Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1 (109) 2023

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամփոփագիր

Դատական իշխանության բնականոն և արդյունավետ գործունության համար էական նշանակություն ունեցող հարցերից մեկը կապվում է դատավորների անհատական գործունեության գնահատման ինստիտուտի հետ։ Վերջինս, իր հերթին, ուղղակիորեն առնչվում է երկու կարևորագույն սկզբունքպահանջների հետ՝ մի կողմից դատավորների անկախության պաշտպանություն, մյուս կողմից՝ արդարադատության որակի բարելավում։
Ըստ այդմ, յուրաքանչյուր համակարգում, որտեղ ներդրվում է դատավորների անհատական գործունեության գնահատումը, զուգահեռաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի դատավորների անկախության երաշխիքների ապահովմանը, ինչը հիմնականում կապվում է հետևյալ կարևոր հարցերի հետ՝ գնահատման հիմքում դրվող չափանիշներ, գնահատման պարբերականություն, գնահատումն իրականացնող մարմին և գնահատման հետևանքների ազդեցություն դատավորի վրա։ 
Հայաստանի Հանրապետությունում դատավորների անհատական գնահատումը նոր ինստիտուտ է, որը կարգավորում է ստացել 2018 թվականի «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և պրակտիկ կիրառություն ստացել 2020 թվականից՝ միայն գնահատումն իրականացնող իրավասու մարմնի ձևավորումից հետո։ 
Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրության ենթարկել դատավորների գործունեության անհատական գնահատման նպատակները, եղանակներն ու գնահատման հիմքում դրվող չափանիշները, ինչպես նաև դրա գործառնական նշանակությունը՝ ընդունված միջազգային չափանիշների և Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրական կարգավորումների համեմատական վերլուծության համատեքստում։ Վերջինիս հիման վրա հնարավոր կլինի վեր հանել ներպետական օրենսդրության հնարավոր խնդրահարույց կարգավորումներն ու պրակտիկայի մարտահրավերները, որոնք ունակ են մի կողմից խոչընդոտներ ստեղծել դատավորների անկախության համար, մյուս կողմից՝ նվազեցնել գնահատման արդյունավետությունը։ 
Հիմնաբառեր. դատական իշխանություն, դատավորի գործունեության անհատական գնահատում, դատական իշխանության և դատավորների անկախության ապահովում, գնահատման նպատակ ու հետևանք, գնահատման հիմքում դրվող չափանիշ։
 

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.1-124