին Սահմանադրական դատարանի նախկինում առկա լիազորությունները, այլ նաև Բարձր դատարանն օժտվեց նոր գործառույթներով, մասնավորապես՝ հետայսու Սահմանադրական դատարանն իրավասու է լուծել սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը։ Միաժամանակ, նոր փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրվեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
Որպես ինստիտուցիոնալ անկախության ապահովման երաշխիք և քաղաքական անկախության երաշխավորման մեխանիզմ՝ Սահմանադրության նոր փոփոխություններով ամրագրվեց, որ Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի: 2020 թվականի հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեցին Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունները, ինչի արդյունքում ամբողջ ծավալով կյանքի կոչվեցին Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ հավասարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակները և նրանց պաշտոնավարման ժամկետները, ինչպես նաև հնարավորություն ընձեռելով իրականացնելու Սահմանադրական դատարանի կազմից Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը և ապահովելով Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմի համալրմանը մասնակից բոլոր մարմինների ներգրավվածությունը՝ որպես Սահմանադրական դատարանի ժողովրդավարական լեգիտիմության բարձրացման գործոն։
ցուցադրել ավելին