Հաճախ տրվող հարցեր (FAQ)

Կարո՞ղ է արդյոք ֆիզիկական կամ իրավաբանական անձը դիմել Սահմանադրական դատարան և ո՞ր դեպքում:
Թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք կարող են դիմել Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Արդյո՞ք Վճռաբեկ դատարանի որոշումները ենթակա են բողոքարկման Սահմանադրական դատարանում:
Վճռաբեկ դատարանի որոշումները ենթակա չեն բողոքարկման, այդ թվում՝ Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանում անհատական դիմում ներկայացնելիս ի՞նչ դրույքաչափով է գանձվում պետական տուրքը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարան դիմելու համար պետք է վճարվի բազային տուրքի 30-ապատիկի չափով, այն է՝ 30 000 դրամ 9 0000 500 16 08 հաշվեհամարին (հիմք է ընդունվում այն, որ նույն օրենքի 8-րդ հոդվածով բազային տուրքի չափը սահմանված է 1000 դրամ):
Արդյո՞ք անհատական դիմում ներկայացնելու պարագայում հնարավոր է միջնորդություն ներկայացնել պետական տուրքի վճարումից ազատելու մասին:
Ելնելով գույքային դրությունից՝ դիմողը իրավասու է  Սահմանադրական դատարան միջնորդություն ներկայացնել պետական տուրքի վճարումից ազատելու մասին, և գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշմամբ լուծվում են նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դիմողին պետական տուրքի վճարումից ազատելու հետ կապված հարցերը:
Արդյո՞ք հնարավոր է դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

Հիշեցում. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում դիմումին, և ի՞նչ նյութեր են դրան կցվում:
ա) Ի՞նչ պահանջներ են ներկայացվում դիմումին:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում են դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները: Ըստ այդմ՝ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր` իրավասու անձի կողմից ստորագրված: 
Դիմումում նշվում են`
1) Սահմանադրական դատարանի անվանումը.
2) դիմողի անունը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը), հաշվառման (իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրի) կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից. եթե դիմողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով` դիմողի ներկայացուցչի անունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.
3) Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում.
4) Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.
5) Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որն ընդունել է վիճարկվող ակտը.
6) դիմումին կցվող նյութերի ցանկը:
 
բ) Ի՞նչ նյութեր են կցվում դիմումին:
Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերով ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների դեպքում դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև`
1) օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին.
2) ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը.
3) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
4) իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
5) որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի՝ անձը հաստատող և փաստաբանի կարգավիճակի մասին հավաստող փաստաթղթի պատճենները.
6) որպես ներկայացուցիչ հանդես եկող` բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձի` անձը հաստատող փաստաթղթի և բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը:
 
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝
1. Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են`
1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ.
2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
3) սույն օրենքով նախատեսված դեպքերում` դիմումի հիմնավորվածությունը հավաստող ապացույցները.
4) դիմողի հայեցողությամբ` գործին առնչվող այլ նյութեր:
 
Ո՞վ կարող ներկայացնել կողմին Սահմանադրական դատարանում:
Անձը կարող է իր շահերը Սահմանադրական դատարանում պաշտպանել իւնչպես ինքնուրույն, այնպես էլ ներկայացուցչի միջոցով:
Սահմանադրական դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք` պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը, որի լիազորությունները հավաստված են օրենքով սահմանված կարգով:
Արդյո՞ք հնարավոր է հետ վերցնել Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանդրական օրենքի 30-րդ հոդվածը կարգավորում է քննարկվող հարցը, ըստ այդմ՝  սահմանադրական դատարան ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչև գործի դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ Սահմանադրական դատարան դիմելը դիմողի պարտականությունն է:
Սահմանադրական դատարանը կարող է մերժել այն դիմումը հետ վերցնելը, որի հիման վրա գործ է ընդունվել քննության, եթե գտնում է, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրային շահերից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ դիմումից հրաժարվելը հանգեցնում է գործի քննության կարճման:
Ո՞ր դեպքերում է Սահմանադրական դատարանը մերժում գործի քննությունը:
Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժում է`
1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին.
2) եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան.
3) եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում.
4) եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
5) եթե վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողությունը դադարել է, և այն չի կիրառվել կամ ենթակա չէ կիրառման.
6) երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ի՞նչ ժամկետում է Սահմանադրական դատարանը քննում անհատական դիմումով գործը:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա վարույթ ընդունված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիu հետո: Uահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամuով։ 
Արդյո՞ք հնարավոր է ներկա գտնվել Սահմանադրական դատարանի նիստերին:
Որպես կանոն Սահմանադրական դատարանում գործի դատաքննությունը դռնբաց է: Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը Սահմանադրական դատարանի նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված աշխատակարգային որոշմամբ:
Ինչ վերաբերում է դռնփակ նիստին, ապա դրան ներկա լինելու իրավունք ունեն դատավարության կողմերը, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման, ինչպես նաև եզրակացության եզրափակիչ մասերը բոլոր դեպքերում հրապարակվում են դռնբաց նիստում:

Ի՞նչ իրավունքներ ունի կողմը Սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝
1. Կողմերն իրավունք ունեն՝
1) ծանոթանալու գործի նյութերին, անելու քաղվածքներ.
2) ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր.
3) գործի առնչությամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը.
4) հարցեր տալու մյուս կողմին, նրա ներկայացուցչին, փորձագետին, վկային.
5) միջնորդություններ հարուցելու, առաջարկություններ անելու, առարկություններ ներկայացնելու։
Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները ի՞նչ ժամկետում են առաքվում դատավարության կողմերին:
Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները դատավարության կողմերին են առաքվում դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
Ե՞րբ են ուժի մեջ մտնում Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները:
Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից։
Որտե՞ղ են հրապարակվում Սահմանադրական դատարանի որոշումները:
Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները հրապարակվում են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում:
Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա՞ են արդյոք բողոքարկման:
Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն: