Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1 (109) 2023

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Շ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամփոփագիր

Տեղեկատվական ոլորտը, ունենալով հասարակական կյանքը համակարգող և կարգավորող կարևոր գործառույթ, ակտիվորեն ազդում է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) անվտանգության քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բաղադրիչների վրա: ՀՀ ազգային անվտանգությունն էականորեն կախված է տեղեկատվական անվտանգության ապահովումից, և այդ կախվածությունը մեծանում է գիտատեխնիկական առաջընթացին համընթաց: Այսօր տեղեկատվական հոսքերը նոր բնույթի սպառնալիքներ և մարտահրավերներ են ներկայացնում պետություններին, ինչը պահանջում է տեղեկատվական դաշտում գործել այնպիսի կանոններով, որոնց մեջ վճռորոշ են տեղեկատվական հոսքերի համակարգումը, վերահսկումը և անվտանգությունը, ինչպես նաև ապատեղեկատվության տարածման և հավաստի տեղեկատվության արգելափակման միջոցով հասարակական կարծիքի խեղաթյուրման կանխարգելումը և այլն:
 Այսօրինակ իրողությունների պայմաններում պետությունների անվտանգության համակարգում ռազմավարական նշանակություն է ստանում նաև պետության անվտանգության ապահովումը տեղեկատվական ոլորտում:
 Սույն հոդվածը նվիրված է արտակարգ իրավիճակներում տեղեկատվական անվտանգության իրավական ապահովման հիմնահարցերի ուսումնասիրությանը։ Ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունը թույլ է տվել բացահայտել, որ արտակարգ իրավիճակներում ՀՀ տեղեկատվական անվտանգության նորմատիվ իրավական ապահովումը՝ որպես տեղեկատվական ոլորտում ՀՀ ազգային շահերի սպառնալիքներին դիմակայելու իրավական կարգավորման միասնական համակարգ, բավարար չափով զարգացած չէ։ Վեր են հանվել մի շարք հիմնահարցեր, որոնց կարգավորումը հնարավոր կդառնա օրենսդրական բարեփոխումների արդյունքում:
Հիմնաբառեր. ազգային շահեր, տեղեկատվական անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, տեղեկատվական սպառնալիքներ, իրավական ապահովում, հիմնահարցեր, ռազմավարություն:

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.1-71