Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 3 (111) 2023

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵՎ ԴՐԱ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հ. ՂԱԶԱՐՅԱՆ

Ամփոփագիր

Խորհրդային կարգերի փլուզումից հետո մեր երկրում սկսվեց հարուստ փորձ ունեցող այլ պետություններից տարաբնույթ իրավական ինստիտուտների տեղայնացման գործընթացը:
Գաղտնիք չէր, որ նոր անկախացած Հայաստանը սեփական իրավական ռեսուրսներով չէր կարող լուծել երկրում օրեցօր խորացող և առաջնային լուծում պահանջող հարցերը: Մինչդեռ նույն ժամանակահատվածում արևմտյան մի շարք երկրներ արդեն ունեին գիտագործական երկարամյա և արդյունավետ իրավական համակարգ, որը նոր անկախացող երկրները պետք է հնարավորինս շուտ տեղայնացնեին` մարտահրավերներին դիմագրավելու և ժողովրդավարական պետությանը հարիր կառավարման համակարգ ունենալու համար: Սակայն արտերկրի իրավական մշակույթը տեղայնացնելու գործընթացը պետք է զգուշությամբ կատարվեր, անհրաժեշտաբար պետք է նկատի առնվեին տվյալ երկրի ազգային, մշակութային, կրոնական, պատմական առանձնահատկությունները: Ինքնին հասկանալի է, որ օտարերկրյա ինստիտուտների գործելաոճի մեխանիկական ներդրումը հղի է մի շարք բացասական հետևանքներով: Սույն հոդվածում կատարվել է հայեցողական վարչական ակտերի նկատմամբ վարչական ընթացակարգային նորմերի սահմանափակ կիրառելիության մասին եզրահանգում, հատկապես հայեցողության այնպիսի տեսակների մասին, ինչպիսիք են «իրավական անորոշ հասկացողությունները» և «հայեցողական ընտրությունը» (երբ վերջինս ենթադրում է փաստացի հանգամանքների բովանդակալից գնահատականը): Նման իրավիճակից ելքը դատական հսկողության արդիականացումն է, դրա առարկայի ընդլայնումը, ինչպես նաև դատական ստուգման խորությունը` կախված հայեցողության տեսակներից և իրավաչափության (համաչափության) սկզբունքի ակտիվ կիրառումից:
Հիմնաբառեր. վարչական ակտ, հայեցողություն, դատական ստուգում, ընթացակարգ, նախադեպ, բողոքարկում, դատական հսկողություն, օրենսդրական բաց:
 

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.3-180